ԽՈՇՈՐԱՑՈՒՄ


ԱԺ հունիսյան արտահերթ նիստի ժամանակ քննարկվեց և 58 կողմ, 23 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «Համայնքների խոշորացման մասին» վարչատարածքային փոփոխությունների նոր օրինագիծը, որով Արարատի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում համայնքների խոշորացում կիրականացվեն:

Ի՞նչ կտա խոշորացումը համայնքին, համայնքում ապրող բնակչին, կամ ինքնակառավարման մարմինը որքանո՞վ կշահի: Այս և այլ հարցերի մասին է զրույցը «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ:

- Ձեր կարծիքով համայնքների խոշորացման անհրաժեշտությունն այդքան հրատա՞պ էր և իրականում այն ի՞նչ կտա նույն համայնքին:

- Համայնքների խոշորացման հայեցակարգը մշակվել է մեր գրասենյակում դեռևս 10 տարի առաջ: Այդ ժամանակվանից մենք ասում էինք, որ փոքր համայնքները` նվազ ֆինանսական և կադրային ունակություններով, կառավարման մարմիններ լինել չեն կարող, և դրանք պետք է ուժեղացնել: Ուժեղացման միակ ճանապարհը խոշորացումն է, որպեսզի ավելի մեծ տիրույթում ավելի շատ գումարներ լինեն: Բացի այդ, այն թույլ կտա նաև, որ ուժեղ և ունակ կադրերով համալրվեն կառավարման մարմինները, որոնք կարող են աշխատել աշխատակազմում: Սա է եղել խոշորացման հիմնական նպատակը:

- Ի՞նչ սկզբունքով է խոշորացումն իրականացվելու և, արդյո՞ք, փոքր համայնքները չեն ունենա աղքատ բարեկամի կարգավիճակ:

- Երկու մոտեցում կա. շատ խոշորացնել համայնքները` հասցնելով նախկին շրջանային մակարդակի և փոքր չափերով խոշորացնել` փնջային մակարդակով: Որպեսզի կարողանանք կողմնորոշվել, թե որն է ավելի արդյունավետ, իշխանություններն ընտրեցին պիլոտային ծրագրեր իրականացնելու տարբերակը: Այդ ծրագրերից երեքն իրականացվել է, մնացածն էլ հիմա է իրականացվում: Ես ներկայացնում եմ փորձագիտական մակարդակով կատարված ուսումնասիրությունը, սակայն համայնքների խոշորացումը քաղաքական գործընթաց է: Բայց միշտ չէ, որ քաղաքական գործընթացները և պետական, փորձագիտական կարծիքները համընկնում են: Խոշորացման նպատակը ոչ թե համայնքներին տրամադրվող բյուջեն վերցնելու և այն այլ տեղ ծախսելու փորձ է, այլ այդ նույն բյուջեն ավելի արդյունավետ օգտագործելու նպատակ է հետապնդում:

Համայնքի մեկ աշխատակցի վրա ծախսվող գումարը 1 մլն դրամ է, և եթե 4 անձ է աշխատում, ապա տվյալ համայնքի վրա ծախսվում է 4 մլն դրամ, որը դառնում է տվյալ գյուղի բյուջեն: Հիմա ո՞րն է ճիշտ` 4 մարդ պահել այդ գյուղում, թե՞ այդ գումարը ծախսել մանկապարտեզի, փողոցի լուսավորման, աղբահանման կամ ոռոգման ջրագիծ կառուցելու վրա:

- Ստացվում է, որ գյուղապետարաններն իրենց աշխատակիցներով կկրճատվեն և փաստացի ավելի կմեծանա սոցիալական լարվածությունը: Համաձայն չե՞ք:

- Անշուշտ ցավալի է, որ մարդիկ աշխատավարձ ստանալու հնարավորությունից զրկվում են, բայց պետք է հաշվի առնել, որ այդ աշխատավարձը գոյանում է հարկատուների կողմից վճարվող գումարներից. ավելի լավ չի՞ լինի նույն գումարները ծախսելով` ծառայություններ մատուցվի համայնքին, քան 4 հոգի աշխատավարձ ստանա: Այսինքն, համայնքների խոշորացումը պետք է ուղղել մի կողմից համայնքներում ծառայություններ մատուցելուն, մյուս կողմից` պետք է նպաստի գրագետ կադրերով լավ աշխատող համայնք ունենալուն, ինչը 300 մարդ ունեցող համայնքի պարագայում դժվար է իրականացնել: Մեծ առումով սպասել, որ խոշորացման հետևանքով համայնքները կծաղկեն, ծիծաղելի է: Եվ, եթե որևէ մեկը նման խնդիր իր առջև դնի, ապա երկու տարի հետո կտապալվի, որովհետև խոշորացումը չի կարող լուծել այն բոլոր խնդիրները, որոնք այսօր կան: Ի դեպ, համայնքների միացման ժամանակ նույն բնակավայրերում պետք է շարունակեն գործել համայնքների ներկայացուցիչներ` գյուղապետերի փոխարեն:

- Նրանք ընտրվելո՞ւ են, թե՞ նշանակվելու:

- Նշանակվելու են վերևից, քանի որ բոլոր ներկայացուցիչներն ընտրելու են համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարը նշանակելու է այդ փոքր համայնքների ներկայացուցիչներին:

- Փաստորեն շարունակվելու է համայնքային մակարդակով կառավարման կլանային համակարգի ամրապնդումը:

- Եթե այդպես է, ապա ո՞ր դեպքում ավելի մեծ կլինի կլանային համակարգի ամրապնդում` 300 հոգուց բաղկացած համայնքո՞ւմ, թե՞ 3000: Այս դեպքում բոլորը սկսելու են իրենց համայնքի մասին մտածել: Ավագանին սկսելու է կայանալ, ավագանու որակը կփոխվի, քննարկումների մակարդակը կփոխվի, միանշանակ բոլոր նախաձեռնություններին այո չեն ասելու, սկսելու են քննարկել, թե որն է ճիշտ, որն է սխալ:

- Դուք ներկայացնում եք տեսական մասը, բայց որքանո՞վ այն իրականում կաշխատի: Շատ-շատ լավ գաղափարներ կան, որոնք այդպես էլ մնում են թղթի վրա, և արդյունքում մեծ հաշվով ոչինչ էլ չի փոխվում:

- Հիմա դեռ վաղ է ասել, բայց մեկ տարի հետո, եթե կրկին հանդիպենք, այդ ժամանակ արդեն կարելի է հստակ ասել, թե որքանո՞վ է այդ ինստիտուտը կայացել: Հիմա նույնպես արդեն իսկ տեսանելի է, որ որոշ հարցեր արդեն կան: Օրինակ` աշխատակազմի հետ կապված խնդիրները, բոլոր նախկին համայնքների ղեկավարներն ավտոմատ դառնում են վարչական ղեկավարներ, սա նույնպես լավ չէ, բայց այլընտրանք ունենալու համար պետք է ժամանակ անցնի:

- Կարևոր է հասկանալ նաև, թե խոշորացումն ի՞նչ կտա գյուղացուն և, արդյո՞ք, նրան ավելի չի հեռացնի կառավարման մարմնից:

- Օրինակ, 300 հոգանոց գյուղի բնակիչն ինչքանո՞վ էր մոտ կանգնած ղեկավար մարմնին: Նույն չափով էլ մոտ է լինելու համայնքի ներկայացուցչին: Ի դեպ, մանկապարտեզները, գրադարանները, ակումբները մնալու են, խոսքը միայն վերաբերում է վարչական ապարատի կրճատմանը: Այդ պարագայում արդեն չեն կարող ասել, որ փող չկա: Նախկին աշխատողների կրճատման արդյունքում ավելացած գումարը մնում է համայնքին և արդեն չեն կարող ասել, որ գումար չկա այս կամ այն հարցը լուծելու համար:

- Բայց խոշորացման արդյունքում փոքր գյուղերը չե՞ն սկսի դատարկվել:

- Իրականում ոչ թե թույլ համայնքները չեն ուզում միանալ ուժեղ համայնքներին, այլ հակառակը, քանի որ այս դեպքում արդեն մեծ համայնքն ավելի խոշորանալով` պարտավորվում է նաև իր գումարները ծախսել մյուս համայնքային խնդիրները լուծելու համար: Ուստի դրա առավելությունը նաև այն է, որ փոքր համայնքները կսկսեն զարգանալ, տաղանդավոր երեխաների համար ավելի նպաստավոր պայմաններ կստեղծվեն:

- Իսկ որ փոքր համայնքներում դպրոցներ են փակվում և երեխաները ստիպված են լինում ձյան, բքի պայմաններում 7-8 կիլոմետր քայլել` ուրիշ համայնքի դպրոց հասնելու համար, դա խայտառակություն չէ՞:

- Ինչ վերաբերում է դպրոցներ փակվելուն և այլ խնդիրներին, ապա դա ՏԻՄ-ի խնդիրներից դուրս է: Այստեղ պետք է իշխանությունները կարողանան այնպիսի քաղաքականություն վարել, որպեսզի մարդիկ բնակավայրերում ապրելու ցանկություն ունենան: Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որտեղ ուսուցիչների քանակը երեխաների քանակից շատ է:

- Չե՞ք կարծում, որ համայնքների խոշորացման արդյունքում առաջին հերթին կդատարկվեն սահմանամերձ բնակավայրերը. ի՞նչ պատկեր կունենանք մի քանի տարի հետո:

- Եթե մեր նպատակը սահմանամերձ գյուղերը պահելն է, ուրեմն գուցե կարիք կա, որ կառավարությունը որոշում կայացնի այնտեղի բնակիչներին գումար տալ, որ գյուղերը չդատարկվեն: Բայց դա չի լինի տեղական ինքնակառավարում: Ձեր ասածը սոցիալական խնդիր է, ոչ թե կառավարման. դա դուրս է մեր քննարկման շրջանակներից: Բայց ի՞նչ եք կարծում, գյուղը չե՞ն լքում, երբ դպրոց ու մանկապարտեզ է լինում: Ոչ բարենպաստ պայմանը գյուղի համար փողն է, բիզնեսը: Եթե համայնքների բնակիչներն աշխատանք ունենան ու փող ստանան, մակապարտեզ էլ կկառուցեն, դպրոց էլ, ամեն ինչ էլ: Եվ շատ մարդիկ կգնան կապրեն այնտեղ: Այդ հարցն է պետք լուծել, ոչ թե բյուջեի հաշվին դպրոց պահել: Մենք պետք է մտածենք ոչ թե մի քանի հոգու բյուջեից աշխատավարձ տալու, այլ պետք է մտածենք բյուջեն լցնելու մասին: Համայնքներում պետք է արտադրություններ հիմնել, այդ դեպքում դրանք չեն դատարկվի:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ