Վերադասավորվում ենք


Հայաստանում ընթացիկ տարում ներքաղաքական զարգացումների յուրահատկությունների վերաբերյալ հարցերին պատասխանում է

քաղաքագետ Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ

2014-ը քաղաքական ուժերի վերադասավորման, նոր քաղաքական թիմերի ձևավորման տարի էր: Ընդդիմադիր դաշտում գործընթացներն ավելի ինտենսիվացան, և ձևավորված միավորները քայլեր ձեռնարկեցին համատեղ քաղաքական օրակարգ մշակելու: Նաև միասնական ծրագիր առաջարկելու փորձեր կատարեցին:

- Ընդդիմադիր եզրույթն օգտագործելն արդյո՞ք պայմանական չէ: Իրականում ընդդիմությունը արտաքին քաղաքականության ոլորտում, թերևս, պետք է այլ դիրքորո շում ունենար իշխանությունից: Մինչդեռ մեզանում այդ տարբերությունը կարծես թե չկա:

- Ծրագրային առումով, իսկապես, բոլոր կուսակցությունները բավական թույլ են: Այստեղ իշխանությունների դեմ պայքարն անգամ ծրագրային ու գաղափարական չէ, որքան զուտ ռեսուրսների, իշխանության լծակներին տիրանալու համար մղվող պայքար է: Սա վերաբերում է բոլորին` և´ ԲՀԿ-ին, և´ ՀԱԿ-ին, և´ «Ժառանգությանը»...

- Բայց «Ժառանգությունը» դեմ արտահայտվեց և դեմ քվեարկեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:

- Դա ընդամենը հարցերից մեկն է: Կուսակցությունն ընդամենը արձանագրային առումով դեմ քվեարկեց, բայց այդ քաղաքական ուղղությունը պահելու համար հասարակական ոչ մի շարժում նրանք չկարողացան նախաձեռնել: Բայց ես համաձայն չեմ, որ ընդդիմությունը ձևական բնույթ ունի: Համոզված եմ` նրանք իսկապես ուզում են փոփոխություն, իսկապես չեն ուզում տեսնել ներկայիս իշխանություններին: Նրանց պայքարը գուցե ավելի շատ անձնավորված է, ծրագրային չէ. և երբ խնդիրը հասնում է ծրագրերի քննարկման ոլորտ, ընդդիմությունը պարտվում է: Նրանք պատրաստ չեն քննարկման և գաղափարական քննարկումներով չեն կարողանում հասարակության ուշադրությունը իրենց կողմը հրավիրել: Այդ պատճառով գնում են միայն ռադիկալ քայլերով` հնարավորինս սուր քննադատությամբ ժողովրդական աջակցության ինչ-որ զանգված ապահովելու ուղղությամբ:

- Դրանից չի՞ բխում արդյոք ժողովրդի շրջանակներում գոյություն ունեցող այն տեսակետը, որ այս ամենն ուղղակի աթոռակռիվ է:

- Այո, ես այդ մասին էլ խոսում եմ` այս պայքարը գաղափարական հիմքի վրա չէ: Ինչքան էլ փորձեն այլ գաղափարներով քողարկել իրողությունը, փաստ է, որ այսօր ընդդիմադիր կոչված շարժման լոկոմոտիվը ԲՀԿ-ն է, որին հետաքրքրում են բացառապես պետական ռեսուրսները և դրանք տնօրինելու հնարավորությունը: Նույնը վերաբերում է նաև մնացած կուսակցություններին: Նրանք միշտ ունեցել են ակտիվ գործելու և իրենց քաղաքական ծրագրերը ներկայացնելու հնարավորություն, բայց որևէ քաղաքական ծրագիր հիմնավորված երբևէ չի առաջադրվել նրանց կողմից:

- ԲՀԿ-ն դեմ է սահմանադրական բարեփոխումներին` ասելով, որ այսօրվա թերությունների պատճառը Սահմանադրությունը չէ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ տեսակետը:

Հիմա ներքաղաքական զարգացումների գլխավոր գործընթացը սահմանադրական բարեփոխումներն են, ուր հայտնի չէ` զարգացում կունենա՞ կամ ի՞նչ զարգացում կունենա և կամ մինչև ո՞ւր կհասնի: Բայց կա այդ գործընթացը, հետևաբար քաղաքական ուժերը պետք է արձագանքեն դրան ու ինչ-որ դիրքորոշում ցուցաբերեն: Եվ ըստ էության, սահմանադրական բարեփոխումների այս գործընթացը լավ առիթ դարձավ, որպեսզի ինչ-որ նպատակ հայտարարվի և այդ նպատակին ուղղված քայլեր արվեն: Բայց նաև պարզ է, որ ԲՀԿ-ում հաշվարկել են իրենց ռեսուրսները և վստահ են, որ բավական ռեսուրս ունեն, մինչև 2017-18 թթ. պայքարը երկարացնելու և ընտրական գործընթացում նոր դիրքերի հասնելու համար: Այստեղ է, որ հակասություններ են առաջանում ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև. ՀԱԿ-ը վստահ է, որ այդ ռեսուրսը չունի, և քանի դեռ կա Ազատության հրապարակ մարդ բերելու հնարավորություն, պետք է փորձել ամեն ինչի ավելի արագ տեմպ հաղորդել: Կարծում եմ` ունենալով ժողովրդական ավելի լուրջ աջակցություն ու ռեսուրսներ` և´ ֆինանսական, և´ կազմակերպչական, և´ տեխնիկական, ԲՀԿ-ն դառնում է թելադրողը և մնացած փոքր կուսակցությունները ստիպված են ինչ-որ չափով ԲՀԿ-ի ցանկություններին ընդառաջ գնալ:

Րաֆֆի Հովհաննիսյանը վերջերս փորձեց միայնակ հանդես գալ` հանրապետության տարբեր քաղաքներում նախաձեռնելով հանրահավաքների շարք: Այդ իրողությունը կարելի՞ է համարել եռյակի մասնատման սկիզբ:

Մասնատման սկիզբը սկսվել է այդ գործընթացներից ՀՅԴ-ի հեռացումից: Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը» այդ միավորման մեջ պետք էր, երևի թե զուտ քանակ ցույց տալու համար: Եվ միանգամայն պարզ էր, որ թե´ Գագիկ Ծառուկյանը, թե´ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լուրջ ուշադրություն չէին դարձնում Ր. Հովհաննիսյանի որևէ առաջարկի: Նրանց տարաձայնությունն ակնհայտ էր միասնական հանրահավաքների ժամանակ, և երևում էր, որ «Ժառանգության» առաջնորդն արհամարհված է գործընկեր կուսակցությունների ղեկավարների կողմից: Բնականաբար, Րաֆֆին փորձելու էր ինքնուրույն գնալ, բայց նա իր այդ շանսն արդեն բաց է թողել: Նախագահական ընտրություններից առաջ նա ուներ ուժեղ աջակցություն և´ հասարակական, և´ քաղաքական ընդդիմադիրների դաշտում: Այն ժամանակ ակնհայտվեց, որ Րաֆֆին այն քաղաքական գործիչը չէ, ով կարող է քաղաքական լուրջ ծրագրերի պատասխանատվություն ստանձնել: Այսօր նա փորձում է վերականգնել կորցրածը, բայց տեսնում ենք, որ մեկնարկը այնքան էլ համոզիչ չէ, և հասարակությունն այլևս պատրաստ չէ նրա հետևից գնալ:

- Եվ այս ամենը մեզ ո՞ւր կարող է տանել: Նշվում է 17-18 թվականը. արդյո՞ք հանրությունն անհրաժեշտ ռեսուրս ունի սպասվող քաղաքական տատանում ներին դիմակայելու համար:

Դիմակայելու խնդիր չկա, սա քաղաքակիրթ ձևով ընթացող քաղաքական գործընթաց է: Պարզ է, որ ընտրություններից երկու-երեք ամիս առաջ չպետք է սկսվեր այս ամենը: Գործնականում այսօր բոլոր քաղաքական ուժերը` թե´ ԲՀԿ-ն, թե´ ՀՅԴ-ն, թե´ ՀԱԿ-ը, թե´ կողքից այլ կուսակցություններ փորձում են այդ գործընթացում և այդ ժամանակային սահմաններում տեղավորվել ու դիրքավորվել, հանրության ինչ-որ մի խավի վստահությունը ստանալ: Ներքաղաքական պայքարը, վերադասավորումները որևէ կերպ չեն անդրադառնում երկրի տնտեսական իրավիճակի վրա և քաղաքական ցնցումների պատճառ չեն դառնում:

- Իսկ նկատելի թանկացումները չե՞ն կարող քաղաքական ցնցումների կատալիզատոր դառնալ:

Տեսականորեն` կարող են: Սոցիալական վիճակը բավական ծանրացել է, և տեսնում ենք, որ հուսադրող երևույթները շատ քիչ են: Բայց այդ ծանրացման վրա ազդում է ոչ թե ներքաղաքական պայքարը, այլ շատ ավելի ուրիշ գործոններ: Իշխանական թերացումները շատ ավելի լուրջ պատճառ են, քան ներքաղաքական զարգացումները: Բայց ես այսօր չեմ կարող պնդել, թե բողոքը կամ իրավիճակը ճգնաժամային է, և ընդդիմադիր դաշտում էլ չեմ տեսնում այն ուժը, որը կարող է քաղաքական և տնտեսական ծրագրեր առաջարկել և դրանց հիման վրա ժողովրդին առաջնորդել դեպի քաղաքական ակտիվ գործընթացներ: Մեր տարածաշրջանն էլ այսօր այն վիճակում չէ, որպեսզի արտաքին ուժերը փորձեն այստեղ պայքարել իշխանության համար:

Մեր զրույցի վերջում կցանկանայի շնորհավորել «Ավանգարդի» ընթերցողների գալիք Ամանորը և մաղթել տոկունություն և ամուր կամք: Շնորհավոր Նոր տարի:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ