ՍԹԱՓՎԻ´Ր, ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ

2017 -Ը` ԸՍՏ ՆՈՍՏՐԱԴԱՄՈՒՍԻ

Սարսափից զինաթափ լինել պետք չէ: Պարզապես հարկավոր է վերափոխել գազանաբարո դարձող մարդկային բնույթը: Իսկ ինչպե՞ս: Հենց այս հարցի պատասխանի որոնումն էլ թող դառնա 2017-ից սկիզբ առնող ապագայի փնտրտուքի հիմնաքարը:

Նրա կյանքն ու գործունեությունը հավատ են ընծայում մարդկությանը ժառանգած կանխատեսումներին: Դեռևս 16-րդ դարում ապագայի մասին մեծ փիլիսոփա, պայծառատես Միշել Նոստրադամուսի գերեզմանաքարի մակագրությունը բավական խոսուն է այս առումով.

- Այստեղ հանգչում են ոսկորները նշանավոր Միշել Նոստրադամուսի` բոլոր մահկանացումներից միակի, ով աստղերի ազդեցության շնորհիվ իր համարյա աստվածային գրչով կարողացավ պատկերել ամբողջ աշխարհի ապագա իրադարձությունները:

Իհարկե, նրա գուշակությունները միանշանակ չեն ընդունվում. Ոմանք պնդում են, թե Նոստրադամուսը մեր ժամանակների մասին չի գրել, ոմանք էլ մոլեգին համոզմունք ունեն, որ նրա հեղինակած քառյակները հենց մեր օրերն ու մոտալուտ գալիքն են նկարագրում:

2017 թ. մասին կանխասացի նկատառումները ներկայացնելով` դրանց հավաստիությունը թողնենք ապագային, իսկ պայծառատեսությանը հավատալը կամ չհավատալը անձնական խնդիր է: Բոլոր դեպքերում` փորձենք մոլորակի դուռը թակող 2017-ին «նայել» Նոստրադամուսի հայացքով:

Ըստ նրա` առաջիկայում լույս աշխարհ կգա ինչ-որ հրեշ (կամ այլանդակ, պակասավոր մեկը), ու հենց նրանով էլ կնշանավորվի ամբողջ մարդկության համար խավար օրերի վրահասը: Խավարի սկիզբը կգա Արևելքից: Չալմայակիր մարդիկ դաժան պատերազմ կսանձազերծեն:

Նոստրադամուսը գրել է արաբական երկու երկրների ռազմական բախման մասին, որի ժամանակ արյան գետեր կհոսեն: Մյուս պետություններն էլ չեն կարողանա կողմնակի դիտորդ մնալ և արյունահեղության մասնակիցը կդառնան: Արդյունքում իրար դեմ կելնեն երկու` քրիստոնեական և մահմեդական աշխարհները: Պատերազմի ընթացքում կկիրառվի զանգվածային ոչնչացման քիմիական սարսափելի զենք, որի հետևանքով բազմաթիվ ազգեր զանգվածաբար կտեղափոխվեն հյուսիս:

Չարագուշակ է կանխատեսումը: Արնահեղությանը, մարդկային դաժանություններին ու արյան ծարավին զուգընթաց` 2017-ին մոլորակի բնակչությանը մեծ տառապանքներ կպատճառեն նաև բնական աղետները:

Տարեսկզբին ջրի վտակներ կիջնեն Երկիր. այնպիսի ուժեղ անձրևներ կտեղան, որ մի քանի ամիս անընդմեջ կողողեն կամ ջրասույզ կանեն Եվրոպայի երկրները: Իտալիան, Չեխիան, Հունգարիան և Մեծ Բրիտանիան ջրի տակ կկորցնեն իրենց տարածքների մի մասը:

Դատելով Նոստրադամուսի քառյակներով` մայրցամաքները գրեթե ամբողջովին կամայանան, իսկ երբեմնի ծաղկուն քաղաքներն ավերակների կվերածվեն: Եվ որոշ ժամանակ Եվրոպան կամայանա: Ֆրանսիայում ջրամբարները կվարակվեն կամ կաղտոտվեն, ինչի պատճառով հնարավոր են ապստամբություններ:

Պայծառատեսը ֆրանսիացիներին նաև զանգվածային տարհանում է գուշակել. նրանց կտեղափոխեն տարերային աղետներից համեմատաբար քիչ տուժած վայրեր:

Համաշխարհային ճգնաժամի արդյունքում մեծապես կտուժի նաև Ամերիկան, ինչը կարող է հանգեցնել Ռուսաստան-Եվրոպա պատերազմի:

Մի խոսքով` բոլորովին պայծառ չէ Երկիր մոլորակի մոտալուտ ապագան: Եվ հույսով զինվելուց զատ նաև մարդկային կերպարը վերագտնելու մասին պետք է մտածի մարդկությունը: Մոլորակը մեզ` Աստծո կերպարով ստեղծվածներիս հանձնված է ոչ թե անխնա ոչնչացնելու բնությունն ու տրվելու կենդանական բնազդներին, այլ պահպանելու այն ամբողջությունը, որի ամեն անկյունն ինչ-որ մեկի, այս կամ այն ժողովրդի օրրանն է կամ պարզապես բնակատեղին: Հատկապես այս պարագայում այնքա˜ն անանջատելի են մասերն ու ամբողջությունը, որ որևէ մեկի խափանման արդյունքը համամարդկային աղետն է` մոլորակի կործանման տեսքով: