Մալյանական տարվա նրբերանգները

Թատերական հոբելյաններ

20-րդ դարի 20-30-ական թվականներից մինչ 21-րդ դարասկիզբ հայկական կինոարվեստի անցած ճանապարհը վերարժևորելիս մի անհերքելի ճշմարտության ենք հանգում. «Հայֆիլմի» հիմնադիր Համո Բեկնազարյանից հետո մեր ազգային խոշորագույն կինոգործիչը Հենրիկ Մալյանն է: Ուստի ենթադրվում էր, որ առանձնակի, համազգային շուքով պիտի նշանավորվեր ԽՍՀՄ ժողովրդական արտիստի ծննդյան 90-րդ տարեդարձը: Թող որ այն զուգադիպում էր Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Այդուհանդերձ...

Ի հաստատումն մեր ազգային մշակույթի այս մշտադալար շիվի կենսունակության, ավելորդ շռայլություն չէր լինի, եթե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը միտված հարյուրավոր միջոցառումներին զուգահեռ, համահավասար հնչողություն ապահովվեր հետխորհրդային տասնամյակներում հանիրավի մոռացության մատնված մալյանական ստեղծագործական ժառանգության նորօրյա զրնգուն հանրահռչակմանը: Այո, հանիրավի´: Հավաստիքը` 1983-ի Վենետիկի Հայկական ֆիլմերի փառատոնից հետո (ի դեպ, հանրությունն ու կինոքննադատները պարզապես կախարդված էին Հենրիկ Մալյանի և Արտավազդ Փելեշյանի ֆիլմարվեստով) միայն վերջերս` 2015-ի Բոլոնիայի կինոփառատոնում ցուցադրված ու բացառիկ ջերմ ընդունելություն գտած «Եռանկյունին», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետն» են: Օտարներին նույնիսկ առանց թարգմանության ընկալելի «Նահապետը», որում Արտամետի խնձորենու փյունիկվող խորհրդանիշով, պոետիկ կինոլեզվով մարտահրավեր է նետվում ազգակործան ենիչերիներին.

- Գեղեցիկ ծառը, գեղեցիկ ազգը անհնար է վերացնել, նրանք կոչված են հավերժ ապրելու:

Արտասովոր մի թախիծ է միախառնվում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի ծննդյան հոբելյանական տարեդարձների նշանավորման հետանկախական գրեթե բոլոր հանդիսությունների տոնական տրամադրությանդ: Մտովի լրացնում ես հայկական կինոյին համաշխարհային հռչակ բերած «Եռանկյունին», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետը», «Կտոր մը երկինք» հեղինակային ֆիլմերի շարքն իմաստուն ու գունեղ երևակայությամբ նկարահանած, բայց տարա-բնույթ պատճառներով կինոժապավենին չփոխանցած «Ռանչպարների կանչը», «Մուսա լեռան 40 օրը», «Իմ անունն Արամ է», «Նավը լեռան վրա», «Սինյոր Մարտիրոսը», «Կոմիտասը» ամբողջական ու կառուցիկ կինոերկերով: Եվ քեզ վերստին աղքատացած ես զգում հայ կինեմատոգրաֆիայի նահապետի վաղաժամ կորստով: Խորին ափսոսանք ես ապրում ողբերգականորեն խզված նրա կյանքի, անավարտ մնացած ստեղծագործությունների համար: Ապավինում ես «Հայֆիլմին» կից մանկավարժականի իր կուրսի ուսանողների համար ու համախոհությամբ 1980-ին նրա հիմնած կինոդերասանի թատրոն-ստուդիայի կենսահաստատ արվեստին, որի նորամուտը արդի թատերաշխարհ Թումանյանի «Հեքիաթների» մալյանական արտասովոր «ընթերցմամբ» ողջունել են Սերգեյ Փարաջանովը, Միխայիլ Թումանիշվիլին և հանրահայտ ուրիշներ: Թատրոնի ստեղծագործական առօրյան, սակայն, շուտով խաթարվեց հեղաբեկումների վերահաս համընդհանուր փլուզումներով: Մորմոքաց ուժգին Հենրիկ Մալյանի կորստի ցավը, միաբանված պահեց և մեղմվեց փոքր-ինչ, երբ շինարարական աշխատանքներից 30 տարի անց, ավերակներից կարծես հառնեց Կինոյի տան շենքում ծվարած մալյանաշեն թատերակառույցի խղճուկ հյուղակը: Ժամանակների անարվեստ փորձություններին դիմակայեցին խաղացանկային մի շարք բեմադրությունների կորստի գնով: Բայցևայնպես, հավատարիմ ի սկզբանե որդեգրած գեղագիտական դավանանքին` ստեղծագործական թռիչք արձանագրեցին Աղասի Այվազյանի 5 պատմվածքների մոտիվներով Նարինե Մալյանի բեմադրած «Ցեղի ֆիզիոլոգիա» հայահենք ներկայացումով: Հիմնանորոգված տանը «Հեքիաթների» 1600-րդ ներկայացմամբ, ի նշանավորումն Հենրիկ Մալյանի ու նրա հիմնած թատրոնի միաձույլ հոբելյանակատարության, հյուրընկալեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Տոնեցին Հենրիկ Մալյանի «Երկխոսություն երրորդի համար» բացառիկ արժեքավոր հուշագրության շնորհանդեսը. 70-ականների վերջերից տպագրության պատրաստ այս գրական կոթողով ընթերցողը ոչ միայն բացահայտեց Հենրիկ Մալյանի գրողական անուրանալի ձիրքը, կյանքի ու ստեղծագործության անհայտ էջերը, այլև հմայվեց նրա արվեստաբանական խորաթափանց մտքով, լիարժեք պատկերացում կազմեց նրա ապրած ժամանակների ու մարդկանց մասին: Մշտահմա «Հեքիաթները» Իրանի Իսպահան քաղաքում անցկացվող փառատոնում հաղթող ճանաչվեց 10 անվանակարգերից 8-ում: «Ցեղի ֆիզիոլոգիայի» հաղթարշավը հանրապետական և միջազգային փառատոներում դեռևս շարունակվում է: Իսկ վերջերս 23-րդ միջազգային «Թատերական Լոռու» «Լավագույն ներկայացում» ճանաչված` հումորի ու անչար հեգնանքի նրբարվեստ շաղախով ամենադաժան պատմական ճշմարտություններ վեր հանող այս թատերախաղով Ալավերդու և Ստեփանավանի հարյուրավոր բնակիչներ առաջին անգամ կենդանի հաղորդակցվեցին «մալյանցիների» ուրույն խաղաոճի կախարդան քին: Եվ մեծ շուքով տոնեցին Հենրիկ Մալյանի ծննդյան 90 ու նրա անունը կրող թատրոնի հիմնարկեքի 35-ամյա հոբելյանները:

«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ներկայացում» ճանաչված մալյանական 3-րդ թատերախաղը` Ջոն Պատրիկի «Սիրելի Պամելան», իր կենսախինդ թատերայնությամբ, իսկական արվեստի հետ փոխշփման հրավառության նոր վայելք պարգևեց նորից ու կրկին այն դիտելու ցանկությունը զսպելու անկարող հանդիսատեսին: Իրենց Ուսուցչի և նրա ստեղծած թատրոնի հոբելյանները «մալյանցիները» սեփական հյուրընկալ հարկի ներքո տոնեցին յուրովի: Հենրիկ Մալյանի աներևույթ մասնակցությունն ապահովելով սեղմ ու հուզառատ տեսանյութում` ինքնահատուկ զվարթությամբ խաղարկեցին հայտնի ու անհայտ պատճառներով բեմում չհաստատված մի շարք բեմադրությունների ուշագրավ հատվածներով մտահղացված անաչառ ու անքեն «Չտեսնված ներկայացումը»:

Արդարության դեմ չմեղանչելու համար հարկ է խոստովանել, որ բարձր արվեստի երկրպագուները խորին խոնարհումով են մասնակցել տարվա ընթացքում նախաձեռնված մալյանական մեծ ու փոքր մի քանի հանդիսություններին: Երևանի ծայրամասերից մեկում գտնվող «Հայաստան» կինոթատրոնի 600 տեղանոց լեփլեցուն դահլիճում հերքեցին այն թյուր մտայնությունը, թե իբր խամրել է անցյալ 2-րդ դարակեսում ստեղծված Մալյանի ֆիլմերի երբեմնի խորիմաստ ու արդիաշունչ գրավչությունը:

Հայաստանյան ամենախոշոր` «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի սովորական դարձած 8-օրյա խելահեղ ընթացքում ևս աննկատ չմնաց Հենրիկ Մալյանի 90-ամյակը նշանավորող «Հարգանքի տուրքը»: Շատերը հրճվեցին, երբ «Մոսկվա» կինոթատրոնի մուտքը զարդարող «աստղային արահետում» Համո Բեկնազար յանի, Ռուբեն Մամուլյանի, Սերգեյ Փարաջանովի, Շարլ Ազնավուրի և Անրի Վերնոյի աստղերի կողքին արժանիորեն տեղ գտավ մեր արդի կինոարվեստի վերածննդի գլխավոր ջահակիր Հենրիկ Մալյանի աստղը: Փառատոնային կինոպաստառին վերստին փայլատակեց մալյանական գեղագիտության անանցողիկ հմայքը մեր ազգային ոսկե ֆիլմադարանի գանձերից մեկի` «Կտոր մը երկինք» նրբաճաշակ կինոպոեմի պարզ ցուցադրությամբ:

Մալյանական հոբելյանական տարվա խորախորհուրդ կիզակետերից դարձավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանի և «+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանի հեղինակած, պետական հովանավորությամբ և համքարական աջակցությամբ «Հենրիկ Մալյան» մշակութային հիմնադրամի հրատարակած գիրք-ալբոմի շնորհանդեսը, որի տրամաբանական ավարտն, իհարկե, «Չտեսնված ներկայացումը» եղավ: Բազմաբովանդակ գիրք-ալբոմը, որում խելամտորեն միահյուսվել են Հենրիկ Մալյանի և նրա ստեղծած կինոդերասանի թատրոնի ստեղծագործական տարեգրությունները, թե´ գեղարվեստական ընթերցանության, թե´ մալյանական ուսումնասիրության ծանրակշիռ նյութ է տրամադրում: Անհատակ են Մալյան անհատականության ներքին գաղտնարանները, պարզ ու ջինջ` իր ժառանգած արվեստի նման, որի հանրածանոթ էջերում խորամուխ լինելիս ամեն անգամ մի նոր նրբերանգ ես գտնում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ