Չպետք է թույլ տալ, որ կիսաբաց վարագույրը փակվի


ասում է Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության նախագահ Արամ Գասպարի ՍԱՐԳՍՅԱՆԸ

Այսօր Հայաստանում առկա ներքաղաքական զարգացումների, անցած տարիների ընթացքում պետականության չկայացվածության պատճառների ու ներկա մարտահրավերների շուրջ է նրա հետ զրույցը:

- Բոլորին հետաքրքրող հարցն այն է, թե ինչպիսի՞ Հայաստան ենք ուզում ունենալ: Կա մի կարևորագույն խնդիր. պետության կայացումն ունի իր համապատասխան հանգրվանները, և դրանցում կան գերակա բաղադրիչներ: Հասարակությունը պետք է համերաշխ լինի իշխանության հետ, այն ծրագրի հետ, որը ներկայացված է իրեն և ինքն էլ մասնակից է դրա իրականացմանը: Սա գլխավոր գերակայությունն է, ինչն առ այսօր երկրում չկա: Ու դա էլ պատճառ դարձավ, որ այսպիսի օտարացում լինի հասարակության և իշխանության միջև: Իսկ դրա ամենաակնհայտ արդյունքներից մեկը արտագաղթն է. անցյալ տարի ևս 41 հազարով պակասեց մեր բնակչությունը: Սթափվելու ժամանակը վաղուց է եկել, ու գոնե հիմա պետք է սթափվել և հասկանալ, որ այս համակարգով, այս մեթոդով իրական պետություն չի ստեղծվի: Մեր նպատակը, գերխնդիրը ձևակերպեցինք հետևյալ կերպ. այո´, մենք կուսակցություն ենք, ունենք մեր ծրագիրը, բայց ուզում ենք տեսնել, թե հասարակության մեծամասնության համար Հայաստանի ո՞ր նկարագիրն է ընդունելի:

- Դուք խոսում եք ոչ ձևական ծրագրերո՞վ ընտրությունների մասին, որոնց իրագործումն իսկապես ժողովրդաշահ կլինի:

- Այո, իհարկե, ծրագրեր, որոնք պետք է միտված լինեն ավելի լավ պետություն կերտելուն, ավելի համախումբ հասարակություն ստեղծելուն:

- Բայց մինչև հիմա որևէ ընտրության ընթացքում ծրագրերի մրցակցություն մենք չենք տեսել:

- Որովհետև հասարակությանը օտարացրել ենք այդ ամենից, որովհետև հասարակությունն ասում էր` այս կամ այն փրկիչը կգա, մեզ կփրկի... Մենք ինքներս պետության մակարդակով հասարակության ինքնագիտակցությունը իջեցրել ենք, ոչ թե բարձրացրել: Առանց ծրագրի, առանց ռազմավարության երկիրը փոխել անհնարին է: Իսկ ծրագիրը պետք է անպայման համաձայնեցվի հասարակության հետ: Պետք է հստակեցնել, թե մեր պետության համար որո՞նք են այդ գլխավոր բաղադրիչները` հաշվի առնելով, որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում. շարունակական կորուստները դրա վկայությունն են:

Պարզ երևում է, որ թշնամին փորձելու է օգտագործել ցանկացած պահ, որն իրեն առավելություն կտա: Պետք չէ կացինն առնել ու ոչնչացնել ինչ-որ մեկին (կամ` միա´յն մեկին), առավել ևս եթե դա ընտրովի պետք է արվի` միայն նրանց նկատմամբ, ովքեր հավակնություններ ունեն: Այս մոտեցումը պետք է վերանա իսպառ: Այսինքն, մեզ համար օրախնդիր են համակարգի փոփոխությունը, առողջացումը, մաքրումը: Բայց դա բոլորովին այլ ճանապարհով պետք է լինի…

- Այսօր այդ մասին խոսում է հենց իշխանությունը:

- Համակարգի մասին առողջ մտքեր են ասվում. այո´, մենաշնորհը պետք է վերացնենք, օլիգարխները չպետք է լինեն քաղաքականության մեջ… Առաջին հերթին օլիգարխներ չպետք է լինեն, հատկապես Հայաստանի իրողության մեջ: Կարող են լինել հարուստներ, անգամ մեծահարուստներ, բայց ովքեր իսկապես օրինական ճանապարհով են հարստանում` ստվերում չեն գործում, հարկերից չեն խուսափում, իրենց կապիտալը երկրից դուրս չեն հանում և այլն, և այլն: Իսկ ինչպես պետք է սկսվի այդ գործընթացը. ամենագլխավոր հարցը դա է, թեև, իհարկե, շատ ուշացած է: Հիվանդությունը այնքան մետաստազներ է տվել, որ հիմա արդեն անգամ զուտ վիրաբուժական մոտեցմամբ հնարավոր չէ կանխել ախտի տարածումը: Հարցը հետևյալն է. կամ գնում ենք օրգանիզմի ընդհանուր առողջացման (խոսքը և´ հոգեբանության, և´ կառավարման մոդելի ճիշտ ընտրության մասին է), կամ հայտնվում ենք ճահիճում, որից դուրս գալն անհնարինության չափ դժվար կլինի:

- Քաղաքական տարբեր գործիչներ բազմիցս խոսել են մարդկանց հոգեբանության, մտածելակերպի մեջ հեղափոխության անհրաժեշտության մասին:

- Այդ հեղափոխությունը կարելի է կատարել այն ժամանակ, երբ մարդուն բերել-հասցրել ես այդ մակարդակին: Բայց հիմա մենք մարդուն իջեցրել ենք ստորին մակարդակի, նրան արդեն ստիպել են, որ փողով կամ թելադրանքով ընտրություն կատարի: Ընտրողն այսօր այլևս ազատ ընտրություն չի անում, գիտակցաբար ընտրություն չի կատարում: Կարելի է հասկանալ հանրության այսօրվա տրամադրությունը. նա հարցնում է` լավ, բա ո՞վ լինի: Ժողովուրդը չգիտի և չի էլ ուզում իմանալ. ուզում է, որ իրեն ասեն` գնա ու ինքը գնա… Մինչդեռ, երևակայական փրկիչով երկիր չի կառուցվում: Ես ժամանակին ասել եմ, հիմա էլ կարող եմ կրկնել. այսօր ժամանակը պահանջում է ոչ թե լիդեր` թիմով, այլ թիմ` լիդերով: Սա կհանգեցնի բոլորովին այլ իրավիճակի: 1998 թվականին Ռուբեն Վարդանյանը Հայաստան բերեց 2020 ծրագիրը, որը քննարկվեց քաղաքական, հասարակական մակարդակով: Բայց կառավարությունում այդ ծրագիրը «քնեց»… Հիմա այդ սկզբունքով պետք է ներկայացվի ծրագիր և պարտադրվի իշխանությանը: Բայց ինչպե՞ս պարտադրվի: Սխալ մոտեցում է, երբ ասում են` երկու-երեք հազարով դուրս եկան փողոց` օրենքը փոխեցին… Երբ հասարակական պահանջ է դրվում, երբ կա հասարակական կարծիք և դրա հետ հաշվի չեն նստում, այդ դեպքում կձևավորվի համապատասխան շարժում: Կարգը դա է:

- Այդ ամենի համար դարձյալ անհրաժեշտ է հասարակության գիտակցական մակարդակի աճ:

- Այո, բայց այդ ամենը պետք է սկսես, որպեսզի այդ մակարդակը բարձրանա: Իսկ թե ինչպես անել, փակագծերը բացեմ. մենք մշակել ենք դրա կերպը: Հասարակության կողմից ընդունված մարդիկ, որոնց խոսքը լսվում և հարգվում է, պետք է նախաձեռնող լինեն, նրանք համախմբված պետք է հանդես գան: Այսօր բազմաթիվ մարդիկ կան, ովքեր առանձին-առանձին ինչ-որ բաներ ասում են: Իսկ երբ նրանք իսկապես միավորվեն, և նրանց խոսքը դառնա համակարգված արժեք, հասարակությունը ականջալուր կլինի նրանց ձայնին ու նաև նրանց գործողությունների պաշտպանությունը կստանձնի:

- Իսկ նրանց միավորող կա՞. դա հարցերի հարցն է:

- Միավորողը քաղաքական մարմին կլինի, որն իրեն չի առանձնացնի այդ հասարակական կառույցի տարրից: Այն չի ղեկավարի, այլ կհամակարգի, կկազմակերպի…

- Դուք այդպիսի քաղաքական ուժ տեսնո՞ւմ եք մեր իրականության մեջ:

- Այո, որպես կուսակցություն մենք այդպիսին ենք` առանց ավելորդ, չարդարացված հավակնությունների, պարզապես առաջարկող, կազմակերպող: Մեր միակ հավակնությունը ծրագրի շուրջ համերաշխ մթնոլորտ ձևավորելն է: Պահը եկել է, և եթե այսպիսի մոտեցում չառաջանա, վերջին իրադարձությունների պատճառով երկրում կարող է ձևավորվել բռնատիրության նոր ձև: Արտաքուստ կլինի շատ ազատ մթնոլորտ, այսինքն, բոլորը կասեն ինչ ուզեն, հիմնականում կանեն ինչ ուզեն, բացի մի բանից` իրավունք չեն ունենա իշխանության հավակնելու: Սա այսօրվա դրությամբ ամենամեծ վտանգն է: Եթե պահանջները կիրառվեն բոլորի նկատմամբ, այդ դեպքում հասարակության մեծ մասը համերաշխ կլինի: Եթե գարունը սկսվելու է այնպես, որ բարեշրջումների հեղեղը մաքրելու է Ավգյան ախոռները, իհարկե, մենք դրա կողմնակիցն ենք:

- Իսկ Ձեր նշած գործընթացը սկսվե՞լ է, թե՞ թվում է, որ սկսվելու է:

- Չի սկսվել, ասում եմ` եթե, որովհետև հայտարարվել է: Բայց մինչ այս մի՞թե հասկանալի չէր, որ երկրում ոչ թե մեկ օլիգարխ, այլ օլիգարխիա կա: Ասեմ ավելին. անձնական վիրավորանքների մակարդակով մերկացումը միանգամից փչացրեց գործընթացը: Հիմա եթե իշխանությունները ճիշտ կողմնորոշվեն, այս պահը պետք է օգտագործեն լայն հասարակական երկխոսություն սկսելու համար` իրենց իսկ հայտարարած կարգախոսների թեմայով: Կրկնում եմ` չպետք է թույլ տալ, որ փակվի կիսաբաց վարագույրը: Դուք հայտարարեցիք երևույթի և դրա դեմ քայլեր ձեռնարկելու մասին, դուք կանգ առաք, որովհետև դա ձեզ բավարարե՞ց: Բայց երևույթը մնաց. հիվանդությունն ավելի խորացավ: Սրա մասին պետք է խոսել. եթե ախտն արմատախիլ չի արվում, դրանով ավելի մեծ հարված է հասցվում պետականությանը...