ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՇԵՄԻՆ 


Անկախությունը հոգու վիճակ է. մշտարթուն ու մի քիչ էլ խենթ, ընդվզող: Արնաքամ անող մացառուտները հոգու ճրագով լուսավորող կանթեղ է անկախությունը, բայց նաև փխրուն այնքան, որ իր ճամփեքին ամենաչնչին անփութությունից կարող է խռովել, ճախրանքի թևերը կեռ մագիլներ դարձնել` խորդուբորդելով իր արժեքը չգնահատողի ուղին:

Համախմբումի 1988-ին համայն հայության հոգու վիճակն էր անկախությունը, որի առջև լայն բացեցինք մեր դռները` նրան տանտեր կարգելով: Եվ ճիշտ 25 տարի առաջ, ի լուր աշխարհի, ամրագրեցինք նորանկախ մեր պետականության ծնունդը: Անարգ ոսոխը դա չէր հանդուրժելու` գիտեինք: Բայց գիտեինք նաև, թե ինչի է ունակ բռունցքված ազգը:

Թշնամուն իր որջում խեղդելուց հետո, սակայն, մեր ոգեղենությունը կորցրինք: Կորցրեցինք այնքան, որ Անկախության հոբելյանն անգամ այսօր տոնական չի դարձնում շատերի հոգին: Տոնը նույնպես հոգու վիճակ է, որը ևս լքել է մեզ: Ինչո՞ւ և ինչպե՞ս` ամենքին է հայտնի և այսօրվա քննարկելիքը չէ: Այսօր տոն է Հայոց աշխարհում` Անկախության քառորդդարյա հոբելյանը: Իսկ հոբելյանը սիրում է գովեստներ լսել, երախտիքի խոսքեր հնչեցնել: Այս անգամ դրանք չեն հնչում, իսկ թե հնչում էլ են` սրտաբուխ ու անկեղծ չեն, երիտասարդության շեմը ոտնադնող իմ Անկախ Հայաստա´ն:

Հայի դարավոր երազանք Անկախությո´ւն, ինչպես մինչ քեզ նվաճելը, այսօր էլ զավակներդ օտարություն են գնում, քո տանիքի տակ հանգիստ չեն գտնում: Օրհասի պահին մեկ շունչ ու հոգի դարձող հայի հավատն է մարել իր իսկ օջախում: Վարարած գետի նման` պայքարի մեր ալիքները նաև տիղմ ու փրփուր են բերել, որոնք անմարսելի են առողջ օրգանիզմի համար: Բայց բնության նախասահմանումով` հենց նույն գետը տիղմը թաղում է իր հատակում, իսկ փրփուրը թքում է ափերին, ապա հանդարտահոս շարունակում ճամփան:

25 տարի դու տեղատվություն ես ապրել, Անկախ մեր Հայաստան, ու գիտես, որ մակընթացությունը կարող է նաև ավերիչ լինել: Քո հունն ես որոնում` անխաթար հոսելու համար: Ու թեև այդ հունն առայժմ խոչուխութերով է լի, բայց անխաթարելի է ընթացքդ: Եվ մոռացումի ծալքերում կորսված խանդավառության փոխարեն այսօր փորձում ենք հույսի ծվեններն ի մի բերել` ասելու` շնորհավոր հոբելյանդ, Անկախ Հայաստան: Մաղթում ենք, որ այս հոբելյանը խորախորհուրդ մի նոր սկիզբ դառնա` վերընձյուղումի, տունդարձի, վերածննդի: Մաղթում ենք ու հավատում, որ երիտասարդության այս նախաշեմը բարի է ու բարիք է բերելու Անկախությունը պատերազմի բոցերում թրծած մեր ժողովրդին: Բարիք` հավատի, համախմբումի, շենացման տեսքով: