ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ

ՀԱՆԳԱԺՊԻՏՆԵՐ


***

- Ի՞նչ կբերի մեզ այս դարը:

- Ինչքան քաղցր, նույնքան` դառը:

***

Չի հագնում հագուստն իր ազգային,

Որ համարվի միջազգային…

***

Չի վիրավորվում, որ գործից գլուխ չի հանում,

Վիրավորվում է, որ իրեն գործից են հանում…

***

- Տո, ես իսկի հազարին փող չեմ ասում:

- Քեզ էլ հազարից մեկն է մարդ ասում:

***

Երբ հորանջում էր, շատ էր ուրախանում,

Որ տանը գոնե մի գործ է անում…

***

Կրակն ու ջուրը հար ընդդիմադիր ու անհաշտ են,

Աշխարհում այսքան ջուր կա, հրդեհներն էլի շատ են…

***

- Ամբողջ կյանքում ես նեղության մեջ եմ եղել:

- Ուրեմն, կարելի է քեզ ավելի նեղել…

***

Շունն իր տիրոջը մեծ մարդ էր հաշվում,

Զարմանում էր, որ առաջ չեն քաշում:

***

Մի պարծեցիր` պերճախոս ես,

Կարևոր է, որ ճիշտ խոսես…

***

Բաղդադն արին տակն ու վրա,

Վայ թե խուրման էլ դառնանա…