Կրկեսը կդառնա լավագույն մշակութային օջախներից մեկը


 

Երևանի պետական կրկեսի ճակատագիրը հավանաբար շատերին է մտահոգում: Դեռևս 1962-ին կառուցված շենքը երբեք չէր վերանորոգվել: Եվ հատկապես վերջին տարիներին շենքային պայմանները մեղմ ասած` չէին բավարարում ժամանակակից կրկեսային արվեստի պահանջներին: Իսկ ավելի ստույգ` շինությունն անմխիթար վիճակում էր` սկսած արտաքին անշուք տեսքից: Անցյալ տարվանից սկսված հիմնանորոգման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Ի՞նչ տեսքով է հառնելու նոր կրկեսը: Այս հարցով դիմեցինք կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ: Եվ մեզ հետաքրքող թեմայից զատ, սիրով նա մեկ այլ ուրախալի նորությունով «Ավանգարդի» հետ առաջինը կիսվելու իր պատրաստակամությունը հայտնեց:

- Սոս Պետրոսյան-կրտսերն օրերս կայացած միջազգային մրցույթում ճանաչվել է լավագույնը` մեկ անգամ ևս մեր երկրի անունը հնչեցնելով միջազգային հարթակում: Փաստն իսկապես ուրախալի է բոլորիս համար: Որպես կրկեսի գեղարվեստական ղեկավար և առաջին հերթին որպես պապիկ` ինչպիսի՞ տպավորություններով վերադարձաք:

- Ընդամենը 2 օր առաջ եմ վերադարձել Հռոմից, որտեղ ներկա էի աշխարհի աճպարարների միջազգային մրցույթին: Իսկ մրցույթի նախաձեռնողն ու կազմակերպիչն իտալական ամենահեղինակավոր հեռուստաալիքներից մեկն է: Նախապես ընտրվել էին տարբեր երկրներից ժամանած շուրջ 3000 աճպարարներ, որոնցից, սակայն, մրցույթին մասնակցելու հնարավորություն ստացավ միայն 110-ը: Հայաստանից հրավիրված էի ես և ներկայացնում էի հայկական կրկեսը: Մրցույթին մասնակցում էր նաև թոռնիկս` Սոս Պետրոսյան կրտսերը, ով ի ուրախություն մեզ` ստացավ գլխավոր մրցանակը: Մի հարց է սակայն ինձ մտահոգում: Երբ մեր հայրենակիցները հաջողության են հասնում ցանկացած մրցույթում, հայկական հեռուստաալիքներն անպայման ցուցադրում են դրանք: Ցանկությունս մեծ է, որ այն ևս ցուցադրվի, քանի որ իսկապես աննախադեպ միջոցառում էր: Ուրախալի է նաև այն փաստը, որ մրցույթի բացման պատիվը վերապահված էր Սոս և Վիկտորիա Պետրոսյաններին, ովքեր ներկայացրին իրենց` Գինեսի ռեկորդակիր համարը: Ի դեպ` փոքր թոռս` Տիգրանը, ևս մասնակցում էր միջոցառմանը և հատուկ մրցանակ ստացավ, սակայն մրցույթից դուրս` տարիքից ելնելով: Իսկապես շքեղ միջոցառում էր, բավական ուսանելի: Եղել եմ աշխարհի տարբեր երկրներում, մասնակցել 18 միջազգային մրցույթների, սակայն սա անհամեմատելի էր: Անձամբ ես շատ բան սովորեցի, և անշուշտ սովորածս կկիրառվի նաև մեր կրկեսում` վերաբացումից հետո: Ժյուրիի անդամները աճպարարության` աշխարհի գերաստղերն էին` Ուրի Գելլեր, Տոպազ, Ալոնսո... Չափազանց հուզիչ էր հատկապես վերջին փուլը, երբ մնացել էին Միացյալ Թագավորության ներկայացուցիչ Ստերլինգը և Սոսը: Ես, որպես պապիկ, նստել էի առաջին շարքում, և անսահման էին հուզմունքս ու հպարտությունս: Թոռնիկս նախկինում ևս գլխավոր մրցանակներ է նվաճել` Չինաստանում, Մոնտե-Կառլոյում, Փարիզում, սակայն դրանք բոլորն ընդհանուր կրկեսային մրցույթներ էին, իսկ այստեղ իրենց ուժերն էին փորձում միմիայն աճպարարները: Որպես մրցանակ` նա Լաս- Վեգասի ուղեգիր ստացավ, որտեղ մեկ ամիս շարունակ հանդես կգա իր ելույթներով` համագործակցելով տեղի շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ: Հիշեցնեմ, որ սա փակ մրցույթ էր, հեռուստատեսային նախագիծ, որը իտալական հեռուստաալիքով եթեր կհեռարձակվի սեպտեմբերից:

- Ի՞նչ փուլում են կրկեսի շենքի վերանորոգման աշխատանքները: Ինչպիսի՞ կրկես կունենանք:

- Մեր կրկեսը նախորդ տարվա օգոստոսից փակվեց` վերանորոգման նպատակով: Անչափ ուրախ եմ, որ կարողացանք վերջապես ֆինանսական գործընկեր գտնել` հանձին «Տաշիր գրուպի»` Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ: Շատերը, տեսնելով, որ կրկեսից ֆինանսական շահ հետագայում չեն ունենա կամ չեն կարող բիզնեսի վերածել, հրաժարվում էին: Կրկեսը կբացվի հաջորդ տարեվերջին կամ միգուցե մի փոքր ավելի ուշ, քանի որ չափազանց աշխատատար և բարդ գործընթաց է: Պետք է գնանք Մոսկվա` խորհրդակցելու կրկեսային ճարտարապետների հետ: Իսկ ես` որպես կրկեսի գեղարվեստական ղեկավար, կանեմ ամեն ինչ, որ այն վերաբացումից հետո դառնա մշակութային ամենակարևոր օջախներից մեկը: Լինելու է ժամանակակից կրկես` բոլոր չափանիշներին համապատասխան: Նախկինում չենք ունեցել կրկես` սառույցի վրա կամ ջրի մեջ: Դրանք ևս իրականություն կդառնան, նոր կենդանիներ կբերվեն: Հնարավոր կլինի այստեղ զանգվածային միջոցառումներ կազմակերպել և ոչ միայն կրկեսային. նաև` շոու ծրագրեր, մարզական միջոցառումներ և այլն: Մեր հնարավորությունները լիովին թույլ կտան: Իսկ հարևանությամբ մանկական այգի կլինի:

- Շուրջ 2 տարի առաջ մեր հարցազրույցի ժամանակ ասացիք, որ Ձեր ամենամեծ երազանքը կրկեսը վերանորոգված տեսնելն է: Կարելի է ասել, որ այդ երազանքն իրականացման ճանապարհին է: Դրանից զատ` նպատակ ունեիք բոլոր հայ դերասաններին հավաքել մի տանիքի տակ…

- Այո, դա իսկապես երազանք էր: Հիմա արդեն հավատում եմ, որ կրկեսը մոտ ապագայում դառնալու է լավագույն մշակութային օջախներից մեկը: Նախատեսել ենք 2014-ին Երևանում միջազգային մրցույթ անցկացնել: Իսկ ինչո՞ւ ոչ: Թատերական փառատոներ ու մրցույթներ կազմակերպվում են, իսկ կրկեսային երբեք չի եղել: Նաև կրկեսի բացման ծրագիրն ենք նախապատրաստում, որը դեռ քննարկման փուլում է: Կրկեսային բոլոր հայ դերասանները կհավաքվեն մեկ հարկի տակ, ելույթ կունենան, ապա հայկական կրկեսի հարուստ ավանդույթները կշարունակեն ներկայացնել աշխարհին:

- Կարելի է ակնկալել, որ կրկեսի նկատմամբ հետաքրքրությունն ու նաև այցելուների թիվը կմեծանա:

- Անշուշտ: Վերջին տարիներին մի կերպ ենք գոյատևել: Ելույթի ժամանակ երբեմն տանիքը կաթում էր, իսկ ձմռանը դրսում ավելի տաք էր, քան շենքի ներսում: Մարդիկ վերարկուներով էին դիտում ներկայացումը: Սակայն անգամ այդ պայմաններում գալիս էին: Միանշանակորեն հետաքրքրությունը կմեծանա: Այսօր կրկեսային արվեստի զարգացման համար ոչ մի լումա չի ներդրվում, մինչդեռ սպորտային միջոցառումների համար միլիոնավոր ու նույնիսկ միլիարդավոր դոլարներ են ծախսվում: Չնայած իմ նկարագրած պայմաններին` կրկեսը մշտապես գործել է` անգամ պատերազմի տարիներին: Ի դեպ` այս օրերին ևս մեր աշխատանքները չեն դադարեցվել: Լեոնիդ Ենգիբարյանի անվան ստուդիա-դպրոցն իր գործունեությունը շարունակում է վարձակալած տարածքում:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ