«Երբևիցե ժամանակակից ազգ չենք դառնա, եթե...»


Օրեր առաջ Ռուսաստանի հայերի միություն համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը բաց քննարկում էին նախաձեռնել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարներն ու հնարավորությունները» թեմայով: Միջոցառումից հետո հիշյալ թեմայի շրջանակում զրուցեցինք Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, ՀԴԿ նախագահ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

-Կարծիք կա, որ Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացումը չի բխում Ռուսաստանի շահերից, քանի որ ԱԷԿ-ի արտադրածի չափով պակաս էլեկտրաէներգիա կպահանջվի` ռուսական թանկ գազով արտադրվող էլ.էներգիա ստանալու համար:

Այսինքն, կպակասի վաճառվող գազի ծավալը:

- Այդ կարծիքը հարց է առաջացնում` իսկ ինչո՞ւ է Ռուսաստանը երկարաձգում Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև քսանվեց թվականը:

Ատոմակայանի վերագործարկման ծրագիրը կազմված է, և գործողությունը սկսվում է, որի համար Հայաստանին երեք հարյուր մլն. ԱՄՆ դոլար վարկ է հատկացվում: Մինչև այս շատերը չէին հավատում, որ կլինի մինչև տասնվեց թիվը, հիմա ասում եմ` երկարաձգվում է մինչև քսանվեց թվականը, էլի՞ կասկածում եք… Տրամաբանությունն է անհասկանալի. ինչո՞ւ ձեռնտու չպետք է լինի, եթե ինքն է տնօրինում ու ինքն էլ վաճառում է այդ էլեկտրաէներգիան: Ինչ վերաբերում է գազի սպառման ծավալներին, ստանում ենք այնքան, ինչքան ստացել ենք առ այսօր: Իսկ Ռուսաստանից ստացվող գազի վերաբերյալ կնքված պայմանագիրն իսկապես խայտառակ պայմանագիր է: Ես համարում եմ, որ իրեն հարգող չինովնիկը այդպիսի պայմանագրի տակ իր ստորագրությունը չպիտի դներ: Բայց Ռուսաստանը չի մեղավոր: Հայերը նույնիսկ ստորակետ չեն փոխել այդ պայմանագրի մեջ: Հայկական ամենավատ սովորությունն այն է, որ ոչ թե մտածում է ինչպես անի, որ ավելի լավ լինի` աշխատի, իր կառավարությանը, իշխանություններին պարտադրի, այլ մտածում է` ինչպես անի, որ ուրիշից ավելի շատ կորզի, դրա հաշվին ավելի լավ ապրի: Սա հոգեբանության ամենավատ դրսևորումն է: Ռուսաստանը իր շահերն է պաշտպանում, դուք էլ ձերը փորձեք պաշտպանել: Եվրամիությունն էլ նույն կերպ է աշխատում մյուս սուբյեկտների հետ: Բուլղարիայի, Ռումինիայի. Մերձբալթյան երեք հանրապետությունների այսօրվա վիճակին նայեք. հիմնականում երիտասարդությունը աշխատանք չլինելու պատճառով հեռացել է երկրից:

Մեր երկիրը Եվրամիության չափանիշերին չի համապատասխանում: Քսաներեք տարում չենք կարողացել մի քայլ էլ բարձրանալ, որ հետխորհրդային երկրների մակարդակից մի քիչ բարձր լինենք: Ուրեմն, ի՞նչ գործ ունենք այնտեղ, եթե չենք կարողանալու գոնե հավասար լինել:

- Բայց չէ՞ որ ավելի բարձր մակարդակի հետ մրցակցությունը կարող է նպաստել մակարդակի բարձրացմանը:

- Բանն էլ այն է, որ չենք մրցակցում: Լիտվան, Էստոնիան շատ ավելի առաջ էին, շատ ավելի պատրաստ էին շուկայական հարաբերություններին, բայց նրանք էլ չդիմացան: Քսաներեք տարի շարունակ թալանվել է էս երկիրը…

- Այդ դեպքում առաջարկում եք մտնել մեկ այլ միության մեջ, որը շատ անգամ հետամնա՞ց է:

- Չեք ցանկանում` մի մտեք, տեսնեմ` ի՞նչ եք անելու… մեկուսացած մնացեք… Հիմա մեզ հնարավորություն են տալիս, ասում են` եկեք այս մեծ շուկան վերցրեք: Եվրոպական շուկան կարո՞ղ էիք վերցնել:

- Դուք հիշատակել էիք Հայաստան-Իրան երկաթուղու գործարկման շահութաբերությունը: Բայց վերջերս, երբ ՌԴ նախագահ Վ. Պուտինը Հայաստանում էր, անդրադարձավ այդ հարցին` ասելով, որ այդ երկաթգծի կառուցումը նպատակահարմար չէ:

- Մեր առաջարկությունը Հայաստան-Իրան նոր երկաթգծի կառուցումը չի եղել: Մենք առաջարկել ենք ամեն գնով բացել Աբխազիայի երկաթգիծը և, որ Նախիջևանով երկաթգիծը դուրս գա Իրան: Եվրոպան, Ռուսաստանը, Հայաստանը, բոլորը շահագրգիռ են այդ տարանցիկ ճանապարհը բացելու: Սա Եվրոպայից մինչև Պարսից ծոց միակ ցամաքային ճանապարհն է: Այդ նախագիծը կար դեռևս 1998 թվականից: Տասնվեց տարի կորցրեցինք: Որովհետև ինչ-որ մեկին դա ձեռնտու չէր: Անգլիայի դեսպանն ինձ հարցրեց, թե չե՞նք համաձայնի, եթե ճանապարհը անցնի ոչ թե Աբխազիայով, այլ Թուրքիայով: Ասացի` կհամաձայնվենք, եթե Աբխազիայի ճանապարհը նույնպես աշխատի: Միմյանց հասկացանք ու ժպտացինք… Այն ժամանակվանից ամեն ինչ արվում էր, որպեսզի Ռուսաստանը մեկուսացվի այս տարածաշրջանում: Մենք էլ ասում էինք, որ Ռուսաստանի հետ պետք է ունենանք կայուն կապ: Բոլորն են հասկանում, որ Զանգեզուրով դեպի Իրան երկաթգիծ կառուցելը տնտեսապես ծանր գործ է: Հաշվարկը ցույց տվեց, որ դա հինգ միլիարդ ԱՄՆ դոլար կարժենա: Մեր հաշվարկով ամսական յոթհարյուր հազար տոննա բեռ կանցնի աբխազական երկաթգծով: Իրանը ամեն ինչ կանի, որպեսզի Նախիջևանով երկաթգիծն աշխատի: Ռուսաստանը պլանավորել է ևս 500 միլիոն ԱՄՆ դոլար ներդնում կատարել մեր երկաթգծի համար:

- Մի երկու ամիս առաջ Չինաստանի նահանգներից մեկի կոմկուսի քարտուղարը Թեհրանում խոսել է մետաքսի ճանապարհի վերագործարկման անհրաժեշտության մասին: Խոսքը Իրանով Հայաստան և այստեղից էլ ողջ Հարավային Կովկաս բեռնափոխադրումների մասին էր:

- Փաստ է, որ Ռուսաստանը 500 միլիոն ներդրել է, այդքան էլ նորից բերում է: Ինչու է դա անում, եթե չի ուզում, որ այդ երկաթուղին զարգանա: Հայաստանը որպես տարածք Ռուսաստանին շատ է հետաքրքրում, որովհետև այս երկիրը դարպաս է դեպի Կովկաս: Եվ այստեղ ամուր պետության, ժողովրդագրական խնդիր չունեցող պետության առկայության դեպքում այդ դարպասը հուսալի կարող է լինել: Ուրեմն, Ռուսաստանն ինչպե՞ս կարող է Հայաստանի զարգացման հարցում շահագրգիռ չլինել:

Մի խնդիր կա, որին չեմ կարող չանդրադառնալ: Քննարկումների ընթացքում Վարդան Բոստանջյանն էլ խոսեց այդ մասին: Ռուսական գազի համար սահմանին Հայաստանը վճարում է հարյուր ութսունինը դոլար, բայց բնակչությանը մատակարարվում է 400 դոլարով. Այսինքն ճանապարհին ավելանում է ևս երկուհարյուր դոլար, ինչպե՞ս:

- Ձեր նշած կոռուպցիայո՞վ է բացատրվում նաև այն, որ Հայաստանը ավելի էժան` հարյուր դոլարով գազ չի գնում Իրանից:

- Չմանրամասնեմ: Ամեն ինչ շաղկապված է: Ռուսաստանը ասում է` հումքդ` ոսկի, մոլիբդեն և այլն, ջրի գնով տալիս ես ուրիշներին, թույլ ես տալիս, որ այդ ուրիշները միլիոնների շահույթ ստանան, բյուջեդ չի լցվում. ավելորդ հնարավորություն տամ, որպեսզի ավելի հարստանա՞ս: Բայց էլի Ռուսաստանը մեզ ամենաէժան գնով է գազը տալիս: ՌԴ-ից մասնավոր տրանսֆերտներով Հայաստանը ստանում է տարեկան երեք մլրդ դոլար, այսինքն` տարեկան բյուջեի չափ: Քեզ ոչ ոք չի կարող վնասի, եթե դու ինքդ քեզ պաշտպանես: Եթե մենք անընդհատ հարևանին մեղադրենք մեր դժվարությունների հարցում, մենք երբևիցե ժամանակակից ազգ չենք դառնա:

- Վերջին հարցը. Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ լինել-չլինելու խնդիրը ինչպե՞ս պետք է լուծվի: Չէ՞ որ պայմանագրում ամրագրված է այդ կետը:

- Պարզ ասում եմ` մաքսակետ չի լինելու: Ենթադրենք` Ադրբեջանը պնդում է այդ կետը, նրան ասում ենք` փակել ես Ղարաբաղը, շրջափակման մեջ ես պահում: Ինքդ ես համաձայնել, որ Մինսկի խումբ ստեղծվի. ինչպե՞ս ես 120 հազար ժողովրդին սովի ենթարկում …Աշխարհը գիտի, որ ԼՂՀ-ն բոլոր հարցերով հարաբերվում է Հայաստանի միջոցով, Արցախի քաղաքացիները Հայաստանի քաղաքացիներ են անձնագրերով: Հարց` այլ լուծում կա՞ արդյոք այս հակամարտությունում: Եթե լիներ, քսաներեք տարվա մեջ կլուծվեր: Ուրեմն բանակցային գործընթացը պետք է ավարտվի, որպեսզի տեսնենք, թե լուծումն ինչպիսին է: Իսկ մինչ այդ` այս ստատուս քվոն պետք է պահպանվի: Մինսկում էլ այդ մասին ընդհանրապես խոսք չի եղել: Եթե այդպես չլիներ, Հայաստանին չէին թույլ տա, որպեսզի ստորագրեր:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ