Մոլագարություն, վախեր, կպչուն մտքեր...


Պարզվում է, որ սրանք բոլորն էլ հոգեկան հիվանդություններ են, որոնց բուժման բանալին միայն հոգեբույժների ձեռքում է: «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի հոգեբույժ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանն իր աշխատանքային գործունեության 40 տարիների մի մասն անցկացրել է խորհրդային, իսկ մյուս մասն էլ անկախացման շրջանում: Եվ իրարից տրամաբանորեն հակադիր այս երկու ժամանակահատվածների միջև համեմատականներ անցկացնելով` ցավով է արձանագրում, որ ներկայումս հասարակությունը դադարել է հավատալ ու վստահել հոգեբույժներին:

Ինչո՞ւ է հասարակությունը կորցրել վստահությունը նաև նրանց նկատմամբ: Արդյո՞ք հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հանդեպ անուշադրությունը չէ պատճառը, որ հասարակությունն այսօր սպանության, ինքնասպանության և առանձնակի դաժանությամբ իրականացված ոճրագործությունների մասին տեսնելու և լսելու պակաս գրեթե չունի: Այս և թեմային առնչվող այլ հարցերի շուրջ է «Ավանգարդ»-ի զրույցը Հարություն ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

- Վերջին տարիներին տեղի ունեցած սպանությունների, ինքնասպանությունների ձևերն ու որակները թույլ են տալիս եզրակացնել, որ մեր հասարակության հետ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում:

- Ինքնասպանությունը նոր երևույթ չէ: Այն միշտ էլ եղել է` մարդկության արշալույսից սկսած բոլոր դարերում և բոլոր երկրներում: Նույնիսկ հին հունական դիցաբանության մեջ կան բազմաթիվ ինքնասպանության դեպքեր: Հին Հունաստանում ինքնասպան աղջիկներին մերկ դնում էին հրապարակում` խայտառակելու նպատակով և դրանով կարծես թե ուզում էին կանխել ինքնասպանությունները:

Քրիստոնեությունն էլ ինքնասպաններին չի ընդունում և համարում է ոչ աստվածահաճո: Այսինքն, ինքնասպանոթյունը միշտ էլ համարվել է ոչ նորմալ երևույթ և պարսավվել է հասարակության կողմից:

- Սա հոգեկան խնդիրներ ունենալո՞ւ, թե աշխատանք չունենալու կամ վատ պայմաններում ապրելու հետևանք է, քանի որ հասարակությունն ինքնասպան եղածին վերաբերվում է որպես հասարակությունից լքվածի, այլ ոչ թե հիվանդի:

- Ինքնասպանությունը հոգեբուժական երևույթ է և 90 տոկոսով ինքնասպանություն կատարում են հոգեկան հիվանդները: Սխալ է այն կարծիքը, թե առողջ մարդը կարող է ինքնասպանություն գործել:

- Իսկ աֆեկտի վիճակում կատարված դեպքերը:

- Աֆեկտը նույնպես հոգեկան խանգարման վիճակ է: Առողջ մարդու մոտ մշտապես գործում է ինքնապաշտպանական բնազդը: Նույնիսկ ամենասարսափելի իրավիճակներում, անգամ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում մարդիկ չէին մտածում ինքնասպանության մասին և հազարից մեկն էր նման քայլի դիմում, չնայած, գիտեին, որ մեռնելու են: Նույնը սթրեսների ժամանակ: Դրա վառ օրինակն այն է, որ Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ, շատերը կորցնելով իրենց հարազատներին, սիրելիներին, տունը` ինքնասպանության չգնացին: Գալով ներկայիս իրավիճակին` ասեմ, որ հիմա վատ իրավիճակ է տիրում` հոգեբուժական գրագիտության առումով: Մեր ժողովուրդը միանգամայն անգրագետ է այդ առումով: Սովետական տարիներին հեռուստատեսությամբ, ռադիոյով, թերթերով քարոզվում էր հոգեբույժին դիմելու անհրաժեշտությունը: Հիմա այն չկա, իսկ այն բժշկական հաղորդումները, որոնք հեռարձակվում են հեռուստատեսությամբ հիմնականում կրում են գովազդային բնույթ:

- Փաստորեն հոգեկան շեղումներ ունեցող մարդիկ ու նրանց հարազատները ոչ միայն չեն իմանում, որ իրենց հարազատը հոգեկան խնդիրներ ունի, այլև իրենց չիմացության արդյունքում ինչ-որ տեղ նույնիսկ «նպաստում են» հիվանդության խորացմանը:

- Նման խնդիրներ ունեցողներին հարազատները տանում են վախ բռնողների կամ թուղթ ու գիր անողների մոտ: Իրենց հարազատների շեղումները վերագրում են սիրահարվածությանը, աշխատանք չունենալուն, բնավորությանը, այսինքն ամեն ինչին` չմտածելով, որ մարդը հոգեկան խնդիրներ ունի:

- Եթե սպանությունը, ինքնասպանությունը, կամ ագրեսիվ վարք դրսևորելը հոգեկան հիվանդություն է, ապա դատելով վերջին շրջանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերից, կարո՞ղ ենք ասել, որ հոգեկան հիվանդների թիվն աճել է Հայաստանում:

- Կարող է տարօրինակ թվալ, բայց ողջ աշխարհում նման հիվանդների թիվը չի աճում և կազմում է բնակչության մոտավորապես 10 տոկոսը: Հոգեկան հիվանդութ յունների շատ տեսակներ կան, որոնք ունեն ենթատեսակներ և դրանցից յուրաքանչյուրը տարբեր ձևերով է դրսևորվում: Խնդիր է նաև այն, որ հոգեկան հիվանդների բուժմամբ զբաղվում են հոգեբանները և «հոնքը շինելու փոխարեն աչքն են հանում»: Հոգեբանական «բուժում» ստացող հիվանդների վիճակը գնալով խորանում է, և արդյուն քում հոգեկան խնդիրներ ունեցողները կամ կամուրջից են նետվում, կամ կախվում են, կամ երակներն են կտրում և այլն: Իմ դիտարկմամբ` Հայաստանում տարեկան շուրջ 400 մարդ է ինքնասպան լինում, որի շուրջ 70 տոկոսը շիզոֆրենիայով հիվանդներն են, 20 տոկոսը դեպրեսիայով հիվանդներն են, իսկ 10 տոկոսն էլ բաժին է ընկնում ռեակտիվ փսիխոզներին, աֆեկտներին, նարկոմանիային, ալկոհոլիզմին և այլն:

- Դուք ասում եք հոգեկան հիվանդների թիվը չի աճում, բայց կարծես հասարակությունն ավելի ագրեսիվ է դարձել, ավելացել են առանձնակի դաժանութ յամբ սպանությունները: Արդյո՞ք դա կրկին հոգեկան խնդիրների հետևանք չէ: Օրինակ` եթե մարդը դանակի երկու հարվածով արդեն սպանել է դիմացինին, ապա ինչու է, օրինակ, ևս հիսուն հարված հասցնում:

- Բոլոր հոգեկան հիվանդների մոտ կա ներքին ագրեսիա, որը վաղ թե ուշ սկսում է դրսևորվել արտաքին ագրեսիայի տեսքով: Արտաքին ագրեսիան կարող է դրսևորվել երկու ձևով` աուտոագրեսիա, որն ուղղված է սեփական անձի դեմ և հետերոագրեսիա, որն ուղղված է այլ մարդկանց, կենդանիների, ծառերի և այլնի դեմ: Չբուժված հոգեկան հիվանդների 90 տոկոսը վտանգավոր են հասարակության համար: Եվ դուք ճիշտ եք ասում, որ եթե մարդը դանակի երկու հարվածով կարող է սպանել, ապա ինչու է, օրինակ, հիսուն հարված հասցնում: Առողջ մարդը նման դաժանություն կարող է դրսևորել աֆեկտի ազդեցության տակ, իսկ մյուս դեպքում էլ դա կարող է կատարել շիզոֆրենիայով հիվանդը:

- Ինչու են մարդիկ խուսափում հոգեբույժներից, միգուցե չե՞ն վստահում:

- Առաջին պատճառն այն է, որ մտածում են, թե դա խարան է, դրա համար էլ չեն դիմում հոգեբույժներին: Հիվանդների մի մասն էլ անվճարունակ է և ի վիճակի չէ օգտվել վճարովի բժշկական օգնությունից կամ գնել թանկարժեք դեղեր. օրինակ կա դեղ, որի 28 հաբը արժե 120 000 դրամ:

- Հոգեբույժները դեղերով են բուժում, իսկ դեղերն էլ ազդում են մարդու ինքնազգացողության վրա, թմրեցնում են, հետո որոշ ժամանակ անց նորից նույն խնդիրը գլուխ է բարձրացնում, և փաստորեն մարդը կախվածության մեջ է հայտնվում հոգեմետ դեղերից: Գուցե դա՞ է պատճառը, որ նախընտրում են հոգեբաններին դիմել:

- Հոգեբույժները բուժում են ինչպես դեղերի, այնպես էլ ներշնչման միջոցով, իսկ հոգեբանները առանց դեղամիջոցի են «բուժում» և խնդիրներն ավելի են բարդացնում: Ես մի հիվանդ ունեի, որի մայրը խնդրեց առանց դեղերի բուժում իրականացնեմ: Դա անհնարին է, քանի որ հոգեկան հիվանդությունները ամբողջ աշխարհում միայն և միայն դեղերի միջոցով են բուժվում, և ավելի լավ է մարդը հոգեմետ դեղեր ընդունելով նորմալ կյանքով ապրի, ինչպես, ասենք, շաքարախտով հիվանդը, քան ինքնասպանվի կամ հաշմանդամ դառնա:

- Հասարակության մեջ աճել է նաև վախի զգացումը, օրինակ` վաղվա օրվա հանդեպ, միմյանց հանդեպ, անցորդի հանդեպ: Սա ի՞նչ է:

- Հասարակության մեջ շատ-շատ են չբուժված հոգեկան հիվանդները և, բնականաբար, դա կարող է ազդել հասարակության վրա: Ի դեպ, հասարակության շրջանում չպատճառաբանված վախ կա նաև հոգեմետ դեղերի նկատմամբ:

- Ի՞նչը կարող է դառնալ հոգեկան հիվանդությունների առաջացման պատճառ. ժառանգականությո՞ւնը, թե՞ արտաքին պայմանները նույնպես կարող են նպաստել հոգեկան հիվանդությունների առաջացմանը:

- Միայն գեները: Գիտնականները հայտնաբերել են, որ հոգեկան խանգարումները դրանք գենային մակարդակի խանգարումներ են, և երբ ուսումնասիրում ենք մեր հիվանդներին, շատ հաճախ հայտնաբերում ենք երկրորդային դեպքեր: Օրինակ` մայրը, հայրը, հորեղբոր տղան, մորաքրոջ աղջիկը և այլն, բայց եթե նունիսկ չկա էլ այդպիսի դեպք, ապա դա դեռևս չի նշանակում, որ մարդը չի կարող հոգեկան խնդիրներ ունենալ:

- Իսկ ինչպե՞ս հարազատը հասկանա, որ իր որդու, կամ ամուսնու մոտ հոգեկան խնդիրներ կան, և որո՞նք են հիվանդության կանխարգելման առաջին ու հիմնական քայլերը:

- Երբ փոխվում է մարդու վարքը, երբ նա դառնում է ինքնամփոփ, մեկուսացած, կասկածամիտ: Դրանք առաջին նշաններն են, որի դեպքում հարազատները կարող են խորհրդակցել բժշկի հետ: Ինչո՞ւ երբ մարդը ջերմություն կամ այլ խնդիրներ է ունենում, դիմում է բժշկի, մինչդեռ հոգեկան խնդիրների դեպքերում խուսափում են հոգեբույժներից` պատճառաբանելով գումար չունենալը և այլ գործոններ: Իմ խորհուրդը բոլորին. եթե ձեր հարազատի մոտ նկատում եք տրամա-դրության անկում, հոռետեսական մտքեր, վարքի փոփոխություն, այլ տարօրինակություններ, ապա հիվանդի հետ կամ առանց հիվանդի անպայման դիմեք հոգեբույժին և պետք չէ «ապավինել» թուղթ ու գիր անողներին ու վախ բռնողներին:

- Ամփոփելով զրույցը ստացվում է այսպիսի պատկեր. քանի որ հասարակության մեջ ազատորեն ապրում են չբուժված հոգեկան հիվանդներ, որոնք ամեն վայրկյան կարող են վնասել իրենց կամ որևէ մեկին, դրա պատճառով էլ մարդկանց մոտ ավելացել են տարբեր վախերն ու ֆոբիաները, որոնք նույնպես հոգեկան հիվանդություն է համարվում: Ստացվում է փակ շղթա, որի մեջ ապրում ենք բոլորս: Այս պարագայում ի՞նչ է պետք անել, որ դա վաղը չդառնա ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր:

- Այո, ճիշտ եք ասում, դրա համար էլ պետք է լայն իրազեկում իրականացնել բժշկության և հոգեբուժության վերաբերյալ: Հանրապետությունում չկա բժշկա-առող ջապահական շաբաթաթերթ, որը կօգնի մարդկանց տարրական գիտելիքներ ստանալ: Հարկավոր է աշխատանքներ տանել` բարձրացնելու համար հասարակության բժշկական գիտելիքների մակարդակը: Զարմանալի է, որ մարդը կարող է լինել կրթված, ապահովված անձնավորություն, բայց` խավարամիտ և դիմի գրբացներին: Լինում են նաև դեպքեր, երբ մարդիկ կրթված չեն, բայց ընդհանրապես չեն ընդունում վախ չափողներին, գրբացներին` նախընտրություն տալով հոգեբույժներին: Ինչ վերաբերում է մամուլին, ապա այն հզոր պրոպագանդայի միջոց է, բայց, ցավոք, այսօր թերթերը չեն անդրադառնում նման խնդիրներին և այս լուրջ, կարևորագույն հարցը ոչ միայն չի լուծվում, այլև շարունակում է խորանալ:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ