Պետք է հնարավորինս կարողանանք «ես»-ը փոխել «մենք»-ով


Կարծես ազգային հատկանիշ է դարձել մեկ-մեկու չսիրելը, ուրիշի լավով չուրախանալը, իսկ վատով ոգևորվելը: Հետաքրքրականն այն է, որ անկախացումից առաջ նման հոգեվիճակ կարծես թե չկար, և մարդկանց մեջ ավելի շատ կարեկցելու և դժվարության ժամանակ միմյանց սատարելու հատկանիշն առավել վառ էր արտահայտված, քան հիմա: Հիմա կարծես ավելացել է չարությունը, մարդիկ սկսել են իրար չսիրել: Սակայն տարեսկզբից մեզ պատուհասած վտանգները փաստում են, որ այնուամենայնիվ, հայ ազգը վտանգի դեպքում համախմբվում է և սկսում և միասնաբար պայքարել վտանգին կամ աղետին դիմակայելու, այն հաղթահարելու, դժվարին իրավիճակից դուրս գալու համար: Հայի ազգային որակական հատկանիշների, վերջին տարիների ընթացքում դրանց հնարավոր փոփոխության և ներկայիս գլոբալիզացիայի հնարավոր ազդեցության մասին է զրույցը հոգեբան Իրինա ԾԱՏՈՒՐՅԱՆԻ հետ:

- Վերջին իրադարձությունները թույլ են տալիս մտածել, որ հայի գենում թաքնված բազում հատկանիշներ կան, որոնց մասին կարծես թե այնքան էլ չի խոսվում: Թվում է` իրար չենք սիրում, նույնիսկ պայքարում ենք միմյանց դեմ, սակայն վտանգի դեպքում, այնուամենայնիվ, կարողանում ենք համախմբվել և դուրս գալ ստեղծված իրավիճակից: Ձեր կարծիքով սա հայի՞ն բնորոշ հատկություն է, թե՞ հատուկ է բոլորին` անկախ ազգային պատկանելությունից:

- Ինչպես Հայաստանում, այնպես էլ ցանկացած ազգի հետ աշխատելիս, պետք է հաշվի առնել տվյալ ազգին բնորոշ էթնոհոգեբանությունը: Հայ ազգի առանձնահատ կությունն այն է, որ մենք հին ազգ ենք: Հետևաբար, համեմատություն անցկացնելով այլ ազգերի հետ` պետք է ասել, որ մեր ազգն ունի մեծահասակներին բնորոշ բոլոր գծերը: Նույնիսկ նորածինն է ծնվում ազգին բնորոշ փորձով և իր մեջ կրում է տվյալ ազգին բնորոշ գծերը:

- Մեծահասակին բնորոշ գծեր ասելով` ի՞նչ պետք է հասկանանք:

- Մեծահասակներն ավելի զգուշավոր են, առանձնապես ուրախ չեն, որոշ դեպքերում ունեն վախեր: Անդրադառնալով առաջին հարցադրմանը` թույլ տվեք ձեզ հետ չհամաձայնել: Մենք ոչ թե իրար չենք սիրում, այլ` դարեր ի վեր մեզ հետ տանում ենք այն դեպրեսիվ ֆոնը, որն ապրել ենք: Դա արտահայտվում է հետևյալ արտահայտություններով` «ինչի՞դ վրա ես ուրախանում» կամ «շատ չուրախանաս, թե չէ վատ բան կլինի» և այլն: Այսինքն, մենք ուրախանալ չգիտենք, ինչը շատ հաճախ ընկալվում է, թե իրար չենք սիրում: Այո, կան մարդիկ, ովքեր իրար չեն սիրում, բայց ես դա կվերագրեի ոչ թե ազգային գծերին, այլ սոցիալական շատ ծանր պայմաններին: Մենք չենք կարող ասել, թե` եթե մեր ազգն ապրեր բացարձակ բարեկեցության մեջ, արդյո՞ք նույնը կլիներ, թե` ոչ: Ես ավելի քան համոզված եմ, որ եթե մարդու ստորին` սոցիալական կարիքները բավարարված են, նա գնում է դեպի ոգեղենություն: Այսինքն, այն մարդը, ով այսօր ունի հացի, ծածկի, հագուստի, երեխաներին մեծացնելու, կրթության տալու խնդիրներ և չունի որևէ պաշտպանական լծակներ, ապա ինչպե՞ս կարող է ուրախ լինել:

- Մենք, առանց խորքային վերլուծության, սիրում ենք օտարինը ավելի լավը համարել, այն միանշանակ ընդունել, սեփականը քննադատել: Ինչու չէ, նաև ուծացումի վտանգը միշտ եղել է, բայց շարունակել ենք զարգանալ, ոչ թե ձուլվել այլ ազգերի հետ: Ձեր կարծիքով` սա նույնպե՞ս հին ազգերին բնորոշ հատկանիշ է:

- Դա ոչ թե ազգային, այլ գլոբալիզացիոն խնդիր է: Գիտեք, որ ներկայումս Հայաստանում բարձր տոկոս են կազմում ինչպես արտագաղթողները, այնպես էլ արտագնա աշխատանքի մեկնողները: Եվ եթե մի փոքր ետ նայենք, կտեսնենք, որ Եղեռնից մազապուրծ եղած հայերը, մեկնելով այլ երկրներ, ամուսնանում էին հայազգիների հետ: Բայց արդեն նրանց երրորդ, չորրորդ և հետագա սերունդների համար նման հարց գոյություն չունի: Այսինքն, դա գլոբալիզացիայի խնդիր է, որը կա ողջ աշխարհում, երբ ազգին և անհատին վերաբերող խնդիրները սերնդեսերունդ գնալով թուլանում են: Ես դա ավելի շատ կապում եմ աշխարհում ներկայիս ազատ տեղաշարժի, վիրտուալ շփումների հնարավորության հետ:

- Այնուամենայնիվ, մեզանում ավելի շատ ինքնապահպանման բնա՞զդն է զարգացած, թե՞ ձուլման, որն արդյո՞ք սպառնալիք չէ` մեր ինքնության պահպանման համար:

- Իհարկե` մենք ավելի շատ ինքնապահպանման բնազդ ունենք, որը հատուկ է բոլոր հին ազգերին: Բայց, պետք է նշեմ նաև, որ նախկինում այդ հարցում իր մեծ դերակատարումն ուներ հայ եկեղեցին: Եթե հիշում ենք, նախկինում հայի և այլազգի ամուսնությունը եկեղեցին չէր ողջունում, բայց հիմա այդ մոտեցումն էլ է փոխվել: Ժամանակին հայոց եկեղեցին կառավարող, զսպող, օրենքներ սահմանող դերակատարում նույնպես ուներ, որն այսօր չկա: Ուստիև նվազել է նաև եկեղեցու դերը: Ի դեպ, անկախ ազգությունից` ցանկացած մարդու մոտ առաջ է գալիս ապահով ապագա ունենալու զգացումը և, եթե նա տեսնում է, որ իր կյանքն ավելի ապահով կլինի օրինակ հարուստ ամերիկացու հետ, ապա որոշում է կայացնում դրա օգտին: Ռուսաստանում այդ հարցի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ նրանք ներկայումս նախընտրում են ամուսնանալ չինացիների հետ, քանի որ ըստ հարցվածների` չինացիների ընտանիքի մոդելն իրենց համար ավելի գրավիչ է, քան ռուսականը: Նույն ռուս աղջիկներն ավելի մեծ հաճույքով նախընտրում են հայ ամուսին ունենալ, քան ռուս, քանի որ հայ տղամարդը ստեղծող է, աշխատասեր և ընտանիքասեր: Այսինքն, ոչ միայն մենք ենք նախընտրում այլազգերին, այլ նաև մեր ազգն իր հատկանիշների շնորհիվ այսօր մեծ պահանջարկ ունի օրինակ ռուսների մոտ: Դա նույնպես պրոցես է, որից խուսափել հնարավոր չէ:

- Վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր ազգը երկու խոշոր սթրես ապրեց. ապրիլյան պատերազմը և ՊՊԾ գնդի գրավումը: Սովորաբար ի՞նչ հոգեվիճակ է հաջորդում նման լարվածությանը, և արդյո՞ք նման ցնցումներին դիմակայելու բնազդը նույնպես զարգացած է մեր ժողովրդի մեջ:

- Շատ լավ հարց եք բարձրացնում, որին պատասխանելը շատ դժվար է: Ես բավական ջանք եմ գործադրել այդ հարցի պատասխանը գտնելու համար: Դուք ասացիք երկու, ես կավելացնեի նաև երրորդ սթրեսը` կարկուտը: Նման դեպքերում ես առիթը բաց չեմ թողնում կոչ անելու պատկան մարմիններին, որպեսզի հնարավորինս կարողանան այնպես կարգավորել խնդիրները, որ ազգային և համայնքային պրոբլեմները երբեք չավելանան: Չնայած հայ ազգն այնքան սթրեսների միջով է անցել, որ իմ կարծիքով դարձել է սթրեսակայուն: Իհարկե, դա մի կողմից լավ է, որ շատ չենք հիվանդանա, բայց ամենավատն այն է, որ ժողովուրդը սկսել է սոցիալական պետություն կառուցելու հանդեպ անտարբեր դառնալ: Դրա համար մեր պետական մարմինները պետք է ամեն ինչ անեն, որ ազգը` մենք, քիչ վնասվենք: Դա շատ լուրջ խնդիր է, որովհետև դեպրեսիվ իրավիճակներին հաջորդում է անտարբերությունը, որն էլ անդրադառնում է տնտեսական իրավիճակի վրա: Բայցի այդ, ավելանում է երկիրը լքողների թիվը: Դա շատ լուրջ հարց է, որը կրկին կապված է ձեր նախորդ հարցի հետ: Մարդիկ մտածում են, որ եթե հայը հային է սպանում, ավելի լավ է ինքն այլ ազգի մեջ ապրի ու նրան ընտրի, որպես իր կյանքի ուղեկից:

- Ստացվում է փակ շղթա:

- Իհարկե: Եթե մենք խոսում ենք ազգային հատկանիշների մասին, ապա դրանք միմյանց հետ սերտորեն շաղկապված են: Ուստի ցանկացած բախումնային իրավիճակում, հատկապես` երբ ներքին բախում է, թե´ իշխանությունները և թե´ ընդվզող հասարակությունը պետք է կարողանան հավասարաչափ վերլուծել ու հասկանալ իրենց սխալները: Ցանկացած բախումնային իրավիճակում մեղքի բաժինը հավասարաչափ երկու կողմերինն է, և երկու կողմերն էլ հավասարապես պատասխանատու են դրա առաջացման համար: Որպես հոգեբան` իմ մտահոգությունն է, որ իմ ազգը առողջ լինի, անկախ նրանից` ցուցարա՞ր է, թե՞ պաշտոնյա: Ուստի կարևոր է, որ երկու կողմերը որևէ որոշում կայացնելիս մտածեն, թե այս տվյալ որոշումն ազգի համար լա՞վ է, թե՞ վատ: Միգուցե նման դեպքում ձևավորվի ազգային մտածելակերպ: Երբ օրենք ենք ընդունում, երբ դուրս ենք գալիս փողոց, երբ Բաղրամյան պողոտա ենք փակում` պետք է առաջին հերթին մտածենք ազգի մասին: Ի՞նչ տարբերություն, թե ով որ կողմից է հանդես գալիս: Պետք է հնարավորինս կարողանանք անձնական, էմոցիոնալ «ես»-ը փոխել «մենք»-ով: Այսինքն, որոշում կայացնողը պիտի կարողանա պատասխանել այն հարցին` դրանից ազգը կտուժի՞, թե՞ կբարելավի իր դիրքերը: «Ես»-ով առաջնորդվելով` մարդիկ ինքնահաստատվում են, սակայն հասարակությունը չի կարող անվերջ սպասել, որ այս կամ այն անհատը ազգին վնասելով անվերջ ինքնահաստատվի: Այդ դեպքում ինչպե՞ս կարող է զարգանալ քաղաքացիական հասարակությունը: Վերջապես` պետք է մեր միջից վերացնենք կատաղությունը, ատելությունը, նախանձը, որովհետև դրանք մահացու մեղքեր են: Իսկ եթե մենք մեղք ենք գործում` չենք կարող առողջ մնալ: Առողջ մնալու համար նշածս մեղքերը պետք է վերացնենք մեր միջից: Եվ դա բոլորին է վերաբերում, անկախ նրանից` պետական պաշտոնյա՞ է, թե՞ սովորական քաղաքացի:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ