Նախարարության մեկ օրը


Հայապահպանությանը նպաստող բազմաթիվ մտահղացումներ է կյանքի կոչել ՀՀ սփյուռքի նախարարությունն` իր 8-ամյա գործունեության ընթացքում: Ծրագրեր, որոնց գերակշիռ մասն այսօր դարձել է համահայկական բոլոր կառույցների աշխատանքի հիմնաքարեր, հաջողության գրավական:

Սփյուռք-Հայրենիք գործակցության ամրապնդմանը կոչված այս գերատեսչության առօրյան, նախարարության աշխատանքային բոլոր օրերը գերհագեցած են. բազմաթիվ այցելուներ, հանդիպումներ, խորհրդակցություններ, հեռակոնֆերանսներ:

Նաև` համահայկական համաժողովների կազմակերպման ու անցկացման աշխատանքներ, սփյուռքահայ կառույցների ներկայացուցիչների հետ զրույցներ, Սփյուռքի և Հայաստանի երիտասարդ տաղանդների, արվեստի, սպորտի, երգ-երաժշտության բնագավառում ակնառու հաջողություններ գրանցած հայորդիների հետ հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ, նկարչական և լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսներ, տարաբնույթ մրցույթներ ու մրցանակաբաշխություններ… Եվ այս ամենը մշտապես շարունակական բնույթ է կրում: Նախարարության մեկ օրն ապրում է մեկ և ավելի ամիսների համարժեք գործելաոճով ու աշխատանքային անդադրում կշռույթով: Այստեղ ամեն օրը շարունակվում է գալիք օրերի ու ամիսների մեջ: Մեծ Սփյուռք ունեցող պետության խնդիրները, աշխատանքային գործառույթների տարածքային ծավալները, համագործակցության հարթակներն ու դրանց իրականացման հոգսերը նույնպես մեծ են: Եվ դրանք գրեթե միշտ արժանապատվորեն է լուծում նախարարությունը:

…Հազարավոր զանգեր, շնորհակալական նամակներ, համագործակցության բազմաթիվ առաջարկներ, տարբեր լրատվամիջոցներին տրվող հարցազրույցներ, ՀՀ կառավարության նիստեր, աշխատանքային այցեր` արտերկրի հայկական համայնքներ, հեռահար ծրագրերի և մտահղացումների իրականացման մեթոդների մշակման աշխատանքներ… Այս ամենն, անշուշտ, այնքան ժամանակատար է, որ ամբողջական պատկերը դժվար է տեղավորել մեկ հրապարակման շրջանակներում:

Նախարարության բազմազբաղ առօրյայի մանրամասների մասին մեր հետաքրքրասիրությունը բավարարելը հանկարծ անիրականանալի թվաց, երբ փաստերի տարափից դժվարացանք առանձնացնել մի քանիսը: Եվ որոշեցինք առանձնացնել հոկտեմբերյան ընդամենը մեկ շաբաթը: Մեկ շաբաթը, որովհետև, ինչպես արդեն նշեցինք` այս գերատեսչության ամեն օրը շարունակությունն է նախորդ և սկիզբը` հաջորդ օրերի: Այդ շաբաթվա ընթացքում այստեղ հյուրընկալվել են 64 այցելուներ, մուտքագրվել է 80 նամակ, առաքվել է 66 գրություն, ստացվել է 387 և ուղարկվել է 6.257 էլեկտրոնային նամակներ … Այս ամենը նախարարության աշխատանքային զբաղվածության ընդամենը մի շատ փոքր մասն են կազմում, սակայն կարծիք կազմելու համար այս տվյալների բաղդատումն իսկ արդեն խոսուն է:

Իսկապես տարողունակ է նախարարության մեկ օրը, այնքա´ն հագեցած ու բազմազբաղ, որ այն մեկ օր անվանելը պարզապես խորհրդանշային բնույթ է կրում: Հայաստան-Սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում, հեռարձակում, բազմացում, գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, գրքերի հրատարակումներ, այցելություններ` Հայաստանում հիմնավորված ու կայացած սիրիահայերին, իրավական օգնություն սփյուռքահայերին, մշակութային միջոցառումների իրականացման աշխատանքներ. այս ամենն, անշուշտ, նախարարության կարևոր առաքելության անձնագիրն է, որը նաև աշխարհով մեկ սփռված հայությանն է:

…Սփյուռքի նախարարությունը սփյուռքահայի տունն է, հարազատ օջախը, ուր հարազատի ջերմությամբ են ընդունում նրան և լուծում բազմաբնույթ հարցեր` առողջականից, ուսման հարցերից` ընդհուպ աշխատանքի տեղավորման հարցերը: Հուզիչ է վերջերս նախարարի մոտ ընդունելության հրավիրված սիրիահայ Րաֆֆի Պաշուրյանի պատմությունը, ում առողջական խնդիրներով զբաղվեց նախարարը, իսկ հաջորդ հանդիպմանն արդեն հետաքրքրվեց բուժման ընթացքով` ասելով.

- Ես ուզում եմ, որ լիովին ապաքինվես, գործ ունենաս, հաստատվես Հայաստանում: Սա ձեր տունն է, բոլոր հարցերով կարող եք գալ ու համոզված եղեք, որ ոչ մի խնդիր չլուծված ու ոչ մի հարց անպատասխան չի մնա:

Ահա այսպիսին է նախարարության որդեգրած հայրենավեր քաղաքականությունն ու հավատո հանգանակն` առ Հայրենիք ու Սփյուռք, որը չի վերջակետվում, չի ավարտվում մեկ օրով, մեկ ամսով, կամ էլ `տարիների հաշվեկշռով:

ՀՀ սփյուռքի նախարարությանն ուղարկված շնորհակալական նամակներից քաղված այս հատվածները, թերևս, ավելի խոսուն են` հազարավոր բառերից.

- Նորք-Մարաշի սրտաբանական կենտրոնում վիրահատական միջամտությամբ մեկ դեղապատ ստենտով ստենտավորում ստանալուց հետո ես ինձ շատ լավ եմ զգում, ուստի խորին շնորհակալություն եմ հայտնում Սփյուռքի նախարարության ողջ անձնակազմին` ինձ աջակցելու, ստենտավորման գումար տրամադրելու և հոգեպես նեցուկ կանգնելու համար:

Լավագույն մաղթանքներով` սիրիահայ Սարգիս Գրիգորյան

- Իմ խորին երախտագիտութիւնն ու սէրը կուզեմ յայտնել Ձեզի` սփիւռքահայութեան, մասնաւորապէս` սուրիահայութեան նկատմամբ Ձեր տածած գուրգուրանքին, հետաքրքրութեան և լուրջ հոգածութեան համար: Իսկ վերջերս գիրքիս շնորհանդէսը, որ տեղի ունեցաւ Ձեր կազմակերպութեամբ եւ ներկայութեամբ, նաեւ` մայրենիի անաղարտութեան ու երախտագիտական ոգիով Ձեր նկատմամբ, այլ նաեւ` կը դնեն նոր պատասխանատվութիւններու եւ պարտաւորութիւններու առջեւ, հանդէպ մեր գրականութեան, ժողովուրդիս, հայրենիքիս եւ գաղութիս:

...Քաջառողջութիւն, կորով, նորանոր ձեռքբերումներ եւ բազում նուաճումներ կը մաղթեմ Ձեզի...

Սիրիահայ լրագրող, բանաստեղծուհի, մանկավարժ Մարիանա Պերթիզլեան

…Շուտով պատմության գիրկը կանցնի ևս մեկ տարի, և 2017-ն իր դռները կբացի Երկիր մոլորակի ողջ մարդկության առջև: Այդ դռնից ներս կմտնի նաև Հայաստան աշխարհն` իր ունեցած հաղթական, ուրախ և տխուր պատմություններով, ոտք կդնի նոր տարվա շեմին` հարատև խաղաղության ու հզորացման երազանքով, իրատեսական ծրագրերով, որոնցում իր զգալի մասնաբաժինն ունի ՀՀ սփյուռքի նախարարությունը: Ցանկանք, որ նոր` 2017 թվականը, նախարարության համար լինի նույնքան արգասաբեր, նույնքան լեցուն ու բովանդակալից, որքան 2016-ը:

Կարինե ԱՎԱԳՅԱՆ