ՀԻՄԱ ԷԼ` ՀԱՑԸ


Ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու մասին օրենքի նախագիծը, որն այս օրերին գտնվում է Ազգային ժողովում, բարեբախտաբար, առայժմ կարծես անտեսվածների շարքում է, որը մասնագետներին և անկախ փորձագետներին հնարավորություն է տալիս ավելի շատ հիմնավորումներ ներկայացնել այդ վայ-նախագծով նախատեսված գործառույթը կասեցնելու օգտին: Զարմանալի է, սակայն, որ բոլորիս առողջությամբ զբաղվող Առողջապահության նախարարությունն օրինագիծը ներկայաց նելու պահից մինչ օրս մերժում է այդ նյութերի վնասակար ազդեցությունների մասին անկախ փորձագետների կողմից ներկայացվող ցանկացած փաստ և ուսումնասիրութ յուն, չնայած այն հանգամանքին, որ դրանք բավական խոսուն են: Ինչո՞ւ է անհրաժեշտ հրաժարվել այդ վայ-նախագծից, ինչո՞ւ մեզ չի կարելի օգտագործել արհեստական եղանակով երկաթով և ֆոլաթթվով հարստացված ալյուրը: Այս և այլ հարցերի շուրջ է «Ավանգարդ»-ի զրույցը կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գիտությունների Ազգային Ակադեմիայի Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտի ախտաբանական կենսաքիմիայի բաժնի վարիչ, Հայաստանի կենսաքիմիկոսների ասոցիացիայի նախագահ Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:

- Ձեր կարծիքով ինչո՞ւ պետք չէ հայի հացին երկաթ և ֆոլաթթու ավելացնել: Կենսաքիմիկոսի կարծիքով ո՞րն է վտանգը:

- Հիմնական վտանգն այն է, որ ալյուրից պատրաստված հացը թխում են 230-ից բարձր ջերմաստիճանի տակ, իսկ ֆոլա-թթուն 205 աստիճանում շատ կարճ ժամանակում` 1-2 րոպեում քայքայվում է: Քայքայվելու արդյունքում առաջանում են գերօքսիդներ, որոնք շատ վտանգավոր են օրգանիզմի համար: Այդ գերօքսիդները արյունատար համակարգով տարածվում են ողջ օրգանիզմում` ուղեղում, ենթաստամոքսային գեղձում, երիկամներում: Հետագայում առաջացնում են օնկոլոգիական հիվանդութ յուններ, դառնում են տարբեր ախտահարումների պատճառ և ամենակարևորը կենսաբանական թաղանթներն են քայքայում, որի արդյունքում սկսվում են քայքայվել բջիջները:

- Իսկ ի՞նչ կասեք երկաթի մասին:

- Միայն ու միայն կարելի է ավելացնել սադաթթվի և ֆումարաթթվի երկվալենտ երկաթի աղերը: Մնացած բոլոր երկաթի աղերը օրգանիզմի համար համարվում են թունավոր: Այն էլ` նշված երկվալենտ երկաթի աղը պետք է ընդունել անպայման վիտամին C-ով, հակառակ դեպքում այն օգտակար չի լինի: Իսկ վիտամին C-ն էլ մեկ այլ առանձնահատկություն ունի, որ կարող է երկաթը երկվալենտից վերածել եռավալենտի, որը կրկին թունավոր է օրգանիզմի համար:

- Ստացվում է, որ երկու նյութերն էլ վտանգավոր են օրգանիզմի համար: Ավելին կենսաֆիզիկոս-փորձագետների կարծիքով քաղցկեղի բուժման ժամանակ օգտագործվում են հակաֆոլատային դեղամիջոցներ, որի նպատակը օրգանիզմում ֆոլատների մակարդակի իջեցումն է:

- Ֆոլյում նշանակում է տերև, և ինչքան կանաչ տերև կա, դրանք բոլորն էլ պարունակում են ֆոլաթթու: Ֆոլաթթուն միանշանակ պետք է մարդուն, բայց ոչ հայ ազգին, քանի որ մեր բոլոր սննդամթերքների մեջ կա ֆոլաթթու: Նույնիսկ անվճարունակ խավը ամռանը շատ կանաչեղեն, կանաչ լոբի, խաղող է ուտում, և դա բավարար է, որ մեր օրգանիզմը ֆոլաթթվի պակաս չունենա: Ինչ վերաբերում է ֆոլաթթվի պակաս ունեցողներին, որոնց թիվը շատ քիչ է (ամենաշատը 1000 մարդու մասին կարող է խոսք լինել), միայն նրանց կարող են ֆոլաթթու տալ, այլ ոչ թե բոլորին ստիպեն, որ ֆոլաթթվով հարստացված ալյուրից թխված հաց ուտեն: Սա խայտառակություն է, քանի որ այսպես կարող են սպանել ողջ ազգին: Ինչ-որ մեկը գրանտ է տվել, ուզում են դրանից օգտվե՞լ, ժողովրդի առողջության հաշվի՞ն: Սա ուղղակի խայտառակություն է:

- Կնշե՞ք, թե ուրիշ որ սննդամթերքներն են պարունակում ֆոլաթթու և երկաթ, որոնք անհրաժեշտ են և օգտակար:

- Օգտակար սննդատեսակներից առաջին հերթին կնշեմ հացը, որն ամեն ինչ պարունակում է` նույնիսկ երկաթ և ֆոլաթթու: Ճիշտ է` երկար վերամշակում անցած հացի մեջ այդ նյութերն ավելի քիչ են, սակայն կան: Բոլոր հացահատիկային կուլտուրաները նույնպես պարունակում են այդ նյութերը, այնպես որ մենք դրանց պակասը չունենք:

-Այդ դեպքում ինչո՞ւ են Առողջապահության նախարարության մասնագետները պնդում, թե ազգաբնակչությունը երկաթի և ֆոլաթթվի պակաս ունի:

- Պակաս կարող է լինել այն դեպքում, երբ օրգանիզմը հիվանդ է և չի կարողանում այն յուրացնել: Դա օրգանիզմի յուրացման խնդիրն է, որի դեպքում պետք է բուժել օրգանիզմը, ոչ թե ալյուրը հարստացնել: Եթե կենսաքիմիկոսները համաձայն չեն, ուրեմն կապ չունի, թե ով ինչ կասի, քանի որ բժիշկը նման կարծիք հայտնելու համար բավարար գիտելիքներ չունի, քանի որ բժշկի ստացած գիտելիքները կենսաքիմիկոսի չափ չի կարող լինել:

- Ո՞րն է Ձեր առաջարկը:

- Ես կառաջարկեի մոնիթորինգ անցկացնել, որն առանձնապես մեծ ծախսեր չի պահանջում և տեսնել, թե ո՞ւմ է այն պետք: Հատկապես ամռան ամիսներին այն ոչ մեկին էլ պետք չէ, իսկ եթե մի քանի հարյուր մարդ կա, ում օրգանիզմում երկաթի և ֆոլաթթվի պակաս կա, ապա պետք է նրանց բացահայտել, անվճար դեղամիջոց տրամադրել և բուժել:

- Իսկ ֆոլաթթուն ի՞նչ ազդեցություն ունի օնկոլոգիական հիվանդությունների առաջացման և զարգացման, ինչպես նաև գենետիկական փոփոխության վրա:

- Եթե օնկոլոգիական փոփոխությունը շուտ է բացահայտվում, ապա գենետիկական փոփոխություններն ավելի ուշ են ի հայտ գալիս և արտահայտվում են երկրորդ կամ երրորդ սերնդի վրա: Պատկերացրեք, ես ֆոլաթթու եմ ուտում, իսկ իմ թոռը իմ հիմարության պատճառով գենետիկական շեղումներով է ծնվում, որովհետև իր պապը ժամանակին ֆոլաթթու է ընդունել: Դա պետք է հասկանան մեր բարձրաստիճան պաշտոնյաները և հրաժարվեն այդ նախագծից:

- Ձեր կարծիքով կենսաքիմիկոսներին կհաջողվի՞ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներին համոզել, որ ետ կանգնեն այդ որոշումից:

- Մեր խնդիրն է մանրամասն բացատրել դրանց վտանգավորության աստիճանը: Բացի այդ, ես չգիտեմ, թե գենետիկորեն մոդիֆիկացված այլ սննդամթերքի մեջ ուրիշ էլ ինչ հավելումներ են կատարում և դա ինչի կարող է հանգեցնել, բայց համոզված եմ, որ եթե մի 5-6 հոգի նման արտահայտություն անելու համար պաշտոնից հեռացվեն, ամեն ինչ իր տեղը կընկնի: Բայց ոչ ոք չի խառնվում այդ գործին:

- Ձեր խորհուրդը ո՞րն է:

- Երջանկահիշատակ տատիկս, որը 94 տարեկանում մահացավ, ասում էր` մենք առողջ ենք եղել, որովհետև սով ենք տեսել և քիչ ենք կերել: Դա նա ասում էր 70-ական թվականներին, երբ սննդամթերքի մեջ քիմիա չկար: Ես չեմ կարող ժողովրդին խորհուրդ տալ, որ քիչ ուտեն, բայց նրանք պետք է գրագետ սնվեն և հետևեն սննդակարգին: Իսկ ինչ վերաբերում է այս նախագծին, ապա չի կարելի թույլ տալ, որ ազգը ինքնասպանության ենթարկվի:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ