Հնարավոր չէ երկիրը բլեֆներով կառավարել 


Երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները ակներև դարձրին, որ քաղաքագետների այն կանխատեսումները, թե երկրում ներքաղաքական ճգնաժամը հասել ու հատել է բոլոր հնարավոր ու անհնարին սահմանագծերը, ճշմարիտ էին: Բայց, մինչ այդ, հասարակությունը, ինչպես ժողովուրդն է ասում` իր աչքի տեսածից հիասթափված, թվում էր, թե այլևս որևէ հույս չուներ, թե Հայաստանում առաջիկայում հնարավոր կլինի որևէ կերպ իրավիճակ փոխել: Բայց ինչպես քաղաքագետներն են ասում` քաղաքական զարգացումներում երբեք փակուղային իրավիճակներ չեն լինում, իսկ քաղաքական ճգնաժամերին հաջորդում են այլ զարգացումներ, որոնք լավ, թե` վատ, բայց իրենց հետ մշտապես ինչ-որ մի ելքի դուռ են բացում: Երկրում առկա վերջին իրադարձությունների և հասարակության կողմից դրանց հանդեպ ցուցաբերվող իրարամերժ վարքագծի մասին է «Ավանգարդ»-ի զրույցը քաղաքագետ

Հայկ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ:

- Պարոն Սուքիասյան, քաղաքական դաշտում դեմքեր են փոխվում և թվում է, թե նոր եկած դեմքը ինչ-որ բան է կարողանալու դեպի լավը փոխել, սակայն ժողովրդի մոտ այդպես էլ հույս չի արթնանում, որի պատճառով պատկերն ավելի է գորշանում: Ձեր կարծիքով վերջին փոփոխությունները որքանո՞վ իրավիճակ կփոխեն Հայաստանում:

- Եվ արտաքին և ներքին քաղաքական կյանքում իրավիճակն արդեն բավականին փոխվել է այն օրից, երբ Սասնա ծռերի անդամները կտրուկ քայլերի դիմեցին: Եվ այն պրոցեսը, որը սկսվեց հուլիսյան դեպքերի ժամանակ, ստիպեց, որ երկրի ներքին կյանքում իրավիճակ փոխվի:

Մինչ հուլիսյան դեպքերն ո՞վ կարող էր մտածել, որ Հովիկ Աբրահամյանին կարող է փոխեն: Բոլորը մտածում էին, որ նա հավերժ մնալու է, բայց փաստորեն երկրում վարչապետի փոփոխություն տեղի ունեցավ: Այնպես որ այս պահին չի կարելի ասել, որ ոչինչ չի փոխվել: Մնում է սպասել, որ այդ փոփոխությանը բովանդակություն հաղորդվի:

- Վարչապետի փոփոխությունից հետո որքանո՞վ կհաջողվի բովանդակություն հաղորդել, քանզի` որ կողմ նայում ենք, նույն պատկերն է: Այսօր այնպիսի իրավիճակ է, ինչպիսի իրավիճակ էր երկու տարի առաջ, բայց փաստն այն է, որ բովանդակություն այդպես էլ չհաղորդվեց այդ փոփոխությանը: Հիմա ի՞նչ երաշխիք, որ բան կփոխվի:

- Այս փոփոխության շարունակությունը պետք է լինի այն, որ հին, խոսել չիմացող, ծերացած դեմքերը փոխվեն: Իհարկե, այս պահին դա դժվար լուծվելիք խնդիր է, բայց եթե մեր երկրում կադրային փոփոխություններ չլինեն, հակառակ դեպքում նորանշանակ վարչապետը կդառնա շարքայինններից մեկը: Կադրային լուրջ փոփոխութ յուններ չիրականացնելու դեպքում երկրում որևէ բան փոխելը շատ դժվար կլինի, իսկ երկրի համար նման անկումը վաղուց դարձել է վտանգավոր: Դրա դեմն առնել է պետք և կարծում եմ ներքաղաքական կյանքում կատարված վերջին փոփոխությունը դրան միտված քայլ է: Պարզապես պետք է կառավարության նորանշանակ ղեկավարին ցանկանալ լուրջ կադրային քաղաքականություն իրականացնելու միջոցով փոփոխությանը բովանդակություն հաղորդել:

- Այնուամենայնիվ, մեր երկրում ՏԻՄ ընտրություններ են ընթանում, իսկ մի քանի ամսից ԱԺ ընտրություններ կլինեն, բայց տպավորությունն այնպիսին է, որ ՀՀԿ-ն կրկին կկարողանա պահպանել իր դիրքերը: Մատերի վրա կարելի է հաշվել այն համայնքները, որտեղ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ իրենց սեփական թեկնածուն են առաջադրել: Այսինքն, մեկ անձի փոփոխությունը որքանո՞վ կնպաստի, որ երկրի ներքաղաքական կյանքում իրավիճակ փոխվի:

- Մինչև 2017 թվականի ԱԺ ընտրությունները, երկրում ամեն ինչ կլինի այնպես, ինչպես հանրապետականը գծագրել է: Բայց 2017 թվականից հետո երբ նոր վարչապետ կընտրվի, ես վստահ եմ, որ ամեն ինչ փոխվելու է: Հանրապետականը այս ընթացքում ինչ հասցրեց անել, կանի: Նոր ընտրություններից հետո այլևս այլ իրավիճակ կլինի, քանի որ երկրի ողջ իշխանությունը կկենտրոնանա վարչապետի ձեռքում և չի բացառվում, որ դրա արդյունքում հանարապետականը շատ արագ հայտնվի լուսանցքում:

- Այսինքն, Ձեր կանխատեսումների համաձայն, առաջիկա ԱԺ ընտրություններից հետո հանրապետականը չի կարողանա՞ պահպանել իր դիրքերը:

- Ինձ թվում է չի կարողանա: Ինչ վերաբերում է մինչ ընտրությունները սպասվող փոփոխություններին, ապա իմ կարծիքով նոր վարչապետը առանձնապես շատ փոփոխությունների չի էլ կարող անել, քանի որ նա ՀՀԿ-ից կախվածություն ունի: Այդ է պատճառը, որ դրան առավելապես պետք է սպասել ԱԺ ընտրություններից հետո:

- Բայց ամեն ինչ սկսվում է ընտրողների հեղհեղուկ մոտեցումներից: Տանը, աշխատանքի վայրում, դրսում, ամենուր բողոքում են, սակայն վճռական պահին գերադասում են մի քանի հազարով իրենց ձայնը վաճառել: Ու հետո նորից շարունակում են բողոքել բոլորից ու ամեն ինչից: Սա մի տեսակ նորմ է դարձել, որը կարծես վերջ չունի:

- Այդպես չէ: Բոլորին թվում էր, թե ամեն ինչ ավարտած է, սակայն հայտնվեց մի խումբ, ով ցույց տվեց, որ ամեն ինչ չէ, որ ավարտված է: Ի դեպ, պետք է նկատել, որ այսօր ժողովրդի մտածողությունը նույնպես բավականին փոխվել է, հակառակ դեպքում հուլիսյան դեպքերը չէին լինի: Սա նաև ցույց տվեց, որ քաղաքականության մեջ իրականում փակուղային իրավիճակ չի կարող լինել: Այն ինչ այսօր կատարվում է կնհայտ փոփոխություն է, որը իշխանություններին ստիպեց կատարել ժողովուրդը:

- Իսկ ինչ երաշխիք, որ այս փոփոխությամբ իշխանությունները իրենց հերթական բլեֆը չեն անում, ժողովրդին մի փոքր հանդարտեցնելու համար:

- Իշխանությունները պետք է հասկանան մեկ բան, որ բլեֆներով երկար չեն կարողանա առաջ շարժվել: Եվ եթե վերջին բլեֆների հետևանքով առաջացավ Սասնա ծուռ, ապա հաջորդ բլեֆի ժամանակ ավելի ծանր կարող են լինել հետևանքները: Իմ կարծիքով իշխանություններն այս ամեն ինչը հասկանում են:

- Ի դեպ` Հայաստանում երբևէ կուսակցությունների պակաս չի եղել և վերջին շրջանում նույնպես բավականին նոր կուսակցություններ գրանցվեցին: Արդյո՞ք նրանց ուժերն այնքան թույլ են, որ, այնուամենայնիվ, չեն կարողանում կայանալ, առաջ շարժվել, այլընտրանք դառնալ և այլն:

- Հայաստանում կուսակցություններ չկան 1996 թվականից սկսած: Դրա փոխարեն Հայաստանում կան անձնական շահերով առաջնորդվող մարդկանց խմբեր: Այդ խմբերը պետք է կուսակցություններ դառնան, հակառակ դեպքում` շատ արագ կփլվեն, ինչպես արդեն եղել է: Կուսակցությունը գաղափարախոսության հիման վրա ձևավորված մարդկանց ու անձերի խումբն է, իսկ մեզ մոտ ո՞ր կուսակցությունը գաղափարախոսություն ունի: Չի կարող գաղափարախոսական կապերի վրա հիմնված կուսակցությունը 5 րոպեում փլվել, դա բացառվում է, իսկ ընդդիմությունը դա դրսում կանգնած ժողովուրդն է, ոչ թե այս կամ այն կուսակցություն կոչվածը: Հայաստանը կանգնած է պետականությունը կորցնելու վտանգի առջև, ինչ է թե` մի քանի օլիգարխ պետք է իրենց մի քանի հարյուր դոլարի համար երկիրը ծախե՞ն: Չի լինի նման բան և ներկայումս Հայաստանն առաջ գնալու պատմական լուրջ շանս ունի, և պետք է այդ շանսն օգտագործի երկիրն այս վիճակից դուրս բերելու համար, հակառակ պարագայում` դա կանի ժողովուրդը: Ամփոփելով ասեմ, որ իմ դիտարկմամբ` իշխանություններն իրենց գոյության վտանգը տեսնելով նման փոփոխության գնացին, այլ տարբերակի դեպքում` վատ կլինի նաև իշխանությունների համար: Եվ քանի դեռ իշխանություններն իրավիճակ փոխելու հնարավորություն ունեն` պետք է գործեն, իսկ հապաղելու դեպքում` հետևանքներն ավելի դաժան կլինեն: Մեզ մնում է իշխանություններին խելք ու միտք մաղթել, որ ստեղծված իրավիճակից կարողանան դուրս գալ: 

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ