ԿՅԱՆՔԸ ՀԻԱՍՔԱՆՉ Է

Թանկ մարդկանց կորուստն ուրիշ խորհուրդ ունի

ՆՈՐ բան ասած չեմ լինի, եթե  ասեմ, որ մեր ընկերները վիթխարի ներգործություն և անջնջելի հետագիծ ունեն մեր կյանքում: Դեռ մանկության օրերից նրանք աննկատ, անտեսանելի թելերով հյուսվում են մեր ճակատագրի հենքին, մեր կյանքի նավն առաջ տանող հիմնակմախքին: Երբեմն գիտակցված, երբեմն անգիտակից մղումով նրանք ուղղորդում են մեզ մեր կյանքի ճանապարհին` վեր կամ վար ընթացող նրա հետագծին թողնելով լուսավոր առկայծումներ: Ու ցանկացած պահի, երբ թվում է, թե կարող ես խեղդվել տիեզերական ամենակուլ խավարի գեհենում, երբ թվում է, թե ամեն ինչ վերջացած է, բավական է մի հետադարձ հայացք նետել, և... այդ առկայծումներն իրենց կուրացուցիչ լույսով հաճելիորեն ծակծկում են աչքերիդ տարտամը, խուտուտ տալիս ցավից տնքացող հոգիդ... Ու տեղի է ունենում սովորական հրաշքը... քեզնից անկախ, որպես ինքնաբուժության անփոխարինելի, հնագույն ու փորձված սպեղանի, հազարերորդ անգամ շրթունքներիդ արանքից աղոթքի պես դուրս են պրծնում այն զորավոր կախարդաբառերը, այն հմայախոսքը, առանց որի ոչ միայն ապրել, այլ անգամ մեռնել չի լինի` կյանքը հիասքանչ է...

Իմ սիրելի բարեկամի, իմ լուսավոր ընկերոջ` Վլադիմիր Եղիազարյանի մասին խոսելիս ես պարտավոր էի կանգնել լավատեսության այս անձեռակերտ պատվանդանի բարձրության վրա, որից իջնելու թուլություն նա երբեք չունեցավ: Միայն այդպես ես պիտի պատիվ ունենայի խոսել նրա մասին և խոսելուց առաջ նրա աչքերի մեջ նայելու համար ուժ պիտի ունենայի` հասնելու այդ սրբազան գագաթը: Ու զարմանալի չէ, որ ես այնտեղ հասա շատ թեթև, պատանեկան ավյունով, քանի որ խոսքը մի մարդու մասին է, ում կյանքի ամեն մի էջը լավատեսության անհաս Արարատ է, լավատեսության Ավետարան` սկսած թուրքական յաթաղանից մազապուրծ էրզրումցի պապերից, 37, 46 թիվ կոչված ստալինյան մահվան դժոխքներից, վերջացրած մեր խառնակ ու խրթին ժամանակներով: Ու առանց վախենալու չափազանցության մեջ մեղադրվելուց` ես պիտի համարձակորեն ասեմ, որ Նրա լավատեսությունը սովորական չէր, դա հանճարեղության պես մի բան էր` Աստծուց տրված, դա լավատեսության ակունք էր` բնական, անխառն, նախասկզբնական ու մաքրամաքուր: Ահա թե ինչու եմ ես ասում` կյանքը հիասքանչ է, և նոր միայն ինձ իրավունք վերապահում խոսել նրա մասին:

Ես ասում եմ` կյանքը հիասքանչ է, որովհետև աշխարհում ապրել են Քեզ նման մարդիկ... Ես ասում եմ` կյանքը հիասքանչ է, քանի որ բախտ եմ ունեցել Քեզ իմ ընկերը կոչելու... Եվ վերջապես, ես ասում եմ` կյանքը հիասքանչ է, որովհետև պատիվ եմ ունեցել ինձ Քո ընկերը զգալու... Ու ես գիտեմ, որ հիմա Դու լսում ես ինձ: Տեսնո՞ւմ ես, աննկատ անցա երկխոսության լեզվին, մարդու հետ կենդանի հաղորդակցվելու քերականական կարգին` երկրորդ դեմքին: Քո պարագայում դա նույնպես բնական է: Դու այնքան ամուր կապերով էիր միահյուսված Քո ընկերների, իմ կյանքին, որ ապրելու համար մնացած այս կարճ տարիները մենք չենք պատրաստվում ու չենք էլ կարող ապրել առանց Քո ներկայության... թող որ բացակա-ներկայության: Մեր տարիքում նման ցնցումներն անդառնալի են...

Թանկ մարդկանց կորուստն ուրիշ խորհուրդ էլ ունի, թող որ փոքր-ինչ էգոիստական, բայց շատ բնական ու շատ մարդկային: Ափսոսալով ու ցավալով թանկ մարդու` կյանքից վաղաժամ կամ նույնիսկ ժամանակին հեռանալու համար, դու այնուամենայնիվ, քեզ բռնում ես մի անկեղծ մտքի մեջ. իսկ ի՞նչ կորցրի ես, ի՞նչ չունեմ և այլևս չեմ ունենա առանց նրա... Չէ՞ որ ես դեռ ապրում եմ, ու չգիտեմ, թե ինչքան եմ ապրելու, չէ՞ որ առանց նրա իմ կյանքում դատարկ տեղ է մնացել, որը ոԲչ կարելի է լցնել և ոԲչ էլ կարելի է չտեսնելու տալ... Ու ելնում եմ ես` հաշվելու իմ կյանքի դատարկ մնացած փոսերը, իմ ունայնության փոսերը... Դրանցից մեկը` ամենաթարմը, Քո թողածն է, ընկեԲրս, բարեկաԲմս

Ես երբեք չեմ էլ փորձել հասկանալ Քո մասնագիտության` ինձ խորթ ու խրթին լաբիրինթոսները` ծրագրավորման ավտոմատացում և նոր տեխնոլոգիաներ, կրիչների մոդելավորում ու թեստավորում և այլն: Քո բնագավառն ինձ համար անհասանելի էր ու բարդ, ինչպես չինարենը: Եվ եթե Քո` ծրագրավորումն ավտոմատացնող մաթեմատիկական ուղեղի ու մտքի կրիչների հետ այդպես տաքուկ ու հարմարավետ, այդպես հաշտ ու համերաշխ չապրեին արվեստագետի խորազգաց սիրտն ու հոգին, հույզն ու ներշնչանքը, ապա ես այդպես էլ անհաղորդ պիտի մնայի Քո հոգևոր հարստությանը` համարելով, որ մաթեմատիկոսի հետ, թող որ «կիրառականե բառի դարձյալ անհասկանալի համադրությամբ, հնարավոր է միայն գործնական հարաբերություն հաստատել և ոչ թե ջերմ բարեկամություն: Մտովի չափելով մեր մոտ 40 տարվա վաղեմութ յուն ունեցող ընկերության խորությունն ու բարձրությունը` ես հավատում եմ Էքզյուպերիի Փոքրիկ իշխանին. նա ասում էր, որ հոգևոր կապերն ամենաամուրն են: Ես հպարտ եմ, որ մեր ընկերությունն ամրացել ու իմաստնացել է հոգևոր կապերով, ու ես վայելել եմ Քեզ նման նվիրական ընկեր ունենալու բախտը: Առանց Քեզ միապաղաղ ու անփայլ կլիներ իմ ընկերական մեծադիր խճանկարի գունագեղությունը: Դու` Քո փոթորկուն կյանքի շքեղ հրավառությամբ, այդ խճանկարի ամենաշողշողուն ու պայծառ լույսն ես դարձել:

Մեզ միայն այս կյանքը չէ, որ կապել է իրար: Մեր ճամփաները խաչվել են մեր ծննդից դեռ շատ ու շատ առաջ` մեր էրզրումցի հայրենակորույս ռանչպար պապերի տեղահանության, թափառական ու դաժան կյանքի տխուր օրերից: Հետո բաժանվել են` Քո գերդաստանին հասցնելով Ջավախքի կուսական սարերի փեշին ծվարած գյուղը, իսկ մերոնց` Ալեքսանդրապոլ-Գյումրի: Հետո այդ ճամփաները նորից են խաչվել` արդեն ստալինյան պողպատե բռնատիրության մահաբեր մամլիչի ներքո` 37-ին, 46-ին... Մերոնք շատ «վտանգավորե թշնամիներ էին և գնդակահարվեցին, Ձերոնք` պակաս «վտանգավորե և աքսորվեցին:

Ու արդեն որերորդ անգամ կրկնվել է հայ մարդու աքսորի ու գաղթի ոդիսականը` այժմ էլ մարդասիրական հորջորջվող խորհրդային երկրում: Դժոխքի ծաղիկներ էին այն երեխաները, ովքեր ծնվեցին ու հասակ առան աքսորի ու գաղթի ճանապարհներին ընտանիք ստեղծած ծնողներից: Քո ծնողները, Դու, հազարավոր Քո նմանները այդպես կյանք մտան, հայրենի հողից բռնի արմատախիլ արված ու օտար հողում աճած ծառի նման... Ոչ, նրանք երջանիկ չեղան ու չէին էլ կարող լինել. մի սերնդի կյանքում չեն կարող տարրալուծվել ու մոռացվել այդքան ցավ ու տառապանք, այդքան կորուստ ու վիրավորանք: Այդ պատճառով նրանք ընտրեցին ազնիվ ճանապարհներից ամենադժվարն ու աստվածահաճոն` երջանկություն գտան ուրիշներին երջանկացնելու մեջ...

Քեզ բոլորը «չտեսնված մարդե էին կոչում, որովհետև ամեն քայլափոխի չես տեսնի այսպիսի մարդու, այսքան առաքինի հայի, ով իր մեջ այնպես ներդաշնակորեն գեղեցիկ համադրում է մեծ գիտնականի ու մանկավարժի, մարդասերի ու հայրենասերի, մեծահոգի, իմաստուն ընկերոջ, խստությունը կոպտության հետ երբեք չշփոթող պատկառելի ղեկավարի, վստահելի գործընկերոջ, սիրառատ ամուսնու, խանդաղատանքով ու քնքշանքով լեցուն հոր հատկանիշները: Եվ մարդեղենության այս ամբողջ զինանոցը` մի փոքրիկ մարմնում: Ու ես սկսում եմ հասկանալ, թե ինչպես կարող են էներգիայի ամենահզոր աղբյուրները չափսերով լինել այդքան փոքր:

Կուզեի անդրադառնալ ևս մի կարևոր հանգամանքի: Մեր օրերում ավելի շատ չարչրկված, շահարկված ու շռայլված բառ, քան «անաչառե բառն է, հավանաբար չկա: Այդ պատճառով Վլադիմիրի անաչառության ու անշահախնդրության մասին խոսելիս պիտի փաստել զուտ օրինակի վրա, որպեսզի նման չլինի խոսք շռայլելու, ինչը նա չէր սիրում: Գիտելիքները, խիստ ժամանակակից մասնագիտությունը, պրոֆեսիոնալիզմը նրան կարող էին տանել մեր ժամանակների մարդուն բնորոշ միանգամայն այլ ուղղությամբ: Բիզնեսը, ավելի մեծ գումարներ վաստակելու գայթակղությունը, արտասահմանում հաջողությունների հասնելու հեռանկարը միշտ էլ հասանելի են եղել նրան որպես այլընտրանք: Ամեն ինչ տեսել է կյանքում` ևԲ լավ, ևԲ վատ: Բայց հայրենիքում ապրելու, հայ երիտասարդներին կրթելու և հայեցի դաստիարակելու կոչումին մնացել է հավատարիմ, գործել է աներեր ու աննահանջ: Ի՞նչ շահ է ունեցել կյանքից այս անհանգիստ մարդը. միայն մի շահ` արդարության հաղթանակ. այդքան շատ պարտութ յուններ կրած, այդքան թույլ ու վտիտ, այդքան փխրուն ու սպասված արդարության` որտեղ որ դա հնարավոր է, ինչքան որ հնարավոր է` քաղաքականության, գիտության, կրթության մեջ, ընտանիքում, փողոցում, դպրոցում, ամենուր, որտեղ որ կհասնի իր ամենահաս ձեռքը:

Փոխվել են ժամանակները, ղեկավարները, իշխող ու չիշխող կուսակցությունները, փոխհարաբերությունների հարթակները... փոթորիկների առաջ նա կանգնել է կաղնու պես հաստատուն ու աներեր` արմատախիլ լինելու վտանգն աչքի առաջ, գործի շահերից ելնելով` ճկվել է եղեգի պես` կաղնու պես չտապալվելու համար, ու միշտ նայել է առաջ` հպարտորեն ուսած անցյալի քաղցր ու դառը փորձը: Հարուստ լինելու մոլուցքով երբեք չի տառապել, որովհետև եղել է շատ հարուստ` հարստության սեփական բանաձևով: Նա գիտեր, որ չափազանց աղքատ են այն մարդիկ, ովքեր միայն փող ունեն, իսկ ինքը հարուստ էր, որովհետև ուներ մնացածը: Երջանիկ էր լուռ` առանց դրա մասին բարձրաձայնելու, երջանիկ էր ուրիշների երջանկությամբ, ուրիշներին երջանկացնելով:

Թեև մեր սերունդը քրիստոնեական դաստիարակություն չի ստացել, բայց Վլադիմիրը մինչև հոգու խորքը իսկական քրիստոնյա էր, հայ քրիստոնյա: Անսահման սիրառատ, բարի ու մեծ սրտի տեր մարդ, որդի, հայր ու ամուսին, ով անկեղծորեն սիրում էր այն ամենը, ինչն իմաստավորում էր իր կյանքը. այդպես նա մոտենում էր Աստծուն: Կրկին պիտի հիշեմ Փոքրիկ իշխանին. սերը վերելք է, անսպառ վերելք, այլ կերպ չի լինում, որովհետև այն աստվածային պարգև է, իսկ Աստված վերևում է... որտեղ որ հիմա նա է... իմ մեծ բարեկամն ու ընկերը, մեծ հայն ու հայրը, ուսուցիչն ու զավակը, իր հայրենիքի զինվորն ու գիտնականը... մեր սիրելի Վլադիմիր Եղիազարյանը...

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ