Հայելին` սովորական ու առեղծվածային 


Ստեղծման առաջին օրից հայելուն մոգական հատկանիշներ են վերագրվել, և դարեր շարունակ բազմաթիվ առասպելներ հյուսել դրա մասին: Այն սոսկ անշունչ առարկա չէ. նույնիսկ այսպիսի արտահայտություն կա` «հայելու էներգետիկա»: Ոմանք հայելին նույնացնում-նմանեցնում են դեպի ուրիշ աշխարհ բացվող պորտալի:

Ոմանք սա կարող են սնահավատություն համարել, ոմանք` նախապաշարմունք: Գուցե այդպես էլ կա: Սակայն մարդկությունը փորձով է համոզվել, որ չզարգացած գիտության և տեխնոլոգիաներից զերծ դարերում մարդիկ ավելի անսխալ եզրահանգումներ են արել: Եվ դա կոչվում է ժողովրդական իմաստնություն:

Ի՞նչ էներգետիկա են պարունակում հին հայելիները և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ մարդու ճակատագրի վրա.

Շատերին է հուզում այն հարցը, թե կարելի՞ է տանը հին հայելիներ ունենալ: Այս հարցը մի քանի պատասխան ունի, բայց նախ հարկավոր է հիշել, որ ցանկացած հայելի իր մեջ թե´ դրական, թե´ բացասական էներգիա ունի` իր նախկին տերերից: Եվ եթե դուք վստահ չեք, թե ինչպիսին է եղել դրա նախկին տերը, ուրեմն ավելի լավ է` այդ հայելին ձեր տուն չտանեք: Ասում են` առանց հարվածի հայելու ճաքելը հենց փաստում է դրանում բացասականի կուտակումները: Նման վնասվածքները վկայում են, որ «անոթը լցվել է»: Իսկ դա նշանակում է, որ հայելին ճաքեցնող այդ ամբողջ բացասականը կանդրադառնա նաև այն մարդու վրա, ով տվյալ պահին օգտագործում է այն:

Ուրեմն` հարկավոր է ազատվել հին հայելիներից. առավել ևս` եթե դրանք ճաքեր կամ այլ վնասվածքներ ունեն:

Փչացած հայելուց հրաժարվելով, խորհուրդ չի տրվում այն պարզապես դեն նետել: Նախ հարկավոր է այն 1-2 տարի թողնել խորդանոցում` արտացոլող մակերեսը դեպի պատը, որպեսզի մաքրվի: Հայտնի փաստ է, որ չօգտագործվող հայելին խամրում է: Եթե դրա արտաքին մակերեսն արագ է խամրում, հարկավոր է ներկել կամ սոսնձել այն և թաղել հողի մեջ:

Տանն ինչպե՞ս տեղավորել հայելին

Ցանկալի է, որ այն տեղադրվի բնակարանի մուտքի դռան դիմաց. լավ կլինի` մեծոտ, ամբողջ հասակը ցույց տվող հայելի: Այդ դեպքում այն կարող է թույլ չտալ, որ ձեր տուն բացասական էներգիա մուտք գործի: Տանը եղած ցանկացած հայելի չպետք է ընտանիքի անդամների գլխից ցածր դրվի կամ կախվի: Եթե ցածր է, ապա մարդը պիտի կորանա-խոնարհվի` իր արտացոլանքը տեսնելու համար: Այդ դեպքում հայելին էլ համարժեք է արձագանքում: Չարժե, որ այն կախվի մահճակալի գլխավերևում կամ դրա դիմաց. դա կարող է անքնություն բերել կամ` մշտական գիշերային մղձավանջներ: Պետք չէ հայելի կախել նաև այնտեղ, ուր սովորաբար մարդն իր ազատ ժամանակն է անցկացնում:

Պետք չէ, որ տանը շատ հայելիներ լինեն. դրանց առատությունը կարող է անդրադառնալ էներգետիկայի վրա: Հայելին օգտագործեք ըստ իր նշանակության, այլ ոչ թե որպես դեկոր կամ գեղեցիկ իր: (Ըստ NewsZone-ի հրապարակման):