Կարևորը` հոգին չամայանա 


Կարծես դեռ երեկ էր` նախապատրաստվում էինք հերթական տարեմուտը հնարավորինս առատ սեղաններով դիմավորել: Ում որքանով դա հաջողվեց` դժվար է ասել, որովհետև չափի չափանիշներն են տարբեր: Փոխարենը դժգոհություններ հնչեցին տոնական օրերի առատությունից: Դա արդեն մտորելու առիթ էր. հայ մարդը դժվարանում է իր տանը մի քանի օր ավել մնալ, խուսափում է հարազատներին ու մտերիմներին այցելել: Ասել է թե` հոգեբանություն է փոխվել և ոչ` հայի նկարագրին հարիր:

Ազգային նկարագիրը կեղծ կատեգորիա համարողները հենգնանքով թափ կտան ձեռքներն, իհարկե: Այդպիսիները կամ մոռացել են, կամ չեն էլ իմացել, որ հազարամյակ ների բոլոր մարտահրավերներին դիմակայած մեր ժողովուրդը աշխարհին հանճարներ է պարգևել, ովքեր հպարտորեն են նշել իրենց ազգային պատկանելությունը:

Կարծես դեռ երեկ աշխարհին տանտեր դարձած 2015-ն արդեն եզրագծին է հասնում և մղում է ի մի բերել արված-չարվածը, անելիքներն ու հնարավորությունները` առանց հանրաքվեի մեր դուռը թակող հերթական գալիքին: Ի մի բերել` ոչ թե ժողովարաններում թվեր հրապարակելով ու չարվածի համար այլոց մեղադրելով, այլ` սեփական հոգու մութ կամ լուսավոր առանձնասենյակում ինքզինքն անկեղծ խոստովանելով: Ուրեմն նախ ճշտել է պետք` կարողացե՞լ ենք այդչափ զորանալ հոգով: Այս պարագայում մարմինն էական չէ. շքեղ կամ աղքատիկ հանդերձը` առավել ևս: Մեր հոգիներին ի՞նչ սնունդ ենք տվել` սա է կարևորը:

Իսկ հոգին զորանում է նախ սիրով: Ապիրատ այս ժամանակներում սերն էլ սոսկ մարմնավոր է դարձել, բայց` առերևույթ: Ա˜յ հենց մեր հոգու մութ կամ լուսավոր սենյակում փորձենք անկեղծանալ` պահե՞լ ենք սիրելու աստվածատուր ունակությունը: Իսկ սիրել նշանակում է` կարողանալ ներել, անշահախնդրորեն նեցուկ լինել, առանց հաշվարկնե րի օգնել: Պատրաս՞տ ենք հրաժարվել գոնե ավելցուկ այն պատառից, որն ուրիշի բերանից է խլվել և մեր մարմինն է ծվատելու:

Նոր տարետիրոջ հետ Սուրբ Ծննդյան լույսն է շողարձակելու: Բա՞ց են մեր հոգու դռները` այդ շողերը փնջելու, և ոչ թե առերես չքմեղանալով` սրան-նրանց բզկտող հին «կարուսելը» պտտելու: Ի վերջո, քաջություն ունենանք սերնդեսերունդ փոխանցվող ու այդպես էլ անպատասխան մնացած` «Ո՞վ է ի՞նչ տարել աշխարհից» հարցի միակ պատասխանը հնչեցնենք «Ոչ ոք և ոչինչ»: Այս աշխարհից տանելիք չկա, որովհետև Տիրոջ տանը հնոտի պետք չէ, Տիրոջ սեղանից օգտվողները մաքրության բաժակից են ըմպում: Երկրային ծարավը Երկնքում հագեցնելու համար հենց այստե´ղ պետք է մաքուր, բայց ոչ` ոսկեզօծ բաժակի արժանանալ: Արժանանա´լ, զի այդ մաքրությունը ոչ գնել կարելի է, ոչ էլ` հափշտակել: Հոգուցդ բխող զուլալությամբ է այն մաքրագործվում:

2015-ը շտապում է մեզ հրաժեշտ տալ. նորովի փորձենք քննել մեր հանդիպում-բաժանումը նրա հետ և պարտավորվենք գալիք տարում ավելի խնամքով վերաբերվել ինքներս մեզ:

Կարևոր է, որ հոգին չամայանա: