Նոր բան ստեղծելու կարիք չկա


Այսօր աշխարհում ամեն ինչ փոփոխվում է, աշխարհը թևակոխել է անկայունության փուլ. Ուկրաինա, Մերձավոր Արևելք: Թվում է` նշված տարածաշրջաններում կատարվող վայրիվերումները հեռու են մեր փոքրիկ պետությունից: Բայց պարզվում է` դրանք սերտորեն առնչվում են մեզ. արագ փոփոխվող աշխարհում մեր տեղի, մեր դերի շուրջ է զրույցը «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա ՊԱՊՅԱՆԻ հետ:

- Այսօր աշխարհաքաղաքական փոփոխությունները որքանո՞վ են առնչվում մեզ հետ և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա: Ի՞նչ նոր մարտահրա վերների կարելի է սպասել:

- Այսօր Միջին Արևելքում տեղի ունեցողն ուղղակի կամ անուղղակի ձևով առնչվում է Հայաստանին: Մենք այդ տարածաշրջանում ունեինք գաղութներ` Սիրիայի հայ համայնքը, Իրաքի հայ համայնքը, որ արտագաղթել են կամ դրա ճանապարհին են, և երբեք չեն վերականգնվի: Դա մեզ համար կորուստ է, որովհետև նրանք այդ տարածաշրջանում ապահովում էին Հայաստանի որոշակի ազդեցությունը: Բայց կա մեզ համար ավելի մեծ վտանգ: Դա ընդհանրապես իսլամի քաղաքականությունն է Միջին Արևելքում և քրդական հարցը: Եթե Միջին Արևելքում ստեղծվի ծայրահեղ իսլամական ինչ-որ վարչակարգեր կամ պետություն, մեզ համար լուրջ խնդիր կառաջանա: Ուղիղ գծով այդ շրջանների և մեր միջև տարածությունն ընդամենը 300-400 կմ է, ինչը շատ չէ: Մեզ համար մյուս մարտահրավերը քրդական հարցն է: Ամենայն հավանականությամբ կստեղծվի քրդական պետություն, ինչը Միջին Արևելքում ամբողջովին նոր քաղաքական իրավիճակ կառաջացնի:

Այդ նոր պետությունն արդյո՞ք չի ներառի նաև Արևմտյան Հայաստանը:

- Դա հնարավորություններից մեկն է: Քրդական շարժումները միմյանց մեջ այդքան էլ համերաշխ չեն: Քրդական ազգ, որպես այդպիսին, ըստ էության չկա: Այն ավելի շատ աշիրաթների, տարբեր ցեղախմբերի միություններ են: Մեր հարևան Ադրբեջանը նույնպես որպես ազգ գոյություն չուներ: Տարբեր թուրքական ցեղախմբեր էին, նույն աշիրաթներն էին, որ սովետի պայմաններում ձևավորվեցին և ինչ-որ ազգ դարձան` մեծ հավակնություններով: Հիմա եթե ուժային կենտրոնները հետաքրքրված են քրդական պետության ստեղծումով, կարող են ստեղծել մի կորիզ, որտեղ կկոնսոլիդացվեն քրդերը և հետո էլ հավակնություններ կներկայացնեն:

Այսօր քրդական պետության ստեղծմամբ շահագրգռված է Իսրայելը, քանի որ քրդական պետությունը հակակշիռ կդառնա արաբական աշխարհին: Մյուս կողմից` Թուրքիան է հավակնում իսլամական աշխարհի առաջնորդը լինել:

Բայց Թուրքիան մինչև հիմա Իսրայելի հետ լավ հարաբերություններ ուներΚ

- Այո, բայց Թուրքիայի խնդիրներն այսօր փոխվել են:

Այսինքն, քաղաքականության մեջ կենսունակ է մնում այն բանաձևը, որ չկան հավերժական թշնամիներ ու բարեկամներ, կան հավերժական շահեր:

- Այո: Եվ Արևմուտքը փորձում է այս տարածաշրջանում Թուրքիային փոխարինող գտնել` որպես իր դաշնակցի: Դրա համար ամենահարմարը քրդերն են: Եվ երկիրը, ուր հիմնականում բնակվում են նրանք, աշխարհագրորեն հարմար դիրք ունի. կարելի է ստեղծել պետություն, որը նաև նավթ ունի, ինչը շատ կարևոր է: Այս հարցում մեզ համար և´ դրական, և´ բացասական կողմեր կան: Իսրայելը նավթ ձեռք է բերում Ադրբեջանից: Եթե սկսի ձեռք բերել Քրդական պետությունից, Ադրբեջանի կարևորությունը կնվազի Իսրայելի համար:

Այդ նույն հողի վրա որքանո՞վ եք հնարավոր համարում Իրանի մերձեցումը Իսրայելի հետ. այսօր կարծես միտումներ կան, որ ՆԱՏՕ-ում Թուրքիային Իրանը կփոխարինի:

- Ամեն ինչ կախված է Միացյալ Նահանգներ և Իրան հարաբերություններից: Եթե այդ հարաբերությունները զարգանալով դառնան բնականոն, Իսրայելն ուզի-չուզի` պետք է հաշտվի Իրանի հետ: Արևմուտքը բացահայտորեն գնում է Իրանի հետ հարաբերությունների բարելավման: Կարծում եմ` այստեղ դեր ունի Ռուսաստանի հարցը, ռուսական նավթի հարցը: Արևմուտքի համար ներկայումս ավելի վտանգավոր է Ռուսաստանը, քան Իրանը, որովհետև Ռուսաստանն արդեն ունի միջուկային զենք, իսկ Իրանն այն դեռ նոր պետք է ստեղծի: Ռուսաստանը 10 տարի առաջ էլ ուներ միջուկային զենք, բայց վտանգավոր չէր, քանի որ Արևմուտքի նկատմամբ հավակնություններ չուներ: Իսկ օրերս ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնչեցվել է, որ Ռուսաստանը հակառակորդ է ընկալվում: Հետևաբար, նավթի գնի իջեցումը ռազմավարական նշանակություն ունի Արևմուտքի համար. եթե նավթի գինը իջնի 60 դոլարի, Ռուսաստանը գոյություն չի ունենա: Ռուսաստանի փողի 85 տոկոսը ստացվում է նավթի ու գազի վաճառքից: Այսինքն, Ռուսաստանին խեղճացնելու համար ԱՄՆ-ը Իրանին կարող է օգնել` եվրոպական շուկայում իր նավթի գնորդ ունենալ:

- Բայց Ռուսաստանն այսօր Սիբիրից Չինաստան գազի արտահանման գազամուղ է կառուցում:

- Այո, բայց եթե անգամ կառուցի, գազի արտահանումը կկազմի Եվրոպայի գազամատակարարման 20-25 տոկոսը, իսկ մնացած 80 տոկոսը ի՞նչ պետք է անի: Ծավալների և ժամանակի խնդիր կա. հնարավոր է, որ մի քանի տարի հետո գազի գինը կտրուկ իջնի` Ռուսաստանի համար շատ տխուր հետևանքներ բերելով: Հիմա ակնհայտ է, որ Արևմուտքը Ռուսաստանի դեմ կռվում է տնտեսական և քաղաքակրթական մեթոդներով: Ոչ ոք չի ցանկանում միջուկային զենք ունեցող Ռուսաստանի հետ զինված բախում սկսել:

- Բացառվո՞ւմ է, արդյոք, որ Ռուսաստանն ինքը դիմի միջուկային զենքի:

- Այնտեղ կարող է այնպիսի վիճակ ստեղծվել, որ ակամայից միջուկային զենք օգտագործվի: Դիցուք, ալկոհոլի ազդեցության տակ մի քանի գեներալ կարող են որոշել ու նման քայլի դիմել: Մենք այդպիսի դեպքերի ականատես եղել ենք նույն Բալկաններում: Վերջիվերջո, ամեն ինչի հիմքը տնտեսությունն է: Տարածք գրավելուց հետո հարկավոր է այն պահել, զարգացնել…

- Որքանո՞վ եք հնարավոր համարում Վրաստանում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության հաստատումը: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այդ ներկայութ յունը տարածաշրջանի, մասնավորապես, Հայաստանի համար:

- Վրաստանը շատ կուզենար դա: Բայց ես չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն կդիմի այդ քայլին: Հյուսիսատլանտյան Դաշինքում որոշումները կոնսենսուսով են ընդունվում: Եթե նման բան լինի, առաջին հերթին կլինի Ուկրաինայում: Արևմուտքը հասկանում է, որ նախկին սովետական տարածքում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի տեղակայումը վերջնականապես փչացնելու է հարաբերությունները Ռուսաստանի հետ: Կարծում եմ` Արևմուտքը դեռևս հույս ունի ինչ-որ կերպ շտկել այդ հարաբերությունները: Արևմուտքը ամբողջ խնդիրը Պուտինի անձի հետ է կապում` հույս ունենալով, որ Պուտինի փոխարեն մեկ ուրիշի գալով հարաբերությունները կշտկվեն: Վերջիվերջո, Ռուսաստանի շահերից չի բխում Արևմուտքին դեմ գնալը: Այս ամենը իր բացասական ազդեցությունն է թողնում Հայաստանի վրա:

Իսկ ո՞րն է ելքը:

Առաջին հերթին մենք մեր ներսում պետք է փոխենք իրավիճակը: Էլի կրկնեմ` առաջին հերթին օրենքի առաջ բոլորը հավասար պետք է լինեն, բիզնեսի համար հավասար դաշտ պետք է լինի… արդար ընտրություններ պետք է լինեն… Նոր բան ստեղծելու կարիք չկա, ամեն ինչ վաղուց հայտնի է:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ