ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԴԱՐՁՈՂ ԽՆԴԻՐ


Անլուծելի՞ է այն իսկապես, թե՞ լուծման տարբերակներն են շատ, և դժվար է ընտրություն կատարելը:

Հակված ենք մնալ այն համոզմունքին, որ պետության համար ներքին անլուծելի խնդիր լինել չի կարող: (Դժվարալուծելիներ` որքան ասեք, բայց ոչ երբեք` անլուծելի): Սակայն ընդդեմ ՀՀ կառավարության Մարդու իրավունքների եվրոդատարանի վճիռները շարունակում են թակել մեր գանձարանի դուռը` այնտեղից «շերեփներով» դուրս բերելով «պտղունց-պտղունց» հավաքվածը:

Անցյալ շաբաթ ՄԻԵԴ-ը հրապարակեց հերթական 2 վճիռները` պարտավորեցնելով ընդհանուր հաշվով 52.400 եվրո հատկացնել իր արդարադատությանն ապավինած մեր երկու հայրենակիցներին: Ակամա հիշենք փաստաբաններից մեկի առժամանակ առաջ հնչեցրած այն կանխասացությունը, թե առաջիկայում մեր կառավարությանը նմանատիպ վճիռների տարափ է սպասվում: Կառավարությանը` ասել է թե` բյուջեին: Իմա` հարկատուներիս «աչքը լույս»:

Այնքան է ասվել, որ կրկնելն իսկ անիմաստ է դարձել, բայց այդ խնդրին ի վերջո հանգուցալուծում չի՞ գտնվելու: Մարդու իրավունքները ոտնահարում, արդարադա տությունն աղավաղում են դատավոր-դատարանները, տուգանվողը` հարկատուն է: Արդյո՞ք իրենց սխալների համար պատասխանատվություն չկրելն է´լ ավելի անպատասխանատու չի դարձնում դատական ատյաններին: Եվ մի՞թե դա առատ ջուր չի լցնում կոռուպցիա կոչված անհաղթահարելի երևույթի ջրաղացին:

Լավ, ո՞նց է լինում, որ երեք ատյաններում ոչ մեկն իրեն հաշիվ չի տալիս, որ Ստրասբուրգում չեն հանդուրժում արդարադատության նկատմամբ ցանկացած ոտնձգություն: Այս հարցի պատասխանը հենց ոտնահարողներն իրենք կգտնեն, եթե ստիպված լինեն անձամբ վճարել` օրենքը հայեցողաբար մեկնաբանելով վճիռներ կայացնելու համար: Ասողներ կլինե՞ն, թե դատավորներն էլ սխալվելու իրավունք ունեն: Շա˜տ մարդասեր լինելով` համաձայնենք. սխալվելու իրավունք բոլորն ունեն, բայց յուրաքանչյուրը նաև պարտականություն ունի` պատասխան տալ իր սխալի համար:

Ա´յ, եթե Եվրոդատարանում խոտանված վճիռների «կնքահայրեր» մեր 3 ատյանների դատավորները 1-2 անգամ սեփական գրպաններից վճարեին հազարավոր եվրոների տուժանքները, այդուհետ հազիվ թե այդքան շռայլորեն «վրիպեին»: Արդյունքում ոչ միայն մեր բյուջեի ճեղքերը չէին մեծանա, այլև եվրոպայի իրավապաշտպանները հարգանքով կվերաբերվեին հայաստանյան արդարադատությանը: