ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ


Մեր ներքին թշնամին ավելի անվտանգ չէ, քան արտաքինը: Արտաքին թշնամուցդ միշտ հարված սպասելով` ավելի զգոն ես ապրում, զենքը պատրաստ պահում: Ու ճանաչում ես նրան: Բայց ա´յ` ներքին թշնամիդ որդի նման աննկատ ապրում է սննդարար մի անկյունում ու մի օր էլ այնպիսի շառաչուն ապտակ է տալիս հոգուդ, որ կարկամում ես անակնկալից: Այս անգամ այդ «որդը» Արամ Աթեշյան անվանյալ հոգևորականն էր, ով Թուրքիո նախագահի «թոք ու ջիգյարը» մի լավ յուղելուց հետո հիմա էլ Հայաստան է գալիս: Չէ, մեր արևը չի խնդրում, գալիս է Հռոմի Պապի՜ն տեսնելու: Բա առանց նրա նմանների Հովվապետը չի՞ տխրի: Գուցե գլխի՞ է ընկել, որ ուրացումը, սուտ վկայություն տալը մահացու մեղքեր են և գալիս է Պետրոս Առաքյալի հետնորդը համարվող Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդից մեղքերի թողություն հայցելո՞ւ… Հազիվ թե:

Իր հոտի անունից հայի արյան ծարավ թուրք «մագիստրոսին» շողոմացած (ինչո՞ւ չէ` հե´նց շնացած) հոգևորականն իր իսկ ազգակիցների հիշատակին ձայն բարձրացրած Գերմանիայի պատգամավորներին էր դատափետում: Նրան արդարացնողներ էլ եղան, թե հայ համայնքի ապահովության համար է անում, թեև նույն համայնքն ընդվզեց նրա եղկելի արարքի դեմ: Ավելի հակված ենք կարծել, որ անձնական մե˜ծ շահ ուներ և հարմար առիթ գտավ` քծնանքով ծառայություն մատուցելու: Տե´րը` նրան դատավոր: Այսօր «Զվարթնոց» օդակայանում նա երևի կզգա ձայն բազմացի արհամարհանքը, հայրենիքից «վտարված» լինելու դառնահամը…

Ծախված հոգևորականն արժանի էլ չէ զայրույթի. արհամարհանքը լիուլի բավ է` նրա նմաններին ասելու.

- Ժողովրդի անունից մի´ խոսեք: Սողացեք ում ոտնատակին կուզեք, բայց ազգի անունը մոռացեք: Ձեր նմաններին պատմությունն է քերում արդարության օձիքից:

Ներքին թշնամին մեր մեջ է` օտարների դրածոների ու մամոնայից գերվածների տեսքով: Մեզ իրենց բարեկամը ներկայացնող տերություններն էլ հաճախ ներքին թշնամի են դառնում` սեպ խրելով մեր միասնականացման թիկունքին: Օրհասի պահին փակ են նրանց աչքերը և լեզուները` կապված, բայց հանկարծ չզգան, որ ժողովուրդը բռունցքվում է թշնամու դեմ… Դե, մեր թշնամին, փաստորեն, նրանցից շատերի բարեկամն է, և նույն Թուրքիան ու Ադրբեջանը մեր այդ տեսակ բարեկամների թողտվությամբ են հայի արյուն ու հայկական հողեր լափել: Հետաքրքիր է, Զախարովա կոչյալի երևակայությո՞ւնն է այդչափ սահմանափակ, թե՞ ապրիլյան փորձությունից հետո մենք էինք կատարյալ երևում, որ տիկինը այլ մեղադրանք չգտավ, քան Նժդեհի արձանը թիրախավորելը: Մանկամտության չափ պարզունակ «գելթոզի»: Լեռնահայաստանի արծիվն, ախր, նաև շատ ռուսների է փրկել ադրբեջանցի դարձած արնախում քոչվորներից: Չգիտե՞ր: Հենց կարմիր Ռուսաստանի բանտերում է տառապել Նժդեհը: Ո՞ւմ բերանով էր ճամարտակում այդ կինը: Երևի նրանց, ում որոշ մարմնամասեր առայսօր ցավում են, որ Լեռնահայաստանը հայկական մնաց…

Ի դեպ, զախարովաների ու աթեշյանների մասին ավելի դիպուկ արտահայտվել է Նժդեհը.

- Մարդկային ազգը տառապել է և կտառապի իր տականքների երեսից:

Իրենց տականքները` ահա´ ազգերի իրական թշնամին:

Իրենց տականքները` ահա´ ազգերի գոյությունը հաճախ և հաճախ դժոխքի վերածող ամենազորեղ ազդակը…