Արմեն ՄԽԵՅԱՆ

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ 

(Սկիզբը` «ԱՎԱՆԳԱՐԴ»-ի թիվ 7-10-ում)

Ոստիկանությունում ստեղծվել էր օպերատիվ խումբ` ոստիկանապետի գլխավորությամբ: Սպանվել էր պետական պաշտոնյա. պետք էր հասկանալ, արդյո՞ք սպանութ յունը կապված էր մասնագիտական գործունեության հետ, թե՞ ուներ անձնական դրդապատճառներ: Գրեթե յուրաքանչյուր մանրուք օպերատիվ խմբի կողմից հաշվի էր առնվել: Առաջ էին քաշվել բոլոր հնարավոր վարկածները: Ոստիկանապետի աչքից չէր վրիպել ՀՔԾ-ի ավագ քննիչ Մհեր Ստեփանյանի աշխատանքից հեռացումը, ու հատկապես այն, որ հենց այսօր էր ազատվել աշխատանքից: Միանշանակ այն կարող էր կապված լինել կնոջ` Տաթև Ստեփանյանի հետ: Վերջինս նախարարությունում վարչության պետ էր, և խոսակցություններ կային, որ երիտասարդ կինը նման արագ կարիերա ստեղծեց միայն հովանավորների միջոցով, հատկապես` հանգուցյալ փոխնախարարի:

«Գուցե խա՞նդ: Ամեն ինչ կպարզենք»,- խորհում էր ոստիկանապետը:

Բայց տարօրինակ զգացողություն ուներ: Չգիտես ինչու` վստահ էր, որ այս գործի պղտոր ջրերում ավելի մեծ գիշատիչներ են թաքնված: Ինտուիցիան իրեն երբեք չէր դավաճանել, իսկ այս դեպքում նշանակում էր, որ այս սպանությունը մեծ հանցագործության մի մասն է միայն: Ոստիկանապետը տվեց վերջին հրահանգներն ու մեկնեց նախագահի նստավայր` արտահերթ անվտանգության նիստին մասնակցելու: Մնում էր գտնել Մհերին ու Տաթևին, և շատ ավելի պարզ կդառնար ամենը:

***

Զայրացած նստել ղեկին` նշանակում է վտանգել կյանքդ: Սամվելը, որպես հմուտ վարորդ, լավ գիտեր այս կանոնը ու հաճախ, երբ տրամադրություն չէր ունենում, մեծ հաճույքով տաքսի էր նստում, բայց այս-օր այդ օրը չէր: Մտքում ծանր ու թեթև էր անում վերջին երկու ժամերի ողջ անցուդարձը:

Թեև գենետիկ փոփոխության ենթարկված սննդամթերքը վտանգավոր է առողջության համար, այնումենայնիվ, Սամվելը չէր կարողանում հասկանալ, ինչ պատճառ կար պաշտոնյային սպանելու համար: Այդ ինչ եզրակացություն է, որը կյանք արժե: Ամեն դեպքում սպանությունը կատարված է:

- Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ կարող է գրված լինել թղթի մեջ, որ այդպես ուզում են ոչնչացնել,- հարցրեց Սամվելը Տաթևին:

- Նախ այն մի ամբողջ գիրք կլինի, եթե տպելու լինենք: Անգլիացիներին այնքան է հետաքրքրել նոր գենային մուտացիան, որ չեն զլացել ու մանրամասն եզրակացություն են ուղարկել:

- Իսկ սննդի անվտանգության տեսչությունը չի՞ տեսել այն:

- Ոչ, չեն տեսել և իրավունք էլ չունեին: Պատվերը տվել եմ ես, ոչ թե իրենք:

- Իսկ դու կարդացե՞լ ես այն:

- Այո:

- Ե՞վ:

- Եվ այն, որ նման մուտացիա անգամ իրենք չեն տեսել: Ցորենի սերմացուն կարելի է ասել միայն արտաքինից է, որ ցորենահատիկ է հիշեցնում: Ըստ եզրակացության` մեկ շաբաթ առնետին նման ցորենով կերակրելուց հետո նկատվել են հյուսվածքների փոփոխություն, իսկ դիմադրողական համակարգն ամբողջովին անգործության է մատնվել: Ընդամենը մեկ շաբաթում, պատկերացնո՞ւմ ես: Այս երևույթն ապշեցրել է նրանց: Մանրակրկիտ լաբորատոր հետազոտությունից հետո նրանք ամեն դեպքում զգուշավորությամբ նշում են, որ հիմնական պատճառն օրգանիզմի դիմադրողականության կտրուկ նվազումն է և այն հորմոնների ոչնչացումը, որոնք պատասխանատու են իմունային համակարգի գործունեության համար:

- Հավատս չի գալիս, ինչպե՞ս կարելի է նման բան անել: Չէ՞ որ պետք է լաբորատոր հետազոտություն արվեր, նոր միայն հանվեր վաճառքի:

- Հենց այդ էլ անում է «ՅունիոնՖերմը», բայց ոչ թե լաբորատոր, այլ միլիոնավոր մարդկանց կյանքի ու առողջության հաշվին: Ես ուղղակի չէի կարողանում հավատալ այն ամենին, ինչ գրված էր: Երբ փորձեցի հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ ընկերությունը, քիչ մնաց ինքս լուծեի ներմուծող կազմակերպության հարցերը: Համացանցում գտա տվյալ ընկերության հիմնական երկրների ցանկը: Մեծ մասն աֆրիկյան ամենաաղքատ երկրներ են: Հայաստանն առաջին անգամ է որպես գնորդ հանդես գալիս: Սա էլ` միակ ուրախալի լուրը: Հուսանք կլինի վերջինը:

Սամվելն էլ ոչինչ չհարցրեց, բայց մեկ այլ հարց հանգիստ չէր տալիս. «իսկ իրենք ի՞նչ պետք է անեն այդ փաստաթղթերի կապոցը»:

Քիչ անց տեղ հասան: Սամվելը մեքենան բավականին հեռու կայանեց` աչքի ընկնելուց խուսափելու համար: Բջջայինը դեռ անջատված էր: Աստված գիտի թե քանի հոգի են զանգահարել: Փորձեց մարտկոցը նորից դնել հեռախոսի մեջ:

- Խորհուրդ չէի տա,-ասաց Տաթևը,- բայց ստիպված եմ խնդրել հեռախոսդ, եթե Մհերին չհանդիպենք, գուցե զանգ տալու խնդիր առաջանա:

- Իսկ ներս մտնել կարո՞ղ ենք, այսօր շաբաթ է և ոչ աշխատանքային:

Տաթևի դեմքին հայտնվեց խիստ հեգնական արտահայտություն ունեցող ժպիտը:

- Դու մոռանում ես, որ ես ամեն դեպքում մի ողջ վարչություն եմ գլխավորում: Բանալին քե՞զ մոտ է:

- Այո,- փոքրիկ բանալին ձեռքն առավ Սամվելը:

- Շատ լավ, դե գնացինք…

***

Մհերը լավ գիտեր, որ այս ամենը դեռ սկիզբն է: Հանցագործ խմբավորման իրականացրած սպանությունը միայն նախազգուշացում էր այն մարդկանց համար, ովքեր տեղյակ էին այս գործի մասին: Ցավալին այն էր, որ Տաթևը սննդամթերքի անվտանգության տեսչություն դիմել է որպես անհատ և ոչ` նախարարության անունից: Տեսչութ յունն էլ երաշխավորում էր պատվիրատուի գաղտնիությունը, թեպետ այն ժամանակ Տաթևն ինքն էլ էր կողմ, որ իր անունը չհրապարակվի:

Այսօր ողջ աշխարհում սննդամթերքի պակասի խնդիրը գերտերությունները փորձեցին լուծել մշակաբույսերի գենետիկ փոփոխության շնորհիվ: Մասնավորապես, կենդանական գենի ներմուծումը բույսի գենետիկ շղթա, հաղորդում էր մի շարք հատկություններ` դիմացկունություն, բարձր բերքատվություն և այլն: Սկզբնական շրջանում ողջ աշխարհում այն համարվում էր լավագույն միջոցը մարդկությանը սովից փրկելու համար, սակայն տարիներ անց արված հետազոտությունները հիասթափեցրին ու փաստի առաջ կանգնեցրին այն ընկերություններին, որոնք զբաղվում էին նման մթերքի վաճառքով:

Մհերն այժմ իրեն մեղադրում էր այն բանի համար, որ համաձայնվեց Տաթևի հետ` եզրակացությունը ոստիկանություն ներկայացնելու փոխարեն փոխնախարարին փոխանցելու հարցում: Համենայնդեպս փոխնախարարը հավաստիացրել էր, որ կկարողանա վտանգավոր սերմացուն կառավարության սուբսիդավորման ծրագրի մեջ չներառել: Ավելորդ աղմուկը, այն էլ կառավարության մասշտաբով, բացարձակ պետք չէր:

Իսկ սերմացուն իսկապես վտանգավոր էր: Վերջին շրջանում արված հետազոտություններն ապացուցում էին` գենետիկ փոփոխության ենթարկված մշակաբույսերը խիստ բացասաբար են ազդում մարդու վերարտադրողականության վրա, և բացի այդ` մի քանի անգամ մեծացնում քաղցկեղի և նման գոյացությունների հավանականությունը: Այս մթերքները իրական զենք են անարյուն պատերազմ մղելու համար: Գենետիկ փոփոխության ենթարկված մշակաբույսերի սերմերն ավելի կայուն էին և կարողանում էին մի քանի սերունդ ապահովել, որով էլ առանձնանում էին մյուս գենոմոդիֆիկացված մշակաբույսերից, որոնց սերմերը երկրորդ և երրորդ անգամ այլևս բերք չէին տալիս:

Այնպիսի երկրներ, ինչպիսին Հնդկաստանն ու Չինաստանն են, ներքին շուկայի սպառման համար արգելել են նման մթերքի վաճառքը: Մի շարք եվրոպական երկրներում արգելված է ներմուծել գենոմոդիֆիկացված սննդամթերք:

Մհերն է´լ չկարողացավ համբերել ու դուրս եկավ մեքենայից:

«Ինչո՞ւ մեկ ժամ, տեսնես ո՞ւր է հիմա»,- ինքն իրեն հարցնում էր նա` մինչ կհասներ Կառավարական շենքի մուտքին: Այստեղ դեռ ոստիկաններ կային: Հազիվ էր մոտեցել սանդուղքներին, երբ մի քանի ոստիկաններ դուրս եկան շենքի հիմնական դռնից: Նրանցից մի քանիսին անձամբ ճանաչում էր ու հիմա ընդհանրապես տեղին չէր լինի նրանց հետ զրույցի բռնվել:

Նրանցից մեկը նկատեց, ու Մհերի ականջին հասավ` ինչպես մյուսին ասաց.

- Ստեփանյանը…

Մեկ վայրկյան հետո լսեց մեկ ուրիշի ավելի բարձր ձայնը, որ իրեն էր կանչում:

Մհերը շրջվեց դեպի իրեն մոտեցող ոստիկանները:

- Ստեփանյան, մենք էլ քեզ էինք ուզում տեսնել: Կնոջիցդ լուր ունե՞ս,- դեմքի մռայլ արտահայտությամբ ու առանց բարևի խոսեց բարձրահասակ ոստիկանը:

- Չունեմ, հեռախոսն էլ մեքենայի մեջ է:

- Էդ լավ չի, հեչ լավ չի,- գլուխը տարուբերելով շարունակեց ոստիկանը, -ստիպված կլինես մեզ հետ գալ …

Մհերին թվաց սխալ լսեց ծանոթ ոստիկանի ասածը, ով այնքան էլ աչքի չէր ընկնում բարեկրթությամբ:

- Ո՞ւր գալ…

- Բաժին:

- Մեկ ժամից կլինեմ բաժնում:

- Չէ, չէ, չէ, արդեն քաղաքացի Ստեփանյան, դուք ինձ լավ չհասկացաք, հենց հիմա և որպես հիմնական կասկածյալի կարգավիճակով…

***

Փողոցի մյուս ծայրից Տաթևը նկատեց Մհերին ու ոստիկաններին: Վերջիններս ստիպողաբար փորձում էին Մհերին նստեցնել մեքենան: «Մի՞թե այսքան երկար են ՀՔԾ-ի առավել կարևոր գործերով բաժնի ղեկավարի ձեռքերը: Տեսնենք որքա՞ն…»:

- Մհերը մեզ չի միանա,- ասաց Տաթևը Սամվելին, երբ վերջինս դուրս եկավ մեքենայից ու մոտեցավ Տաթևին:

- Ինչո՞ւ:

- Նրան հենց նոր ձերբակալեցին,- հայացքով ցույց տվեց Տաթևը,- վստահ եմ` ինձ էլ հերթը կհասնի: Բայց մինչ այդ` ես ցույց կտամ էդ տականքներին: