Հա˜յ-հարա´յ. գիշատիչ են սատկացրել


Անհիշելի ժամանակներից վայրի գազանները ընտանի կենդանիներ ու մարդկանց են հոշոտել, մարդիկ ինքնապաշտպանվել են` քշելով կամ սպանելով դրանց: Ու հիմա հանկարծ, երբ սահմանամերձ գյուղում իրենց ոչխարներին հոշոտած գյուղացիները մի գիշատիչ են սատկացնում, ինչ-որ մարդիկ այնպիսի˜ վայնասուն են բարձրացրել: Հետն էլ մի հայտարարություն տարածել, ոչ ավել, ոչ պակաս` «Հայտարարություն հանցագործության մասին»: Ու լուրջ տոնով ամբաստանագիր-պահանջ է ներկայացվել.

«Հայտարարություն հանցագործության մասին

ՀՀ տարածքում գտնվող Վահան գյուղում (ենթադրվում է` Գեղարքունիքի մարզ) տեղի է ունեցել Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 92-րդ հոդվածով դատապարտվող գործողություն` «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը»: Գործողությունը պատկերված է կցված տեսանյութի վրա: Տեսանյութի վերնագրում նշված է նաև ամսաթիվը` 27 դեկտեմբերի, 2014 թ.: Պահանջում եմ.

* պարզել կենդանուն խոշտանգած անձանց ինքնություններն ու ներգրավել որպես մեղադրյալներ

* որպես վկա ներգրավել տեսանյութը Youtube համակարգում տեղադրած ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչ Թամար Դարբինյանին (Youtube-ին կցված Google+ սոցիալական ցանցի տվյալներով)

* մեղավորներին պատժել օրենքի ամբողջ խստությամբ:»

Այս պահանջի հեղինակը կամ հեղինակները երևի մոռացել են, որ վայրի գազանն ու գիշատիչը օրենքում ամրագրված նույն «կենդանի»-ն չի´ կարող լինել:

Չպաշտպանվեի՞ն, իրենց երեխաներին ու ընտանի կենդանիներին չպաշտպանեի՞ն գյուղ ներխուժած գիշատչից:

Հայտարարության հեղինակը նման դեպքում ի՞նչ էր անելու. փաղաքշելու էր գայլին ու մոգական բառերով քաղաքակրթելո՞ւ էր նրան:

Հայտարարության լավագույն պատասխանը ֆեյսբուքյան օգտատեր Սեդա Թորոսյանն է գրել.

- Սահմանային Վահան գյուղում գայլ են սպանել, ինչը հուզել է ոմանց: Սահմանային Վահան գյուղի բնակիչներ, Երևանում զայրացած են ձեզ վրա, մի երեք ոչխարի համար գյուղ մտած գայլին սպանել եք... Երբ մենակ դուրս եկաք թուրքի դեմ, մի գիշերում զոհ տվեցիք ձեր օջախների միակ արու 20-ամյա 16 զավակներին, Ani GΖdΖchik-ը և մի քանի կենդանասերներ չարձագանքեցին, իսկ գյուղ մտած գայլի համար սիրտները ցավեց...

Միակ չդատարկվող սահմանային հերոս գյուղ, թուրքը` շեմիդ, գայլը տունդ է մտնում... Պարապ-սարապ ֆեյսբուքականների մի հսկա խումբ քննարկում է արարքդ, առաջարկում գոմի դռները լավ փակել, ՉԱԼԱՐԵԼ քարը քարին դնել, որ գայլը գյուղ չմտնի... Ներեցեք նման տգետներին, բառիս ամենաիսկական իմաստով վահան դարձած գյուղի բնակիչներ... Երբ իրենց բակը գայլ մտնի, թող տուն տանեն, հյուրասիրեն կամ տաքսի վարձեն` 200 կիլոմետր ճանապարհ անցնեն, գայլին Երևանի գազանանոց հասցնեն: Իսկ գյուղապետին, ում չեմ ճանաչում, կասեի, մի վրդովեք, թող գոնե այսպես իմանան, որ սահմանային գյուղ կա, որտեղ գայլին սատկացնելու «քաղաքակիրթ» ձևը չգիտեն: Ուրիշ բան է թուրքի հարցը...

Տեղին է Սեդա Թորոսյանի հաջորդ մտահոգությունը ևս.

- Ինձ թվաց, թե գրանտակերներով կսահմանափակվի գայլին «տանջամահ անելու» մասին պատմությունը: Պարզվում է, համաժողովրդական հնչեղությամբ այս հարցը նոր որակի են բարձրացրել որսորդները. կենդանիների և ձկների պաշտպան ինչ-որ կազմակերպություն` պահանջելով միջազգային ինչ-որ օրենքներին համապատասխան` պարտադրել վահանցիներին` վճարել միջին աշխատավարձի չգիտեմ քանի հարյուրապատիկը... Եվ կհասնեն իրենց պահանջի իրականացմանը, սա է սարսափելին: Սիրելի վահանցիներ, 16 երիտասարդ տղաներիդ զոհ տալով նաև այս ողորմելիներին եք պաշտպանել, ովքեր գայլին սպանելու այնպիսի հմտություն ունեն, որ ձեզ նման մոլոր չեն մնում իրենց բակը ներխուժած քաղցած գազանի հանդեպ...

Բայց խնդիրն ուրիշ մի հարց է ծնում, որի պատասխանը չգիտես` ումի՞ց ակնկալել. վերջապես ո՞վ պետք է պաշտպանի մարդկանց` գիշատիչների հարձակումներից, որոնք հետզհետե ավելի հաճախակի են դառնում: Պատկան մարմինները գուցե փլուզված նախկին պետության փո՞րձն ուսումնասիրեն. այն տարիներին գիշատիչները ոնց որ թե այսքան սանձարձակ չէին, որ օրը ցերեկով գյուղ կամ քաղաք մտնեին: Թե՞ կասեն, որ խորհրդային մահակից վայրի գազաններն էլ էին վախենում, իսկ դեմոկրատիան նաև հոշոտելու դրանց իրավունքը

պետք է պաշտպանի: