Նորա ԱՐՄԱՆԻ. «Հայաստան եմ ուզում գալ գործնական ծրագրերով և առաջարկություններով»


Նյու-Յորքում բնակվող դերասանուհի, բեմադրիչ և պրոդյուսեր Նորա ԱՐՄԱՆԻՆ միշտ Հայաստանի հետ է, հայաստանյան տարբեր փառատոների և մշակութային ծրագրերի հետ: Իր բառերով ասած` ապրելով Նյու-Յորքում` նա նաև Հայաստանում է: - Սիրելի Նորա, քեզ հետ զրուցելիս, երբեմն մոռանում եմ, որ դու հազարավոր կիլոմետրերով հեռու ես ապրում Հայաստանից: Չկա մեզանում մի թատերական կամ կինեմատոգրաֆիական իրադարձություն, որին ներկա չլինես: Արդյո՞ք միայն մշակութային ձեռնարկներին ներկա լինելու ցանկությունն է քեզ բերում Հայաստան: - Հայաստանի հետ ես շատ վաղուց եմ կապվել: Ամենածանր ու դժվարին տարիներին` 1992-93-ին, երբ Արա Երնջակյանի ֆիլմում էի նկարահանվում, կամ էլ երբ մասնակցում է Սփյուռքի թատրոնների առաջին փառատոնին` ես Հայաստանում էի, իմ երկրում: Եվ սկսած այդ տարիներից` հաճախ եմ լինում Հայաստանում: Խնդիրը միայն մշակութային իրողությունները չեն, որոնց, անշուշտ, մեծագույն սիրով և հպարտությամբ եմ մասնակցում: Հայաստանում լինելու փափագս այնքան մեծ է, որ միշտ առիթ եմ փնտրում: - Դու նկարահանվել ես Հայաստանում ստեղծված մի քանի ֆիլմերում: Հիմա դու սփյուռքահա՞յ, թե՞ հայաստանահայ արվեստագետ ես: - Ես հայ արվեստագետ եմ, ով հանգամանքների թելադրանքով ապրում է Նյու-Յորքում, ստեղծագործում է նաև այնտեղ: Սակայն միջավայրը բնավ չի խանգարում, որ իմ ստեղծածի ու արածի մեջ հայկականը լինի: Արդեն չարչրկված միտք է, բայց պիտի ասեմ. Հայաստանում ապրես կամ սփյուռքում` կարևոր չէ: Կարևորն այն է, որ դու հավատարիմ մնաս քո ազգային մտածողությանը, քո երկրի, պապերիդ ձայներին: Անշուշտ, շատ ավելի լավ կլիներ, եթե հայրենիքում ապրեի և այստեղ միայն ստեղծագործեի, բայց միշտ չէ, որ կարող ես թելադրել ու պարտադրել հանգամանքներին: - Երկու տարի առաջ, մասնակցելով «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին, ներկայացրեցիր քեզ հոգեհարազատ դարձած հայկական թեմայով ներկայացում: Ես նաև հիշում եմ քո նախորդ աշխատանքները, որոնցում նույնպես գերական հայկական թեման էր: Ի՞նչ է քեզ համար հայկական թեման: - Ես հայկական թեմայի միջոցով ուզում եմ առավել խորը ճանաչել ինքնությունս, տեսակս, ժառանգական կապերս: Իմ ներկայացումներով նույնին եմ ուզում մղել նաև հատկապես Սփյուռքում ապրող հանդիսատեսներին: Մենք ինքնության ճանաչման մեծ խնդիր ունենք: Հատկապես հիմա, երբ Սփյուռքում մի ամբողջ սերունդ այլևս հայերեն չի խոսում, չգիտե իր ծագման ու իր ժողովրդի մասին: Իմ ներկայացումներում մշտական խորհրդանիշեր կան, որոնցից ամենասրբազանն Արարատ լեռն է: Ես իմ լեռան միջոցով եմ շատերի հայացքն ուղղում դեպի ազգային ինքնագիտակցություն, դեպի ազգային արմատներ: Հիմա դրսում շատերի համար օտարոտի են այդ հասկացությունները` Հայրենիք, Հայաստան, Արարատ… Բայց ես ամեն ջանք գործադրում եմ, որպեսզի իմ մեջ ապրող զգացումները փոխանցվեն ուրիշներին ևս: Արդեն չորս ներկայացում ունեմ, որտեղ հենվում եմ հայկական թեմաների վրա: Դրանք ցուցադրել եմ ինչպես Նյու-Յորքում, այնպես էլ Լոս-Անջելեսում, Փասադենայում, Բոստոնում: Ամենուրեք սկզբում այն տպավորությունն էր, թե անհասկանալի բաների մասին եմ խոսում, իսկ ահա ներկայացումների ավարտին զարմանալի կապ էր ստեղծվում իմ և հանդիսատեսի միջև: Նշանակում է` իմ պատկերացումների և էությանս մեջ ապրող խորհրդանիշերը փոխանցվում էին նաև նրանց, ովքեր գալիս էին դիտելու իմ ներկայաց րած պատմություններն իմ երկրի մասին: - Վերջին տարիներին Հայաստանում դու փոփոխություններ նկատե՞լ ես: - Հարկավ: Երկու տարի առաջ էի այստեղ: Թվում է, թե չափազանց սահմանափակ ժամանակ է, բայց իրապես փոխվել է Հայաստանը: Շա˜տ է փոխվել: Փոխվել են նաև մոտեցումները, վերաբերմունքը: Տարիներ առաջ ոմանք Սփյուռքից Հայաստան եկան, ինչ-որ բաներ արեցին, նվիրատվություններ կատարեցին, սակայն ոմանք այստեղ բարենպաստ պայմաններ չտեսնելով` հեռացան, ոմանք էլ մնացին ու շարունակեցին իրենց մեծ գործը: Նաև նրանց ջանքերով է փոխվել Հայաստանը: Աստիճանաբար շատ բան է փոխվում Հայաստանում, ինչն էլ անկեղծ ուրախություն է պարգևում ինձ: - Հիմա Հայաստանում օրենքներ են ընդունվում, որոնք սփյուռքահայերին հնարավորություն են տալիս բնակություն հաստատելու Հայաստանում, աշխատելու առավել բարենպաստ պայմաններում: Չէի՞ր ուզենա գալ Հայաստան և այստեղ իրագործել քո ծրագրերը: - Նյու-Յորքում ես արդեն ստեղծել եմ բոլոր պայմանները` իմ ֆիլմերը նկարահանելու համար: Երկար ժամանակ չեմ կարող գալ, սակայն շատ կուզենայի գալ 2-3 ամսով, որոշակի ծրագրերով ու նախաձեռնություններով: Արվեստում ունեցածս փորձն, հավանաբար, քիչ չէ, ուստի կուզենայի վարպետության դասեր վարել, հայաստան յան երիտասարդությանը ծանոթացնել ամերիկյան կինոարտադրության և թատերական ներկայացումների կազմակերպման փորձին: Հայաստան ամեն սփյուռքահայ պետք է գա գործնական առաջարկություններով և ծրագրերով, այլ ոչ թե հյուրի ու զբոսաշրջիկի կարգավիճակով: - Ուրեմն, սիրելի Նորա, հուսանք, որ հաջորդ այցդ չի ուշանա: - Իհարկե, չի ուշանա: Տարեցտարի ես ավելի եմ կապվում Հայաստանին: Հիշում եմ, երբ 1992-ին եկա և մասնակցեցի Սփյուռքյան թատրոնների փառատոներին` տեսա բավական տխուր պատկերներ, սակայն չհիասթափվեցի, և այդ օրվանից իմ հոգու կամուրջն ավելի երկարեց: Չէի ասի, թե Նյու-Յորքում շնչահեղձ եմ լինում, բայց մի շատ կարևոր բան պակասում է: Կգամ նորից, որ այդ կարևորը երբեք չպակասի: Անգամ եթե հասցնեմ, կգամ մասնակցելու աշնանը կայանալիք Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնին: Թեկուզև հանդիսատեսի կարգավիճակով կգամ: - Բարի ճանապարհ և բարի գալուստ…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ