Կամայականությունը սոցիալական սովորույթ է դարձել


Ինչպիսի՞ն է մերօրյա իրականությունը, ի՞նչ է կատարվում մարդկանց հոգիներում. մթնոլորտում ինչ-որ սպասում կա, քաղաքական արենայում ակտիվ վերադասա վորումներ են: Արդյունքում` դեռևս աղավաղվում են մարդկային հարաբերություններն ու մեր ազգային դիմագիծը: Պատճառները հայտնի են, ելքերը… երբեմն ասես` որոնվում են, բայց որքան երկարում են այդ որոնումները, այնքան խորանում է ճահիճը, որից պահ առաջ դուրս գալ է պետք:

Այս հարցերի շուրջ բավական հանգամանալի էր զրույցը «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն, Հայ-ռուսական սլավոնական համալսարա նում գործող Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն, հանրությանը քաջածանոթ գործիչ Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ: Դժբախտաբար զրույցն ամբողջութ յամբ ներկայացնել չի հաջողվի` ծավալի պատճառով, սակայն ներկայացվելիքն էլ բավարար է` գտնելու մեծամասնությանը հուզող շատ հարցերի պատասխաններ:

- Ձեր հայացքը` մեր այս օրվան. ի՞նչ է կատարվում: Բոլորը փոփոխություններ են պահանջում և ակնկալում :

- Դեռ նախորդ ընտրություններից հետո ինձ հարց ուղղեցին` «որտե՞ղ են կեղծում», ես ասացի` «ցավոք` արդեն կեղծվում է ժողովրդի հոգեբանությունը»: 1995-ից է սկսվել այդ ամենը և շարունակվում է արդեն 21 տարի, ու գնալով զարգանում են այդ սև տեխնոլոգիաները: Ընտրակեղծիքներն ու ընտրակաշառքը շարունակվում են ամենախայտառակ բացահայտությամբ:

Բացի այդ` օրենքները, որոնք մենք ընդունում ենք, շատ անգամ վերցվում են այլ պետությունների լավագույն տարբերակներից: Բայց ամեն անգամ փորձագետները ստիպված են լինում ասել, որ լավագույն օրենքն անգամ չի կարող գործել մեր իրականության մեջ: Չի կարող գործել, որովհետև տարբեր են մեր քաղաքական մշակույթը, իրավական գիտակցությունը, աշխարհայացքային մոտեցումները: Օրինակ, Ընտրական օրենսգրքի առնչությամբ ինձ հաճախ հարցնում են, թե ինչո՞ւ միջազգային հանրության գնահատականը այդքան դրական էր և տարբերվում է մեր հասարակության կամ մեր իրավաբանների գնահատականներից: Դա շատ պարզ է. որովհետև միջազգային փորձագետն այն քննարկում է այլ չափանիշներով, իսկ մեր մասնագետները դիտարկում են մեր իրավիճակից ելնելով. դիցուք` արդյո՞ք բարձրագույն տեխնոլոգիան մենք կարող ենք կիրառել մեր այս վիճակով: Օրենքի մեջ առկա սողանքները, որոնք մենք նկատում ենք, հասկանում ենք, թե ինչի համար են թողնված: Բայց խնդիրն այն է, որ եթե անգամ դա չլինի, միևնույն է` անջրպետը մնում է. կամայականությունը սոցիալական սովորույթ է դարձել: Ի վերջո, մենք պետք է հստակեցնենք, որ ընդդիմությունն այդ ամենի համար առաջին հերթին մատնանշում է իշխանությանը, բայց հենց ինքն էլ հիմնականում աշխատում է իշխանության հետ: Խոսքը պայմանավորվելու կամ չպայմանավորվելու, ընդդիմադիր-չլինելու լինելու մասին չէ, այլ` որ ընդդիմությունը ավելի շատ աշխատում է իշխանության հետ, քան ժողովրդի: Դրա համար էլ ժողովրդի կողմից արդեն կան դժգոհություններ:

- Շատ տարօրինակ երևույթ է դա, և նույնքան տարօրինակ մթնոլորտ է ձևավորվել մեզանում, ինչը մենք փորձել ենք որակել որպես նյարդագարություն: Ժողովուրդը չի սիրում իշխանություններին, իշխանությունն անտարբեր է ժողովրդի հանդեպ և արհամարհում է ընդդիմությանը, ընդդիմությունը չի սիրում ժողովրդին, չի սիրում իշխանությանը… Ելքը ո՞րն է:

- Այո: Եթե նախկինում ես կարծում էի, որ գաղափարների սերնդափոխություն կարող է տեղի ունենալ, հիմա արդեն համոզված եմ, որ կենսաբանական սերնդափոխություն է անհրաժեշտ: Այսինքն, գալիս է մի սերունդ, որի մի հատվածը հոռետեսությամբ համակված ընտանիքներից են և հոգեբանության մեջ կրում են այդ ազդեցութ յունը: Բայց մի մասը, ես դա տեսնում եմ իմ ուսանողների մեջ, ձգտում են և վստահ եմ, որ ապրելու են մաքուր քաղաքական տեխնոլոգիաների ժամանակներում:

Մի մասն էլ, անշուշտ, հեռանում է: Բայց, բարեբախտաբար, մի խավ կա, որը ղեկավարվում է երևի թե իմ սիրած տրամաբանությամբ` «երկիր ունեմ, իմ քրտինքն այստեղ պետք է թափեմ»: Դա, ի դեպ, դա բոլոր սերունդների մեջ կա: Դեռևս 1993 թվականից մի համոզմունք ունեմ. շատերի բնութագրմամբ` արդեն էվակուացիայի նմանվող արտագաղթը քաղաքականություն է: Համոզված եմ, որ դա ուղղորդված պրոցես է, որ ժողովուրդը ոչ թե լքում, էլ չի դիմանում, այլ որոշակի քաղաքականությամբ ստեղծվում է իրավիճակ, որը տանելի չէ: Խնդիրն առկա է. ինչո՞ւ: Ես դա ասել եմ 93 թ., երբ մասնակցում էի պետական միգրացիոն քաղաքականության մշակման գործընթացին: Իսկ այսօր արդեն ասում եմ արդյունքով: Չի կարող պատահել, որ նպատակներն ու արդյունքներն այսքան տարբերվեն: Դա անհեթեթ է` դատել քաղաքականության մասին` այդ քաղաքականության արդյունքներով:

- Ո՞րն է նպատակը, մղումը:

- Որ քիչ մարդ մնա, ովքեր հիմնականում կզբաղվեն սպասարկելով, և ուղղակիորեն կախված կլինեն աշխատավարձից, կամ այդ իշխանություններից:

- Լավ, բայց այդ դեպքում գրեթե չորս կողմից շրջապատված ենք թշնամական պետություններով. բա բանակ չունենա՞նք:

- Էլի գալիս է այն ընդհանուր մտահոգիչ մտայնությունը, որ հույսը դնում ենք այլոց` այլ պետության վրա: Անպայման չէ, որ Ռուսաստանը մատնանշեմ: Բոլորն էլ կցանկանան, որ այստեղ ինչ-որ թվով հայեր մնան, լինի Հայաստան պետությունը, որը կսպասարկի կամ կլինի այս կամ այն աշխարհաքաղաքական խոշոր խաղացողի դաշտում: Ոմանք ասում են` դա Ռուսաստանն է, ոմանք` այլ պետությունների անուններ են տալիս: Բայց կարևոր է փնտրել և մասնանշել այն սկզբնաղբյուրը, որտեղից գալիս է այդ վիճակը: Դա մեծ քաղաքական էլիտան է և մեծ քաղաքացիական հասարակությունը, որը չի կարողանում ազդեցություն ունենալ: Մենք ինքնիշխան կարող ենք դառնալ այն ժամանակ, երբ հասարակությունն ինքը կստանձնի քաղաքական կամքը և դրա իրականացումը: Այսօր մեր քաղաքացիական հասարակությունը թույլ է: Դրսի ուժերից յուրաքանչյուրն իր շահն է հետապնդում: Կա միայն մեկ սուբյեկտ, որը շահագրգռված է իր պետությամբ: Դա ազգն է. ժողովրդի մեջ է այդ քաղաքացիական հասարակությունը, որն իր մեջ պետք է կուտակի այն կրիտիկական զանգվածը (լինի դա քանակով, լինի` ունակություններով, քաղաքացիական արիությամբ), որ դրսից այլ պարտադրանքներ չլինեն: Սլաքը դեպի դուրս ուղղելու փոխարեն, պետք է այն դեպի ներս ուղղել: Բազմաթիվ պետություններ անցել են այս ճանապարհով` մենք առաջինը չենք: Եվ այն երկրները, որոնք դուրս են եկել այդ վիճակից, հույսը դրել և կապերը զարգացրել են զուտ իրենց ներսում եղած մի խավի հետ, որը պարտադիր չէ, որ ազգի մեծամասնությունը կազմի: Դա շատ կարևոր է. երկրի հանդեպ մենք սոսկ պահանջատեր չպետք է լինենք: Այս է ճանապարհը և կարևոր չէ` երկար է այն, թե՞ կարճ, հաջողության շո՞ւտ ենք հասնում, թե՞ ուշ, նվաճումները շա՞տ են, թե՞ քիչ են:

- Բայց դրա համար էլ կազմակերպիչ կամ համախմբող է պետք: Սրտացավություն ունեցողները կամ հիասթափվում են կամ հեռանում:

- Մեր հարևան Վրաստանում ստեղծվեց նոր նախադեպ: Այսինքն, ակնհայտ է, որ կա այդ հնարավորությունը: Նշանակում է, մենք արդեն գիտենք ճանապարհը: Անգամ այն, որ տարբեր դաշինքները կարող են երկարատև չլինել` չպետք է մեզ վախեցնի կամ հուսահատեցնի: Պետք է դասեր քաղենք` թե´ մեր, թե´ ուրիշի դրական կամ բացասական փորձից: Պետք է հստակ գիտակցենք, որ մեր երազած երկրին հասնելը սոցիալիզմի կառուցում չի` սոցիալիստական ստալինյան մեթոդով: Ճանապարհ է, որը յուրահատուկ է նրանով, որ ունենք թշնամի` մեր շեմին, սահմանին կանգնած: Պետք է հասկանանք, որ այն նորմերը, որոնք ուզում ենք մեր հանդեպ օգտագործի միջազգային հանրությունը, պարտավոր ենք ինքներս անել: Իհարկե լավ է, երբ դա արվում է շնորհիվ իշխանության և քաղաքական էլիտայի: Չի՞ ստացվում, ուրեմն պետք է ճնշում գործադրվի: Եվ ոչ թե նոր կուսակցություններից պետք է դա ակնկալել, այլ գրագետ մի խավ ունենք, որը չպետք է դիտորդի դերում մնա:

- Մտավորականությունն էլ անվանարկվեց. ո՞վ է մտավորականությունը:

- Այն խավը, որն ապրում է իր ժողովրդի և ազգի հոգսերով: Ինտելեգենտը նա է, ով կանգնած է ժողովրդի կողքին:

- Ժողովուրդը չի ընդունում` եթե իշխանության կամ օրենքի դրույթներ են ներկայացնում, իշխանությունն էլ` հակառակը:

- Ղարաբաղյան շարժումը ազգի զարթոնքն էր` անկախ նրանից, թե հետո ո՞վ ինչպե՞ս դա օգտագործեց: Զարթոնքը ամեն ինչ է: Քաղաքացիական հասարակության մեջ խորշելի երևույթներին ծանոթ եմ ներսից: Ես գիտեմ լուսավոր կետեր ու գիտեմ նաև, որ մեր կուտակած քանակը որակ առայժմ չի տալիս: Այդ մտավորականությունը` սովետական ժամանակվա ինտելեկտով, սովորույթի ուժով շարունակում է իշխանությանը մոտ մնալ: Անգամ այն եզակիները, ովքեր հակադրվում էին: Այսօր էլ ես ամեն անգամ զարմանում եմ, երբ այս կամ այն նախագահի ընտրության ժամանակ իրեն մտավորականություն անվանող մի խավ ասում է, որ ինքը կողմ է այս իշխանությանը: Խնդիրն այն չէ, որ չպետք է կողմնակից լինել. խնդիրն այդ սովորությունն է:

- Չե՞ք կարծում, որ մտավորականությունը, այո, պետք է լինի իշխանությունների կողքին, որպեսզի նրանց հասցնի ժողովրդի ձայնը: Մենք դա չունենք:

- Այո` եթե հասցնում է, այլ ոչ թե հաճոյանում: Օրինակ, երբ շատ վատ վիճակում էր ասիական երկրներից մեկը և այլևս անկման տեղ չուներ, այնտեղ բուդդայական հոգևորականները շրջում էին գյուղեգյուղ և ոչ թե իշխանություններին էին գովերգում, այլ հույս ներշնչում հուսահատության, աղքատության մեջ կորած ժողովրդին: Այդ երկրում ոչ թե առաջընթաց, այլ մինչև անգամ թռիչք ստացվեց: Եթե մենք չգիտակցենք, որ խնդիրն ինքներս ենք լուծելու և կարող ենք դա անել, եթե չզգանք, որ որոշ դրական փոփոխություններ, այնուամենանիվ, գրանցում ենք, եթե չհասկանանք, որ «երկիր ունենք, որ աշխարհը չունի»` ոչնչի չենք հասնի: Ո՞վ է ասում, որ մեր երկիրը լավ երկիր չի դառնա: Համոզմունքը, որ լավ պետք է լինի, և յուրաքանչյուրն ինքը պետք է անի ավելին, քան անում է` լուրջ խթան է:

- Այս ժողովրդին ի՞նչ է պետք: Այս ժողովրդին պետք է, որ ինքը կարողանա աշխատել ու սնվել:

- Դա քիչ է: Անհրաժեշտ է, որ ժողովրդին պետք լինի ավելին, և նա պետք է կարողանա արդարությունը իր մեջ գտնել:

- Ի վերջո, ասում են` կեցությունն է որոշում գիտակցությունը:

- Ես համաձայն չեմ:

- Եթե մարդը չի կարողանում ապրել, չի աշխատում, չի իրացնում իր ներուժը` չարանում է: Չե՞ք կարծում, որ հիմա իշխանության համար շատ նպաստավոր վիճակ է (ասում եմ առանց հումորի)` ժողովրդին համախմբելու, ժողովրդին հավատընծա դառնալու:

- Ես գտնում եմ, որ ապիշխանությունները կեղծ քայլեր են անում, իսկ շատ ժամանակ այդ կեղծ քայլը չի տալիս առաջընթաց: Կրկնում եմ, իշխանության մեջ ոչ մեկը չի անելու ոչինչ` եթե չլինի ճնշում ներքևից: Հիմա ճնշումը դրսից, որի մասին դուք խոսեցիք, ավելին է, քան ճնշումը ժողովրդի կողմից: Կոչ չեմ անում, որ Ժողովուրդը մոռանա իրեն, բայց ուզում եմ` վստահ լինի, որ ամեն ինչ լավ է լինելու` նաև իր շնորհիվ: Քաղաքական կամքը, որի կրողն ենք համարում միայն իշխանություններին, նաև հասարակության մեջ պետք է լինի: Քաղաքական կամքի կրողը ինչպես ինքնիշխանության կրողը` ժողովուրդն է: Ուղղակի մեզ մոտ իներցիան է գործում` ամեն ինչ դուրսը կամ իշխանությունը պետք է անի: Այսինքն ժողովուրդը պետք է ճնշի, մղի անպայման, որ արվի ժողովրդական գործը: