Խաղը բարդանում է


Զանգվածային էլեկտրոնային լրատվամիջոցները, հղում կատարելով իրանական «Ֆարս» գործակալությանը, տեղեկացնում են, որ վերջերս Չինաստանի Հուբեյ գավառի կոմկուսի քարտուղար Լի Խունչժուն Թեհրան այցի ընթացքում հայտարարել է, թե անհրաժեշտ է ստեղծել 21-րդ դարի Մետաքսի ճանապարհը: Այն Իրանի տարածքով կանցնի Կովկաս` այնտեղ ուղղելով չինական արտադրանքը: Իհարկե, սա չի նշանակում, թե հենց վաղը կսկսվի այդ ճանապարհի կառուցումը, սակայն սա խոսում է այն մասին, որ մեր տարածաշրջանում ի դեմս Չինաստանի հայտնվում է ևս մի հզոր «խաղացող», որի շահերի հետ հաշվի չնստել չեն կարող:

Չինաստանը միշտ է շահագրգիռ եղել հզոր Հայաստանի գոյությամբ` որպես դեպի Չինաստան թուրքական ցեղերի ճանապարհը փակողի: Թեև չի հստակեցվում, թե Իրանից հետո կոնկրետ որ երկրով պետք է անցնի 21-րդ դարի Մետաքսի ճանապարհը, բայց թերևս շատերի համար է պարզ, որ ամենահարմար երկիրը Հայաստանն է` Արցախի հետ միասին:

Լի Խունչժուի այս հայտարարությունը դեռևս ընդամենը ցանկություն կամ ծրագիր լինելու մակարդակից այն կողմ չի անցնում, բայց խոսում է տարածաշրջանում Չինաստանի լրջագույն դերակատարություն ունենալու ձգտման մասին: Մետաքսի ճանապարհը բխում է նաև մեր կենսական շահերից: Այն Հայաստանի համար կդառնա տնտեսական զարգացման ու բարգավաճման, անկախ պետականության ամրապնդման երաշխիք: Ու հենց այստեղ է, որ հարց է առաջանում. ինչպե՞ս կնայի այդ ամենին ներկայիս մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը: Վերջինս խեթ աչքերով է նայել Իրան-Հայաստան լայն տրամաչափի գազատարի կառուցմանը, քանի որ մեր երկրով Եվրոպային իրանական գազի տարանցումը հակասում է իր շահերին` մրցակից առաջացնելով ռուսական գազին:

Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհը, բնականաբար, անմիջական ազդեցություն չի ունենա ռուսական գազի իրացման վրա:

Բայց ՀՀ անկախության, միջազգային դիրքի բարձրացման երաշխիք հանդիսանալով, այն կարող է նպաստել մեր երկրի ինքնուրույն որոշումներ կայացնելուն, ինչը մետրոպոլիայի քիմքին հաճելի լինել չի կարող: Լիարժեքորեն ինքնուրույն պետությունը հեշտությամբ կառավարվող, զուտ կրեմլյան շահերին ծառայող չի լինի: Առավել ևս, երբ խոսվում է որպես Մետաքսի ճանապարհի մաս նաև Արցախը ներառելու մասին: Այսօր Կրեմլի մունետիկները առիթը բաց չեն թողնում` Արցախում ռուսական խաղաղարարներ տեղադրելու անհրաժեշտությունից խոսել: Ռուսաստանին օդ ու ջրի պես պետք է Արցախում ռազմական ներկայություն հաստատելը, քանզի այդպիսով ինքը հնարավորություն կստանա վերահսկել ողջ տարածաշրջանը:

Հետաքրքիր զուգադիպությամբ, եթե մեծ քաղաքականության մեջ այդպիսիք հնարավոր են, Մետաքսի ճանապարհի մասին հայտարարությունից շատ չանցած, ասուլիս է հրավիրում Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը: Ըստ էության, դեսպանը նոր բան կարծես թե չասաց: Հերթական անգամ նա խոսել է Հայաստանով իրանական գազի տարանցման, մեր երկրին դրանից սպասվող շահի, Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը Իրանի կողմ լինելու մասին: Այս ամենում հետաքրքիր է, որ Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը հերթական անգամ շեշտում է` Իրանը կտրականապես դե´մ է հակամատության գոտի երրորդ ուժի ներգրավմանը: Կարծես Արցախում ռուսական խաղաղարարների տեղակայման անհրաժեշտության մասին Կրեմլից հնչող համոզումներին ի պատասխան է ՀՀ-ում Իրանի դեսպանը հնչեցնում, որ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման միջազգային մանդատը ԵԱՀԿ-ի մենաշնորհն է:

Ինչ խոսք, այս ամենի համադրումը մեր ռազմավարական գործընկերոջ սրտով չի կարող լինել: Առավել ևս այժմ, երբ Կրեմլը գնալով ավելի է խճճվում Ուկրաինայի առաջադրած խնդիրներում: Դրան գումարվում է նաև Հարավային Կովկասում Մոսկվային լրջագույն մրցակցի` Չինաստանի հայտնվելու հնարավորությունը: Իրոք, խաղը մեր տարածաշրջանում բարդանում է, որից ելքերը բարենպաստ կարող են լինել Հայաստանի համար, եթե իհարկե մեր ռազմավարական գործընկերը անցանկալի այլ անակնկալներ չմատուցի:

Ա. Դ.