ԿԱՅԵՆՅԱՆ ԱԽՏԱՆԻՇ


...Երբոր նրանք դաշտումն էին, Կայենը վեր կացավ իր եղբայր Հաբելի վրա և սպանեց նրան: Եվ Եհովան ասեց Կայենին. Ո՞ւր է քո եղբայր Հաբելը: Եվ նա ասեց. Չգիտեմ. մի՞թե ես եղբորս պահապանն եմ: Եվ նա ասեց. ի՞նչ ես արել. քո եղբոր արյան ձայնը երկրիցը բողոքում է դեպի ինձ: Եվ հիմա դու անիծյալ լինես այն երկրից, որ իր բերանը բացեց եղբորդ արյունը քո ձեռքից ընդունելու:

ԾՆՆԴՈՑ. Դ8-11

Կայենական մեղքը միայն եղբայրասպանությունը չէր. նաև` հրաժարումը իր հանցանքից: Աբելի արյունը կլանած հողը, սակայն ձայնում էր առ Աստված... Օսմանցի ելուզակներն էլ մորթոտեցին: Մորթոտեցին մի ողջ ժողովուրդ և արյան ու դիերի վայրի խրախճանքով սարքեցին: Կայենը սպանելուց հետո հողի տակ թաքցրեց իր եղբոր մարմինը: Թուրքերը դրա ժամանակը չունեին. յաթաղանի հունձն առատ էր, հայակերներն` ամբարտավան-ինքնավստահ: Համոզված էին, որ ոչ մեկն իրենցից հաշիվ չի պահանջելու, գիտեին, որ աշխարհի հզորներն իրենց շահից այն կողմ ոչինչ չեն տեսնում: Հաշվարկը կատարված էր, վիճակը` գցված: Բայց անտեսված էր Աստվածային արդարադատությունը. անմեղ զոհերի արյան ձայնը լռեցնել չէին կարող նույնիսկ դաշնակից հզորների հետ մասին: Եվ կայենական առաջին մեղքին հաջորդեց երկրորդը` հրաժարումը հանցանքից: Ու այդպես` ամբողջ 100 տարի: Այդուհանդերձ, արյան կանչն ավելի զորեղ գտնվեց և բացեց մարդկության խցանված ականջներն ու փառակալած աչքերը...

Իրենց հաշվարկներում թուրքերը մեկ այլ, մե˜ծ սխալ էլ էին թույլ տվել. անկարելի էր պատմության քառուղիներից հայկական հետքը ջնջել...

Այսօր արդեն մեզ չպետք է հուզի, թե քանի պետության ղեկավար կարտաբերի «Հայոց ցեղասպանություն» բառը: Վստահ ենք, որ իրեն հարգող ամեն առաջնորդ պետք է ոչ միայն արտասանի այդ խոսքերը, այլև Թուրքիային առերեսի իր իսկ պատմության հետ: Ավելին, պիտի հատուցում պահանջի. ոչ թե հայերին ու Հայաստանը սիրաշահելու համար, այլ աշխարհում դրանց կրկնությունը կանխելու համար: Նույն աշխարհի փորձը վկա. Հայոց ցեղասպանությանը քանի՞ կոտորած հաջորդեց: Լռությունը նաև հովանավորչություն է հանցագործության: Ու հատկապես հզորների երկդիմի քաղաքական մնջախաղի ֆոնի վրա երիցս գնահատելի է, խորին խոնարհման է արժանի կաթոլիկների հոգևոր հովիվ Ֆրանցիսկոս Պապի` հիրավի քրիստոնեական շիտակությունը`

- Հայոց ցեղասպանության` այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-ամյակը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը` նշանակում է թողնել, որ վերքը արյունահոսի:

Եվ հայերի այդ բաց վերքը արնաքամ կարող է անել (ու արդեն արել է) այլ ազգերի ևս: