Պահի տակ ծնված անհասցե կուսակցությունները բեռ են


Առաջին հայացքից թվում է, թե կուսակցությունների պակաս մեզանում չկա: Եվ դրանք բոլորն էլ ունեն կանոնադրություններ, գրասենյակներ, նախագահներ, քարտուղարներ ու քարտուղարուհիներ: Բայց այս բազմազանության մեջ քաղաքական դաշտում չկա քաղաքական հայացքների հստակություն ու տարանջատում: Նույնիսկ հասկանալի չէ, թե ընտրություններից առաջ ձևավորվող մեծ ու փոքր կոալիցիաները ո՞ր գաղափարի շուրջ են ձևավորվում: Պարզ է միայն մեկ բան. որ կուսակցությունները սովորաբար միավորվում են` իշխանության տերը դառնալու և հետո այն իրար մեջ կիսելու համար: Այսքանով է սկսվում և ավարտվում կուսակցությունների դերն ու նշանակությունը մեր կյանքում: Հասարակության ընկալմամբ էլ կուսակցությունների ներկայացուցիչները նախկինում ընդամենը իրենց բակը բարեկարգողներ, շենքի տանիքը վերանորոգողներ էին, հիմա` գումար բաժանողներ:

Հայոց քաղաքական դաշտի բազմազանության, հասարակական պահանջի ու կուսակցությունների պիտանելիության մասին է զրույցը` Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ:

- Հայաստանի անկախությունից հետո միակուսակցական համակարգը փոխարինվեց բազմակուսակցականով: Ձեր կարծիքով ո՞րն էր պատճառը, որ բազմաթիվ կուսակցությունների այդպես էլ չհաջողվեց երկար կյանք ունենալ, որոշներն էլ հեղինակազրկվեցին:

- Բնական է, որ Խորհրդային Միության միակուսակցական համակարգից հետո պետք է շատ կուսակցություններ առաջանային: Բայց, ինչպես ասում են` ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Դերենիկ Դեմիրճյանի գնահատմամբ` «Հայի չափը չափազանցն է», ուստի մենք ընկանք չափազանցությունների գիրկը: Եվ, ով ցանկացավ, ում մտքով անցավ` սկսեց կուսակցություն ստեղծել: Բայց կուսակցությունները պետք է ստեղծվեն գաղափարական հենքի վրա, այլ ոչ թե խմբակային շահերի և ցանկությունների: Այդ է պատճառը, որ այսօր Հայաստանում ունենք 70-ից ավելի կուսակցություններ: Մի կողմից լավ է, որ բազմակուսակցական համակարգ կա, բայց արդյունավետության տեսանկյունից` դրանք պարզապես կուսակցություններ են իրենց համար. կան նաև մարդ-կուսակցություններ: Իհարկե, նրանք փորձում են ծրագրեր գրել և այդ ծրագրերի շուրջ մարդկանց համախմբել, դրանով ինքնաարտահայտվել և օգուտ բերել ոչ միայն հասարակությանը, այլ քաղաքացիական հասարակության կայացմանը: Բայց արդեն ժամանակն է, որ չիրականացված այդ ցանկությունները ուրիշների համար դաս լինեն, որ հենց այնպես չի կարելի վեր կենալ և կուսակցություն ստեղծել:

- Իսկ բազմաթիվ կուսակցությունների «ներկայությունը» որքանո՞վ է նպաստում քաղաքական կյանքի կայացմանը: Դրանք շատ դեպքերում չեն կարողանում մասնակցել անգամ տեղական մակարդակի ընտրություններին և ներկայացված չլինելով ոչ իշխանական դաշտում և ոչ էլ ընդդիմադիր` նրանց գոյությունը մի տեսակ հարցական է դառնում:

- Դրա հետևանքով հասարակության մեջ կուսակցությունների հանդեպ հավատն է նվազում և ավելանում է հիասթափությունը: Իրականում քաղաքական գաղափարախոսությունները 3-4-ն են, և կուսակցությունները պետք է կարողանան ներկայանալ հստակ գաղափարներով: Իհարկե, մեր քաղաքական դաշտն ինչ-որ ժամանակ կկայանա, և կլինեն կայուն աջեր, կայուն ձախեր, կամ դեպի կենտրոն ձգտող ավելի աջ և ավելի ձախ ուժեր, ինչպես նաև` միջին հատվածում գործողներ: Իմ կարծիքով` արդեն ժամանակն է, որ հայոց պառլամենտում ներկայացված լինեն կայուն գաղափարախոսության հիման վրա միավորված կուսակցություններ:

- Այնուամենայնիվ, մեզանում ձևավորված կարծրատիպի համաձայն` կուսակցությունների ներկայացուցիչները աշխատավարձ բարձրացնողներ են, բակերը բարեկարգողներ են, խաղահրապարակ կամ ջրագիծ կառուցողներ են, մինչդեռ դրանք իշխանությունների պարտականությունն է` անկախ կուսակցական պատկանելությունից: Ձեր կարծիքով` ինչո՞ւ է նման ընկալում ձևավորվել, ինչո՞ւ է ժողովուրդն ընտրությունների ժամանակ այս կուսակցությունից այն կուսակցության դուռը վազում`` ինչ-որ բան «ստանալու» համար:

- Մեր այսօրվա քաղաքական դաշտն արտապատկերն է մեր սոցիալ-տնտեսական կյանքի: Տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ ունենք գործազրկություն, արտագաղթ, սոցիալական վիճակն այնպիսին է, որ մարդիկ ստանում են շատ քիչ թոշակ… Նման մարդկանց դիտել որպես այն ընտրազանգվածը, որը կարող է գաղափարական առումով ընտրություն կատարել` դժվար է պատկերացնել: Այդ մարդիկ սպասում են, թե երբ պետք է ժամկետը լրանա, որ կարողանան իրենց թեկուզ փոքրիկ անձնական խնդիրը լուծել: Այսօր մեր կուսակցություններից շատ քչերն ունեն իրենց կայուն ընտրազանգվածը, և ժողովուրդը պահի ազդեցության տակ կարող է ընտրել` ում պատահի` առանց հաշվի առնելու, թե նա ինչպիսի գաղափարների կրողն է: Կարող է չգիտակցել, թե իր ընտրությունը հետագայում ինչպիսի ազդեցությունների կարող է բերել: Այդ է պատճառը, որ մենք ունենք այսքան շատ կուսակցություններ: Կայացած երկրներում, ինչպիսին օրինակ Մեծ Բրիտանիան է կամ Միացյալ Նահանգները, ժողովուրդը 50 տոկոսով կողմնորոշված է, իսկ հայաստանյան իրականության պայմաններում նման բան չկա:

- Դա նաև կուսակցությունների հանդեպ թերահավատությա՞ն հետևանք է:

- Կա նաև այդ միտումը: Ոմանք մտածում են, թե ենթադրենք ձեզ ընտրեցինք, ի՞նչ եք անելու: Բացի այդ, կա նաև մարդկանց այնպիսի տեսակ, ովքեր ուզում են, որ իրենք հաղթող լինեն: Օրինակ` իրենց բակում, թաղամասում, ընտրությունների ժամանակ հաղթողի դիրքերից հանդես գալ, բայց շատ քչերն են, որ փոքրամասնության մեջ են և հավատարիմ են իրենց տեսակետներին: Եվ սխալ է այն մոտեցումը, որ շատ ձայն ստացողն է ճիշտ: Կան երկրներ, որտեղ պառլամենտ անցած ընդդիմության ներկայացուցիչներն ավելի շատ են վարձատրվում, քան իշխանական կուսակցության ներկայացուցիչները: Ֆրանսիայում, օրինակ, ասում են, որ ընդդիմությունը վեր է հանում խնդիրները, իսկ իշխանությունը դրանք վերացնում է, և այդպիսով երկիրը զարգանալով գնում է առաջ: Մեզանում այդ դասական մոտեցումները չկան: Կուսակցական գործիչնե րը մտածում են հաջորդ ընտրություններում հաջողություն ունենալու մասին, իսկ պետական գործիչներն, ի տարբերություն քաղաքական գործիչների, մտածում են հաջորդ սերունդների մասին: Հիմա մենք կունենա՞նք քաղաքական ազդեցիկ այնպիսի գործիչներ, ովքեր կմտածեն հասարակության և ապագա սերնդի բարեկեցության, այլ ոչ թե իրենց թիմակիցներին նորից պառլամենտ բերելու միջոցով` իրենց իշխանությունը երկարացնելու մասին: Դա ցույց կտա ժամանակը: Իսկ ընդհանրապես` ժողովուրդը պետք է նայի, թե ո՞ր կուսակցության իշխանության ընթացքում ի՞նչ է իրականացվել: Հայաստանում 4 կուսակցության մասին է, որ կարող ենք դատողություններ անել` նրանց կատարած գործերով. ՀՅ Դաշնակցությունը Կոմունիստական կուսակցությունը, ՀՀՇ-ն և ՀՀԿ-ն:

Խոսելով առաջիկա ընտրություններին մեր մասնակցության, ԱԺ-ում ներկայություն ունենալու մասին, պետք է ասել, որ Կոմկուսը պլանետար կուսակցություն է. աշխարհի բոլոր երկրներում` կոմունիստները կան: Իսկ որոշ երկրներում` իշխող քաղաքական ուժ են, ինչպես օրինակ` Չինաստանում, Հնդչկաչինի երկրներում և այլուր: Խորհրդարանական հարթակն օգտագործելով` կոմունիստներն ավելի սերտ համագործակցություն կարող են ծավալել այդ ու նաև այլ երկրների իրենց գաղափարակիցների հետ և նրանց օգնությամբ միջազգային տարբեր ատյաններում ներկայացնել մեր ազգային խնդիրները` ժողովուրդների ազգային ինքնորոշման առաջնայնության ընդունում, տնտեսական համագործակցության մեջ ներդրումների ներգրավում և այլն:

- Ո՞ր դեպքում 70 մեծ ու փոքր կուսակցությունների փոխարեն մենք կունենանք կայուն գաղափարախոսությամբ գործող մի քանի կուսակցություն:

- Դրա համար նախ պետք է կուսակցությունները միավորվեն: Ես առաջին հերթին շահագրգռված եմ, որ մենք կարողանանք ձախ ուժերով միավորվել և ալյանս ստեղծել: Դրանում միավորված ուժերը հանրային կյանքի, տնտեսության զարգացման հեռանկարի, ռազմաքաղաքական դաշինքների և այլնի հանդեպ իրենց մոտեցումներով նույն ընկալումները կունենան, որպեսզի ժողովուրդն իմանա, որ ընտրելով այս դաշինքին` ինչ պետք է ակնկալի: Այսինքն` ինչպիսի տնտեսական, սոցիալական, արտաքին քաղաքականության համար են նրանք պայքարելու, ինչ ուղղությամբ են նրանք գնալու:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ