«Աստծո հետ խոսելու  միակ լեզուն հայերենն է»


Մեր օրրանը Հայրենիք ենք կոչում, լեզուն` մայրենի: Ու պարսավելի է դրանց դեմ որևէ մեղանչանք: Բայց հաճախ ենք մեղանչում` ոսկեղենիկ մեր լեզուն աղարտելով, մեսրոպատառ հայ գիրն աղավաղելով: Երբեմն նույնիսկ զլանում ենք հետհայաց նետել` 16 դար շարունակ ազգս ազգ պահած, ժամանակի վիհ-անդունդները անկոտրում հաղթահարած հայ լեզվի հարատևման առեղծվածը վերծանելու: Անփո´ւյթ ենք, անթույլատրելիորեն հանդուրժող` մեր իսկ ինքնության առհավատչյա մայրենիի հանդեպ: Մինչդեռ մեզ ծնած ու սնած ծնողների նման` լեզուն էլ գորովի կարիք ունի:

Բարեբախտաբար բոլոր ժամանակներում նաև հայ երևելիներ են ծնել, ովքեր բոլորիս փոխարեն փայլեցրել են հայեցի խոսքը, հարստացրել հայերենը: Աշխարհաքաղաքականացում կոչվող համահարթեցման խառն ու խրթին այս ժամանակներում, երբ կարող է վտանգվել ամենայն ազգայինը, լեզվի աղարտման տագնապներն անհիմն չեն: Եվ դարձյալ բարեբախտաբար, այդ տագնապներին ականաջալուր կառույց կա` ՀՀ սփյուռքի նախարարությունը, որը հանձին իր ղեկավար Հրանուշ Հակոբյանի, աշխատանքային առաջնահերթություն է համարում Հայոց լեզվի պահպանումը Հայաստանում և Սփյուռքում: Հատկապես Սփյուռքում բնավորված հայի սերունդները պետք է հայերեն խոսեն. հակիրճ այսպես կարելի է ձևակերպել նախարարի ձգտումը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ կառավարության 2015 թ. ծրագրով գերակա խնդիր է հռչակվել Հայոց լեզվի տարածումը և հայ երիտասարդության շրջանում հայերենի իմացության մակարդակի բարձրացումը. ընդ որում` նաև նորարարական մեխանիզմների կիրառմամբ: Եվ գերակա այդ խնդիրը կյանքի կոչելու ուղղությամբ Սփյուռքի նախարարությունն արդեն իսկ հստակորեն ծրագրել է իր անելիքները, թեև Մայրենին զարգացնելու ու տարածելու հրամայականը միշտ էլ առաջնահերթ է դիտվել այս գերատեսչությունում` դրա հիմնադրման սկզբից ևեթ: 1999 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել էր Մայրենիի միջազգային օր: Ու դա անտարբեր չէր կարող թողնել ազգային ինքնության պահպանությամբ մտահոգ ովևէ մեկի:

Դեռևս 2010-ը հայտարարելով Մայրենիի տարի, նախարարությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ, որոնց բոլորին անդրադառնալն արդ դժվար է` լրագրային հրապարակման ծավալը չչարաշահելու առումով: Բավարարվենք հակիրճ մի քանի հիշատակումներով: Մանավանդ` դրանք ոչ միայն լայնորեն լուսաբանվել են տեղական ու սփյուռքյան լրատվամիջոցներով, այլև անջնջելի հիշողություններ են դարձել մասնակիցների համար:

Արդեն ավանդական են դարձել Սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության` «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությունները` մի քանի անվանակարգերով:

Տարեցտարի մեծանում է «Սփյուռք» ամառային դպրոց-ծրագրին մասնակցել ցանկացողների քանակը: Ծրագրով սահմանվող դասընթացները տարբեր ուղղություններ ունեն, այդ թվում և` Սփյուռքի համայնքային գործի կազմակերպիչների դասընթացներ, որոնք առաջին անգամ անցկացվեցին 2014-ին:

Նախարարության նախաձեռնությամբ և ՀԲԸՄ աջակցությամբ հոկտեմբեր ամսին Հանրային հեռուստաընկերության արբանյակային հեռուստաալիքով մեկնարկեց Հայոց լեզվի հեռուստադպրոցի «Հեռավար քոլեջ» ծրագիրը: Դրա 34 հեռուստադասերը ջերմորեն են ընդունվել արտերկրում:

Անցյալ տարի Սփյուռք է առաքվել 40 հազար դասագիրք և ուսումնաօժանդակ նյութեր, շուրջ 12 հազար ՀՀ պետական խորհրդանշանների փաթեթ, 20 երկրների հայ համայնքների հետ կազմակերպվել է ավելի քան 20 հեռակոնֆերանս...

Բոլորը չես թվարկի, և դրա կարիքն էլ չկա, զի նախարարությունը շարունակում է նորանոր ձեռնարկումներով ամրապնդել Սփյուռք-Հայաստան կամուրջը` վստահ, որ այդ կամուրջն ի վերջո տունդարձի բանուկ մայրուղի է դառնալու օտար ափերում բնավորված հայության համար:

«ՔՈ ՄԱՅՐ ԼԵԶՈՒՆ ՉՄՈՌԱՆԱ´Ս»

Մայրենիի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի նվիրված էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառումները մեկնարկեցին գիտաժողովով, որի խորագիրն ինքնին խոսուն էր` «Մեր լեզուն մեր Հայրենիքն է»:

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հետ համատեղ անցկացված գիտաժողովում տպավորիչ էր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բացման խոսքը, որը, հիրավի, լուրջ մտահոգություն էր և ուծացման վտանգը դիմագրավելու ահազանգ.

- ...Ցեղասպանության հետևանք է նաև լեզվասպանությունը: Մենք չենք կարող մեծագույն ցավով չարձանագրել հայերենի շուրջ 3 տասնյակ բարբառների կորուստը: Այլևս գոյություն չունեն Ակնի, Խարբերդի, Երզնկայի, Տիգրանակերտի, Շապին-Գարահիսարի, Վանի, Հաջընի, Սեբաստիայի, Մարաշի և բազում այլ բարբառները, որոնք հայերենի յուրահատուկ դրսևորումներ էին և մեր ժողովրդի լեզվաստեղծագործական ու ազգային մտածողության ինքնատիպ արտահայտությունները: Եվ եթե այսօր մեր երիտասարդներից շատերը չեն խոսում հայերեն, դա ևս ցեղասպանության հետևանք է:

Նախարարի կոչը չէր կարող անտարբեր թողնել հայ երիտասարդությանն ու հայ մարդուն ընդհանրապես` յուրաքանչյուրի համար Մայրենիի օր պետք է լինի ոչ միայն փետրվարի 21-ը, այլ` տարվա բոլոր օրերը:

Գիտաժողովը Մայրենիի օրվա նախօրյակին էր, իսկ փետրվարի 21-ը անմոռաց կմնա բոլոր նրանց համար, ովքեր նախարարության ձեռնարկմամբ Օշական մեկնեցին, ապա Մատենադարան այցելեցին` Ուսուցչապետի շիրմաքարին խոնարհվելու: Օշականյան խորախորհուրդ այդ այցը երիցս իմաստավորվեց խորհրդանշական մի զուգադիպությամբ (ճի´շտ են ասում, որ զուգադիպությունները ոչ միշտ են պատահական): Այդօր Սբ. Մեսրոպ Մաշտոց մայր եկեղեցու բակում Մուղնիի զորամասի նորակոչիկներն էին հավաքվել` զինվորական երդում տալու: Ու ակամա միախառնվեցին Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոցի դահլիճում Հայոց լեզվին ձոնվող խոսքերն ու երգ-երաժշտությունը և հայրենյաց նորաթուխ զինվորների երդումը:

Առանց հուզմունքի հնարավոր չէր ունկնդրել դպրոցականների ասմունքն ու պաշտոնատար անձանց պատգամները: Սակայն սիրտդ այլ ելևէջներով էր բաբախում, երբ քո մայրենիով հնդիկ, պարսիկ ու արաբ երիտասարդներն էին խոսում. խոսում էին հայեցի առոգանությամբ, և ճկուն մեր լեզուն կրկնակի հարուստ, հազարապատիկ ավելի թովիչ էր շոյում ունկերդ: Երևանի բժշկական համալսարանի սաներն էին` ազգությամբ պարսիկներ Դելարամը, Մեհրզադը, սիրիացի Նազիհը (ազգությամբ արաբ), հնդիկներ Վիդոն, Փրիան, Մրինալը, Սուրեշը, Անգիտը, ովքեր բժշկի մասնագիտությանը զուգընթաց հայերեն են սովորում: Սովորում են, որովհետև սիրում են, սիրում են, որովհետև ընկալել են դրա հմայքը: Եվ այդ գործում անուրանալի են ԵԲՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանի ջանքերը:

Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի խոսքը ևս հայաշունչ էր, հայոց լեզուն անաղարտ պահելու հորդոր ու պահանջ.

- Համաշխարհայնացումը` գլոբալիզացիան անպայման իր բացասական ազդեցությունը բերում է: Այս օրվա խորհուրդը նաև այն է, որ մենք ձեռնարկել ենք շարժում` հանուն լեզվի պահպանության. լեզուն մեր ինքնության պահպանությունն է ի վերջո: Եթե մենք չենք խոսում և մտածում հայերեն, դադարում ենք լինել հայ:

Իսկ ընդհանուր առմամբ հայ ժողովուրդը միշտ էլ դարեր շարունակ իմաստուն իր բնազդով զգացել է, որ զենքի, պատերազմների, կռիվների, նվաճումների միջոցով չէ, որ ինքը պիտի ապրի. ինքը պիտի ապրի` իր դարավոր ու հարուստ մշակույթն ու լեզուն պահելու միջոցով միայն: Ու այսօր մենք ըստ արժանվույն պիտի գնահատենք ՀՀ սփյուռքի նախարարի ջանքերը, ում անմիջական նախաձեռնությամբ լեզվի տոնը օրենքի ուժ ստացավ խորհրդարանում: Հետևելով նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախանշած օրվան` փետրվարի 21-ը հայտարարվեց Մայրենիի տոն, որն անպայման պիտի դառնա մեր ժողովրդի ավանդական լավագույն տոներից մեկը:

Եթե դու չգիտես քո լեզուն, դու չես կարող իմանալ նաև ուրիշի լեզուն: Իսկ եթե դու թերի գիտես քո լեզուն, ուրեմն` թերի մարդ ես: Այս առումով ես կարծում եմ, որ Մաշտոցի անձի, նրա գործունեության, մեր լեզվի հմայքների մասին այն բոլոր ասույթները, բանաստեղծությունները, պոեմները, որոնք ստեղծվել են, պիտի անվերջ շրջանառվեն` իբրև մեր ինքնության վավերագրեր: Որպեսզի երբեք ինչ-որ մի օր չմտածենք, որ «Հայր մերը» արտասանենք այլ լեզվով: Դա մերը չէ: Եթե պիտի ասեն հայ, նաև պիտի ճանաչեն մարդկության մեծագույն մշակներից մեկին, որը մարդկությանը տվել է մշակույթ, տվել է արժեքներ, և մարդկությունը ապրում է նաև դրանց շնորհիվ:

Մեր լեզուն մեր տունն է, մեր հայրենիքն է, մեր էությունն է և մեր գոյության հիմնական կռվանը: Եվ այդ գիտակցությամբ է, որ մենք մեր գործունեության մի կարևոր, գերակա խնդիրը համարում ենք հայոց լեզվի պահպանությունը: Մայրենիի ի պահպանությունը:

  2015 թվականը կարևոր հանգրվան է հայ ժողովրդի համար: Նշելով Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցը` մեզանից յուրաքանչյուրն ուզում է իր ներդրումն ունենալ Հայ դատի համար մղվող պայքարում: Այս պայքարում երիտասարդների հիմնական գործը պետք է լինի մայրենին իմանալը, հայերեն սովորելը` ի խոնարհումն 1.5 միլիոն նահատակների հիշատակի,  հազարավոր անթաղ հայերի ոսկորների առջև:

  Ուրեմն` սիրելի պատանիներ և պարմանուհիներ,

  Կոչ ենք անում ձեզ, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցը դառնա բեկումնային` ձեր մայրենի լեզուն սովորելու առումով, նոր ավյունով և նոր եռանդով տրվեք հայերեն սովորելուն, է´լ ավելին` հայերենը ձեզ համար դարձրեք միմյանց հետ շփվելու, միմյանց հետ հաղորդակցվելու հիմնական լեզուն:  Թող դա´ լինի ձեր հիմնական, իրական ներդրումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման, համայն հայության համախմբման և հզորացման սուրբ գործում:

 Մեծ անգլիացի Բայրոնը բանաձևել է. «Աստծու հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»:

Ուրեմն` իմացե´ք, խոսե´ք և հաջորդ սերունդներին փոխանցեք մեր աստվածային հայոց լեզուն:

Հատված ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻ`

հայ երիտասարդությանն ուղղված կոչից