Պետք է երկխոսել


Երկար ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ փորձում էր նպաստել հանրապետության երեք նախագահների միջև երկխոսության ծավալմանը, սակայն ձեռնարկված քայլերն այդպես էլ դրական արդյունքի չհանգեցրեցին:

- Ձեր կարծիքով ինչո՞ւ նախագիծը ձախողվեց:

- Նախաձեռնությունը հստակ խնդիր ուներ` ամեն ինչ անել, որ Հայաստանում բոլոր երևույթները զարգանան կոնսենսուսի պայմաններում: Այսինքն, շատ կարևոր էր, որ և´ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, և´ երկրորդ նախագահը, որը նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահն էր, և´ գործող նախագահ Սերժ Սարգսյանը համատեղ քննարկեն մեր անցած ուղին: Ես առաջարկում էի, որ այդ հավաքին միանան նաև ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, որպես երկրորդ հայկական պետության ղեկավարներ. ինչո՞ւ չէ նաև` Վերափառ Հայրապետը, Անթիլիասի Վեհափառ Հայրապետը: Սակայն, ցավոք սրտի, կարծում եմ, որ դա ճիշտ չընկալվեց:

- Ինչո՞ւ ճիշտ չընկալվեց:

- Ես բացատրում եմ զուտ անձնական խնդիրներով: Այսինքն, չնայած երեքով միասին, նաև Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը ժամանակին եղել են ընդհանուր թիմ, միասին են աշխատել, եղել են մի գաղափարի կրող, մի ուղղության կրող: Հետագայում, սակայն, ինչ-ինչ խնդիրներ են ծագել, որն էլ խանգարում էր այդ հանդիպմանը: Եվ չնայած` փետրվար ամսին ՀՀ առաջին նախագահն այնուամենայնիվ նամակ գրեց գործող նախագահ Սերժ Սարգսյանին և առաջարկեց միասին քննարկել Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված որոշակի խնդիրներ: Բայց դա կարելի էր անել ավելի վաղ, և գուցե դա հաջողվեր:

- Ձեր կարծիքով Հայաստանում ներքաղաքական դաշտում ի՞նչ զարգացումներ կլինեն, կամ, ավելի ճիշտ` կլինե՞ն արդյոք քաղաքական զարգացումներ առհասարակ:

- Զարգացումները, ցավոք, քաղաքական հունից ըստ էության դուրս են եկել: Հիմա չի կարելի ասել, որ Հայաստանում գոյություն ունի քաղաքական լուծումների ճանապարհ: Եվ դա է վտանգավորը: Ես մեկ անգամ ասել եմ և չեմ վարանի կրկնել, որ հուսալքված ազգը պատրաստ է ցանկացած քայլի:

- Վերջին օրերին տեսակետ հայտնեցիք, որ չնայած միշտ կողմ եք եղել Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին, բայց հիմա պետք է հակառակվեք այդ նախաձեռնությանը և դեմ եք լինելու: Ինչո՞ւ:

Նախ ես գտնում եմ, որ խորհրդարանական կառավարման ձևը Հայաստանի համար ամենալավն էր: 1991-ին, երբ նախագահական ինստիտուտը մտնում էր Հայաստան, ես այդ ժամանակ ղեկավարում էի ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը: Այն ժամանակ մենք դեմ էինք և ունեինք համապատասխան հիմնավորումներ: Ես երբեք չեմ փոխել իմ վերաբերմունքը, որ խորհարանական կառավարումը Հայաստանի համար լավագույնն է, բայց մենք այդ էտապն անցանք: Կիսանախագահականը հնարավորութ յուն է տալիս այս կամ այն ուժին, կա´մ կոալիցիային` ԱԺ-ում քաղաքական մեծամասնություն ունենալով ձևավորել կառավարություն: Սա լավագույն տարբերակներից մեկն է: Հիմա հանկարծ, չգիտեմ ինչու, վերջին շրջանում նույն մարդիկ, ովքեր նախկինում բացարձակ դեմ էին խորհրդարանական կառավարմանը, հանկարծ կառավարման համակարգի հետ սկսեցին կապել Հայաստանում տեղի ունեցող բոլոր դժբախտությունները: Սրա հետ է, որ ես համաձայն չեմ: Հիմա պետք է ասել, որ նախագահը շատ ուժեղ է, որովհետև ԱԺ-ում ունի մեծամասնություն, ձևավորել է կառավարություն և որևէ մեկը չի խանգարում այս իրավիճակում, որ գործընթացները տանեն այն ուղղությամբ, որ ամեն ինչ լավ լինի:

- Այդ դեպքում այլ քաղաքական ուժերն ինչո՞ւ են համաձայն սահմանադրական փոփոխություններ իրականացնելուն:

- Այդ քաղաքական ուժերը, որոնց մինչև փետրվարի 12-ը առաջարկում էի, որ անհրաժեշտ է երկխոսել նախագահի հետ, իրենք դեմ էին: Բայց երբ ԲՀԿ-ից դուրս եկավ Գ. Ծառուկյանը, բոլորը մի գիշերվա մեջ ետ կանգնեցին իրենց խոսքից: Ի տարբերություն նրանց, ես միշտ հայտարարել եմ և հիմա էլ հայտարարում եմ` Սերժ Սարգսյանը ոչ միայն եղել է իմ ղեկավարը, այլև եղել է իմ ընկերը: Մենք միասին բավականին երկար ենք աշխատել սկսած 1988 թվականից: Ես միշտ ասել եմ, որ պետք է երկխոսել, բայց այս պարագայում ստացվում է, որ ես պետք է դրանց հետ միասին շարք կանգնեմ, որպեսզի խոսեմ իմ ընկերոջ, կամ իմ երկրի ղեկավարի, կամ` Հանրապետության նախագահի հետ: Գիտե՞ք` տհաճ է, և չեմ ուզում այդ հերթում լինել:

- Ստացվում է` ինքներդ դեմ եք գնում Ձեր նախաձեռնությանը:

- Կողմ լինելով այդ փոփոխությունը` ես դեմ եմ այդ գործելաոճին: Դեմ լինելով այդ գործելաոճին` չեմ ուզում այդ շարքում գտնվել: Եվ հիմա սկզբունքորեն ասում եմ, որ Սահմանադրությունը չի պատճառը, որ մեր երկրում առկա են նման խնդիրներ: Դրա հիմանական մեղավորը գործող իշխանություններն են: Ուզում եք վերցրեք առաջին իշխանությունը, երկրորդ իշխանությունը... Այսինքն միշտ մեղավոր են իշխանությունները:

- Ձեր կարծիքով ո՞րն է այս վիճակից դուրս գալու ելքը:

- Միակ ելքը ՀՀ նախագահի կեցվածքն է: Նա պետք է բոլորին հավաքի և ասի, որ խաղի կանոնները փոխվում են: Այլևս օրենքից դուրս մարդիկ գոյություն չունեն: Բոլորը պետք է աշխատեն օրենքի դաշտում և դադարեն մարդկանց հետապնդել միայն այն բանի համար, որ նրանք չեն կիսում իրենց քաղաքական տեսակետները: Պետք է ասել, որ այսուհետ բոլորի նկատմամբ օրենքը կիրառվելու է նույն ձևով, և ոչ մեկն արտոնյալ չէ և պաշտոնի նշանակելիս հաշվի առնեն մասնագիտական ունակութ յունները: Քանի որ եթե մարդը պրոֆեսիոնալ է, նվիրված է իր գործին և կարողանում է ճիշտ ղեկավարել իրեն վստահված կառույցը, ապա ուզի թե չուզի, ակամա դառնում է Հանրապետության նախագահի համար աջակից, ընկեր, բարեկամ: Իսկ քծնողները, որոնք կարող են պաշտոններ ստանալ խոսքեր շռայլելու համար, կարող են այսօր դավաճանել մեկին, վաղը դավաճանել մյուսին, իսկ երրորդ օրը` իրենց կուռքերին: Եվ պատահական չէ, որ ես ասել եմ, թե գալու է ժամանակ, որ ես ստիպված եմ լինելու Սերժ Սարգսյանին պաշտպանելու իր այսօրվա շրջապատից, որովհետև բոլորը փորձելու են ձախողումների մեջ մեղադրել հենց իրեն: