Մերն ուրիշ է...


Դեռ հոկտեմբերին և´ Գյուղատնտեսության նախարարությունը, և´ հավի ձվի տեղական արտադրողները հեռուստատեսության տարբեր ալիքներով հեռարձակվող ասուլիսներում միաբերան հավատացնում էին, քիչ էր մնում` բոլոր սրբերի անուններով երդվեին, որ այս տարի Ամանորի նախաշեմին հավկիթի գնի թանկացում չի լինի: Նրանք ասում էին, որ Հայաստանում հավի ձվի դեֆիցիտ չկա ու չի լինի, որ ամեն օր պահեստավորվում է 170 հազար ձու: Տպավորիչ թիվ է…

Մինչև Ամանոր դեռ մեկ ամիս էլ կա, բայց վիճակագրությունը, ինչպես երևում է` ո´չ հավի ձվի տեղական արտադրողներին, ոչ էլ գյուղատնտեսության նախարարությանը չի սիրում, որովհետև շտապում է տեղեկացնել, որ նոյեմբեր ամսվա տվյալներով Հայաստանում արձանագրվել է պարենային գրեթե բոլոր ապրանքների գների 2,5 տոկոս աճ. ընդորում, հավկիթի գներն աճել են 1,8 տոկոսով: Տեսնես` ո՞վ էր հավի ձվի տեղական արտադրողներին պարտադրել` ժողովրդին հուսադրել, սուտ խոստումներ տալ...

Հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է հուլիս ամսից մասնավորապես քաղծառայողների աշխատավարձերի բարձրացում, միջինը երկու հազարով կավելանան նաև կենսաթոշակները: Ստացվում է, որ աշխատավարձերի բարձրացումը դեռ ընդամենը մտադրություն է, իսկ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գների թանկացումն արդեն կատարված փաստ: Եվ շարքային քաղաքացին հաշվարկելով թեկուզ բարձրանալիք աշխատավարձն ու սպասվող անհրաժեշտ ծախսերը, տեսնում է, որ վերջինները նախորդ ամիսների համեմատ ավելացել են, այսինքն, կյանքը թանկացել է: Իսկ որ մեր ամեն ինչը, այդ թվում նաև ապրանքների գներն ուրիշ են, բազմիցս ապացուցվել է: Տնտեսական օրենքներն էլ ուրիշ են: Մեզանում ապրանքների գները միայն մեկ ուղղությամբ են շարժվում` դեպի վեր: Այսինքն, թանկանում են ու վերջ, էլ իջնել չկա` ինչ էլ լինի: Եթե նույնիսկ ամբողջ աշխարհում կոնկրետ ապրանքատեսակի գինը ընկնի, միևնույնն է` մեզանում այդ ապրանքը ոչ միայն կպահպանի իր գինը, այլ անվերջ կթանկանա: Այդպես է նաև Ամանորին. ողջ աշխարհում այս օրերին գներն էժանանում են, իսկ Հայաստանում` ընդհակառակը... Դե, ախր մերն ուրիշ է` աննման ու անկրկնելի...

Ա. Դ,