Էյֆորիա` ոչնչից


Հայտնի ասույթ կա` «գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում»: Աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից Հայաստանը հայտնվեց ոչ թե մեկ, այլ երկու «գետանցում» կատարելու պարտադրանքի առջև: Եվ հենց այդ ժամանակ էլ հայտնի ասույթի տրամաբանությանը հակառակ, հետևեց վարչապետի հրաժարականը: Առաջին «գետանցումը» արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունն էր, երբ ՀՀ-ն որոշում կայացրեց մտնել Մաքսային Միության կազմ: Երկրորդը` Ուկրաինական դեպքերի կապակցությամբ` Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների ծայրահեղ սրման և «սառը պատերազմի» պայմաններում մեր երկրի դիրքորոշման ճշգրտումն է, ինչը չափազանց դժվար և վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել, եթե ՀՀ-ն իր «դիրքը» չափազանց զգուշորեն «չկառուցի»:

Արդեն նախկին դարձած վարչապետը խիստ յուրահատուկ ֆիգուր էր ընկալվում թե´ Ռուսաստանում, թե´ Արևմուտքում: Մինչև Մաքսային Միություն մտնելը, Տ. Սարգսյանին Արևմուտքը միանշանակ համարում էր «իր մարդը»: Նա Արևմուտքի վստահությանը արժանացել էր շատ վաղուց, դեռ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում: Դժվար է ասել, Մաքսային Միություն մտնելու հարցում առանցքային դերակատարում ունեցած Տ. Սարգսյանը լիովին կորցրեց Արևմուտքի վստահությունը, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, որքան էլ դիվանագիտական նրբերանգներով քողարկված, այնուամենայնիվ Տ. Սարգսյանի նկատմամբ մեծ վստահություն դժվար թե ունենային ՌԴ իշխանությունները: Իր մարդկային տեսակով և որակով` նախկին վարչապետին ռուսները ընկալում էին որպես արևմտյան արժեհամակարգի կրող: Եվ, չէին սխալվում: Նրանց վերաբերմունքն ու տեսակետը պետք է, որ մեծ փոփոխություններ չկրեր նույնիսկ ՀՀ-ի Մաքսային Միություն մտնելու որոշումից հետո:

Մի խոսքով, եկավ մի պահ, երբ նախկին վարչապետը հավասարապես անվստահելի դարձավ թե´ Արևմուտքի, թե´ Ռուսաստանի կողմից: Եվ այդ պահը Սահմանադ րական դատարանի որոշումն էր կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ, որի երաշխավորը Արևմուտքը համարում էր Տ. Սարգսյանին: Թերևս, իսկապես, ոչ թե ՀՀ նախագահն է պարտադրել, այլ հենց ինքը` վարչապետն է հոժարակամ որոշում կայացրել հրաժարական տալու:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պարտադիր թոշակային կուտակման համակարգին անցնելը Եվրոպայի պահանջն էր, եթե կուզեք` հարկադրանքը: Եվ այդ ծանր բեռը Արևմուտքը դրել էր Տ. Սարգսյանի ուսերին: Կա´մ նա պետք է դա իրականացներ, կա´մ Եվրոպայի առջև «սևերես» լիներ, և արժանապատվության մնացորդը Եվրոպայում չկորցնելու համար հրաժարական տար: Ինչը և արեց:

Բավական ուշագրավ, բայց ինչ-որ առումով անհասկանալի էր ընդդիմադիր ուժերի և ժողովրդի զգալի հատվածի արձագանքը վարչապետի հրաժարականին: Իհարկե, հասկանալի և օրինաչափ էր, որ ոչ իշխանական քաղաքական ուժերն ու հասարակությունը գոհունակությամբ էր վերաբերվելու այդ փաստին: Բայց ոգևորության և խանդավառության այդպիսի մեծ ալիքը այնքան էլ տրամաբանության շրջանակներում չի տեղավորում: Բանն այն է, որ հասարակությունը և ընդդիմությունը նախորդ 11 վարչապետներից էլ շատ դժգոհ է եղել և մեղադրել է եղած ու չեղած բազմաթիվ մեղքերի մեջ: Բայց նրանց պաշտոնաթողությունից հետո այսպիսի մեծ ցնծություն չի ապրել: Եվ դա այն դեպքում, երբ Տ. Սարգսյանը իր նախորդների հետ համեմատած` բոլորովին էլ վատագույնը չէր: Թերևս այդ աննախադեպ էյֆորիայի առաջացմանը նպաստեց ընդդիմադիրների «ներարկած» այն թյուրըմբռնումը, թե ՀՀ նախագահը, իբր այնպիսի ահուսարսափի մեջ է ապրիլի 28-ին չորս քաղաքական ուժերի ձեռնարկելիք զանգվածային բողոքի ակցիաներից, որ ստիպված էր վարչապետին քավության նոխազ դարձնել: Իսկ ՀԱԿ ակտիվիստ, պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, թե Տ. Սարգսյանի հրաժարականը իշխանափոխության առաջին փուլի հաջող և հաղթական ավարտն է կանխանշում: Կարելի է այդպես կարծող ընդդիմադիրներին այսպիսի հարց ուղղել: Այդ ի՞նչ կրիտիկական զանգված եք կարողացել դուրս բերել Հայաստանի «Մայդան», որ իշխանությունները սարսափից «փուլ առ փուլ» հրաժարական տան: Ի՞նչ է, իշխանություննները չե՞ն հասկանում իբր համախմբված քաղաքական չորս ուժերի գաղափարական անհամատեղելիության աստիճանը և նրանց ձեռնարկելիք բողոքի ակցիաների անհեռանկարայնությունը:

Վերլուծաբանների զգալի մասը պնդում է, որ Կառավարության կազմում զգալի փոփոխություններ կլինեն: ՀՀ նախագահը նույնպես նշեց, որ կառավարությունում էական փոփոխություններ են սպասվում: Ասել է թե` էական փոփոխություններ պետք է ակնկալել բոլոր ոլորտներում: Ի դեպ, ուշագրավ է, որ իր պաշտոնավարման վեց տարիների ընթացքում ՀՀ նախագահը երբեք կադրային «ջարդ» չի իրականացրել: Ուրեմն, առաջիկայում մենք կունենանք առնվազն 3-4 նոր նախարար: Այսուհանդերձ, առաջիկայում մեր երկրի ո´չ տնտեսական, ո´չ քաղաքական կյանքում կտրուկ բեկումնային իրադարձություններ և տեղաշարժեր հազիվ թե լինեն:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ