Կարևոր է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից ուժ ունեցող որոշում ընդունվի


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ցույց տվեցին, որ միջազգային հանրությունն արդեն հոգնել է սեփական կեցվածքից և դեմքի քարացած արտահայտությամբ ցեղասպանության մասին հերթապահ մտքեր արտահայտելուց: Սակայն, քաղաքակիրթ Եվրոպային հոգնեցրել է ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստի մասին լռելը, այլև եվրոպական երկրներում թուրքական ներկայությունը հանդուրժելը: Եվրոպաբնակ թուրքական համայնքի ներկայացուցիչների ճիրանները հասել են մինչև պետությունների ղեկավար օղակներ և սկսել են Թուրքիայի շահերից բխող օրակարգ թելադրել: Եվ տպավորությունն այնպիսին է, որ Թուրքիան սողալով գրավում է նաև Եվրոպան: Այնուամենայնիվ, 2015-ի ապրիլիքսանչորսյան իրադարձությունները նոր հարթություն տեղափոխեցին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը և արդյո՞ք տարբեր երկրների կողմից ընդունված որոշումները բավարար են Հայոց ցեղասպանությանը իրավական գնահատական տալու համար: «Ավանգարդ»-ի այս և այլ հարցերի պատասխանում է Ազգային արխիվի տնօրեն Ամատունի ՎԻՐԱԲՅԱՆԸ:

- Ձեր կարծիքով Հայոց ցեղասպսնության հարցին իրավական գնահատական տալու համար գոնե հիմա բավարար հիմքեր ստեղծվեցի՞ն:

- Հայոց ցեղասպանության հարցին իրավական գնահատական տալու համար եղածը դեռևս բավարար չէ: Հարցը խորը ուսումնասիրության կարիք ունի: Տարբեր երկրների պառլամենտների կողմից հայտարարությունների և բանաձևերի ընդունումը իրավական ուժ չունեցող քայլ է և ավելի շատ բարոյական խնդիր է լուծում: Եթե մենք հարցին նայենք իրավական տեսանկյունից, ապա միջազգային դատարան դիմելու համար անհրաժեշտ է բավական լավ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել:

Ե´վ Հռոմի Պապի հայտարարությունը, և´ Ավստրիայի, և´ Գերմանիայի պառլամենտների հայտարարությունները ավելի շատ բարոյական աջակցություն էին Հայաստանին ու հայ ժողովրդին, իսկ իրավական առումով մեծ աշխատանք է պետք կատարել:

-Մեծ աշխատանք ասելով ի՞նչ նկատի ունեք. եղած փաստերը արդյո՞ք բավարար չեն:

- Հայոց ցեղասպանության հարցն ուսումնասիրելու համար ստեղծված է աշխատանքային խումբ, որը պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրի միջազգային փաստաթղթերը, միջազգային իրավունքը, պետք է համապատասխան իրավական նյութեր նախապատրաստի` իրավական հիմք ստեղծելու համար: Բայց, ցավոք սրտի, դա չի արվում:

- Ձեր կարծիքով ո՞րն է պատճառը, որ հանձնաժողովում նման նախաձեռնություն դեռևս չկա:

- Չեմ կարող ասել: Միգուցե կա իրավաբանների խումբ, որը ուսումնասիրություններ է իրականացնում, բայց ես տեղյակ չեմ որևէ նախաձեռնության մասին: Եթե նման գործընթաց սկսված լիներ, Հանրային արխիվից փաստաթղթեր կպահանջեին: Սակայն այդպիսի պահանջ դեռևս չի ներկայացվել:

- Ստացվում է, որ միջազգային մամուլի առաջին էջերում Հայոց Ցեղասպանության հարցի լուսաբանումը, դիվանագիտական և այլ խողովակներով հարցի բարձրաձայնումը սոսկ միջազգային հանրության «նվերն» էր հայ ժողովրդին և ուրիշ ոչի՞նչ:

- Որևէ տարբերություն չկա` Հայոց ցեղասպանությունը 25 երկրի պառլամենտ է ճանաչում, թե՞ 50: Կարևորը` պետք է, որ Թուրքիան ճանաչի: Ու կարևոր է, որ միազգային իրավունքի տեսանկյունից ուժ ունեցող որոշում ընդունվի. իսկ նման որոշում միայն դատարանը կարող է ընդունել: Նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հարցում ՄԱԿ-ի ընդունած որոշումները իրավունքի տեսանկյունից ուժ ունեցող փաստաթղթեր են:

- Փորձագետներն ասում են, որ եվրոպական երկրները իրենց շահերից բխող որոշումներ կայացրին և բանաձևի ընդունումը իր տեսակի մեջ նաև երկակի խաղի արդյունք էր:

- Դրանում կասկած չկա: Թեկուզ այն, որ մեր բարեկամ Ռուսաստանի նախագահը ցեղասպանության բառը չօգտագործեց: Դա ևս երկակի խաղի արդյունք է: Կամ, օրինակ, նույն երկրի նախագահը գալիս է Հայաստան, իսկ պառլամենտի ղեկավարը գնում է Թուրքիա:

- Ձեր կարծիքով նման քայլի տողատակում ա´յս անգամ ինչ է թաքնված:

- Միշտ էլ գերտերություններն իրենց շահերից ելնելով են որոշումներ ընդունում: Ժողովրդին բարոյական օգնություն ցույց են տալիս, բայց դրա հետ միաժամանակ ունենալով սեփական շահեր, իրենց շահերն են առաջ մղում: Օրինակ, Ռուսաստանն այսօր պատրաստվում է Հունաստանին 3 միլիարդ դոլար վարկ տրամադրել, որի դիմաց Հունաստանը համաձայնել է թույլատրել, որ իր տարածքով ռուսական գազն անցնի: Այսինքն սրանք շահեր են, որոնք ավելի կարևոր են:

- Փաստորեն ստացվում է, որ 100 տարի անց էլ նույն պատկերն է կրկնվում, և Հայաստանը կարող է նորից թղթե շերե՞փը ձեռքին մնալ:

- Չեմ կարող ասել, որ 100 տարի անց առաջվա պատկերն է կրկնվում, քանի որ արագ փոփոխվող աշխարհում ամեն ինչ հնարավոր է: Կարող է 10 տարի հետո ընդհանրապես ամեն ինչ փոխվի: Դրա համար մեզ անհրաժեշտ է աշխատել այնպես, ինչպես աշխատեցին 100-ամյակի միջոցառումների կազմակերպման ժամանակ: Իհարկե, առանց աղմուկի, առանց բացահայտման դիվանագիտական ուղիներով մեծ աշխատանք կատարվեց: Առանց դրանց չէր լինի ո´չ Հռոմի Պապի հայտարարությունը, ո´չ Ավստրիայի, ոչ էլ Գերմանիայի պառլամենտների հայտարարությունները:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ