Մնաք բարո¯վ.... Չէ, մինչ հանդիպում


Век мой, зверь мой, кто сумеет Заглянуть в твои зрачки?... Осип Мандельштам Դագաղս կարճ էր: Մոտավորապես էին պատրաստել: Ավելի ճիշտ, իմանալով ում տղան եմ, հորս հասակով էին պատրաստել: Վարպետը չգիտեր իհարկե, որ մայրս լիտվուհի է, և ես մորս նման բարձրահասակ եմ: Երբ ինձ Նորքի դիահերձարանից պիտի տեղափոխեին Երրորդ գյուղի գերեզմանատուն, քաղաքի թաղման բյուրոյի սև, կարմիր գծերով գազելով մի սև դագաղ բերին: Նորքի դիահերձարանում շատ դագաղներ կային, բայց երևի թանկ էին: Ինձ համար բերեցին էժանը` մտածելով, երևի, որ վանեցու տղային էժան թաղելն ավելի ճիշտ է: Գրողների միության նախագահը նույնիսկ կատակեց կողքին կանգնած Բերիային նմանվող իր ընկերոջ հետ. - Այս դագաղը մի անգամ արդեն օգտագործված է... - Գուցե,- անմիջապես համաձայնեց Բերիայի նման մարդը, որի պապին 1915 թվականին Գյումրիում եկեղեցու դագաղով էին տարել գերեզմանոց, թաղել առանց դագաղի, դագաղը ետ բերել` հաջորդ մեռելի համար: Ես հիշեցի Բերիայի նման մարդուն: 1979-ին ծանոթացել էինք Պալանգայում: Ծերացել է խեղճը: 1979 թվականին գեղեցիկ երիտասարդ էր` առանց ակնոցների, երկար մազերով, նիհար, ատլետիկ արտաքինով: Լիտվուհիները գժվում էին նրա համար: Իսկ հիմա տեսքն իմ տեսքից վատ է: Երևի ինքն էլ է հիվանդ... է¯, ծանր է այսօրվա հիվանդի կյանքը, ահավոր ծանր... Ինձ երբ հոգեբուժարանից տեղափոխեցին հանրապետական հիվանդանոց (մրսել էի և թոքաբորբով էի տառապում), բժշկուհին հարցրեց հարևանուհուս, որն ուղեկցում էր ինձ. - Իսկ կարո՞ղ եք վճարել, եթե տեղավորենք: Տաս-տասնհինգ օր հարկավոր է բուժման համար: Հիվանդասենյակի, դեղերի, բուժսպասարկման... Հարևանուհիս, որ նույնպես գրողի դուստր էր, հարցրեց բժշկուհուն, թե Գրողների միությունից կամ Առողջապահության նախարարությունից չե՞ն զանգել արդյոք: Վերջապես հիվանդը դասական գրողի զավակ է... - Չգիտեմ ո°չ դասականի, ո°չ ժամանակակցի: Բոմժերին տարեք ծերանոց,- եղավ բժշկուհու պատասխանը: Ինձ նորից տեղափոխեցին հոգեբուժարան: Այստեղի աշխատողները բարի էին, բայց ոչնչով չէին կարող օգնել: Բուժում էր պետք: Վերջապես գտնվեց մի հիվանդանոց, որտեղ ինձ ընդունեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ: Չգիտեմ անվանո՞ւմն էր պարտադրում, թե՞ Հիպոկրատին տրված երդումը: Ուզում էին բուժել, բայց... ուշ էր, շա¯տ ուշ: Ամբողջ ձմեռ սառը բնակարանում ապրելն իր հետքը թողնելու էր: Ու ես հոգիս ավանդեցի: Չեմ զղջում: Մայրս այլևս չի տառապի: Մեղք է: 1947 թ.-ին լիտվական գրականության դասական Մայրոնիսի բանաստեղծություններն արտասանելու համար Վիլնյուսի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհուն աքսորել են Սիբիր: Աքսորավայրում ապագա Մայրս հանդիպել է ապագա հորս: Եղեռնից մազապուրծ, տարբեր որբանոցներում մանկությունն ու պատանեկությունն անցկացրած հայ գրողն աքսորավայրում խոզապահ էր: Ու երբ երկու հայ բանաստեղծ, հորս կրտսեր գրչակից ընկերները` Աիլվա Կապուտիկյանը և Գևորգ էմինը ստալինյան մրցանակի են արժանանում, բանտապետը չի հավատում, որ խոզապահն այսպիսի ընկերներ կարող է ունենալ: Իսկ Մայրս հավատում է ու նվիրվում նրան: Եվ մինչև հիմա և այսուհետ, մինչև իր կյանքի վերջը նա պիտի մնա այդպես նվիրված: Նա կարող էր լքել հորս երկիրը, գնալ իր ծննդավայր, պրոբլեմներ քիչ կլինեին: Գոնե քաղցած չէինք լինի, չէինք մրսի: Քույրս` Նազիկ-Ոուտան մի տարեկանում մահացավ, հայրս 1969թ-ին կնքեց իր մահկանացուն մորս հայրենիքում, ես էլ լքեցի մորս... Ես փրկվեցի: Խեղճ Մայրս դեռ տանջվելու է: Ես հիմա ոչ մի ցավ չեմ զգում: Հոգիս ազատվեց, փրկվեց: Ոչինչ, որ դագաղս փոքր էր: Լինում է, չէ՞, որ հյուր ես գնում, տանտիրոջ մահճակալը կամ բազմոցը, որտեղ քեզ տեղավորում են, կարճ է լինում: Ես նույնիսկ մի դեպք եմ հիշում: Երբ 1978-ին տոնում էինք Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալու 150-ամյակը, ռուս հյուրերից մեկի համար, ինչ-որ գեներալ էր, նոր, իր հասակին հարմար մահճակալ էին պատրաստել: Իհարկե, իմ դագաղը մեկ-երկու օրվա համար չի, բայց ոչինչ... Դիահերձարանի քաղքենի տնօրինուհին չմոռացավ Գրողների միության նախագահին հանձնել գլխավոր բժշկի այցեքարտը, որպեսզի շնորհակալական նամակ ուղարկեն: Չէ՞ որ հիմա մոդա է դարձել այդ պոռնկորդիների աշխատասենյակներում շքեղ շրջանակների մեջ տեղավորված զանազան շնորհակալագրեր ցուցադրել, որոնցով աշխատում են քողարկել իրենց կատարած սրիկայությունները: Սակայն դիահերձարանի տնօրինուհին իզուր հանձնեց գլխավոր բժշկի այցեքարտը: Միևնույն է, շնորհակալական նամակ չեն ուղարկելու: Նախագահը հանձնարա րելու է բամբասկոտ քարտուղարին, նա էլ զբաղված է ձևանալու ու չի ուղարկելու: Ափսոս, դագաղում թուղթ ու գրիչ չեն դրել: Ես կուղարկեի իմ անունից: Երբ Գրողների միության տնտեսվարն առաջարկեց կոշիկներս հանեն, որպեսզի դագաղի կափարիչը կարողանան մեխել, և° ինքը, և° թաղման բյուրոյի բանվորները զարմացած իրար նայեցին, ինձ կոշիկներ չէին հագցրել: Ու այդ անտաշ բանվորներից մեկը, որի համար Մարդ թաղելը և խաշ ուտելը նույն պրոցեսներն են, այնքան ծռեց վիզս, որ տեղավորվեմ իմ վերջին անկողնում: Սխալվում էի: Կափարիչը չմեխեցին, թաղեցին բաց, վիզս` ծուռ: Երևի, էդպես էլ աշխարհ էի եկել: Չգիտեմ` ինչպես էի աշխարհ եկել: Բայց ահա այսպես հեռացա... Բերիայի նման Մարդը նկատեց ամեն ինչ: Բայց ոչինչ չէր կարող անել: Ինքն էլ է հիվանդ, ապրում է միայնակ, վարձով: Զանգել էր, տեղյակ էր պահել Հորս ընկերներին, բարեկամներին: Բայց խառն է ժամանակը: Մարդիկ աղքատ, պաշտոն չունեցող մեռելի թաղման չեն գնում այլևս: Ոչի°նչ: Չեմ դժգոհում: Շնորհակալ եմ: Շնորհակալ եմ դիահերձարանից սև` կարմիր գծերով գազելով ինձ ճանապարհողներից` Գրողների միության նախագահից, գրականության ինստիտուտի տնօրենից, արձակագիր-դոկտորից: Միայն Գրողների միության քարտուղարն իրեն լավ չպահեց: 10-15 րոպե չկարողացավ հանգիստ կանգնել: Սկսեց հորիցս բամբասել, հետո էլ ասաց, թե նախագահի խաթեր է հասել Նորք... է¯, լավ չէ բարեկամ: Չէ՞ որ մենք հասակակիցներ ենք: Չէ՞ որ... չէ°... Ուզում էի ասել, թե դու կարող էիր հայտնվել իմ փոխարեն, բայց զսպեցի ինձ: Ես հո դու չե՞մ: Տարօրինակ էր նաև գլխավոր բժշկի փիլիսոփայությունը. «Գիտեք, բոլոր Մեծերի երեխաներն էլ այսպես անշուք են թաղվում»: Բերիայի նման մարդը կատաղեց, բայց ոչինչ չէր կարող պատասխանել, բացի մտքում հայհոյելուց: Շնորհակալ եմ նաև իմ երեք հարևանուհիներից, որ հասան գերեզմանոց: Շնորհակալ եմ Գրողների միության տնտեսվարից, որ նաև հիմնարկի մեքենան էր վարում: Շնորհակալ եմ Բերիայի նման մարդուց: Շնորհակալ եմ գրողների միությունում աշխատող իմ երեք քույրերից, որոնցից երկուսին առաջին անգամ էի տեսնում: Իսկ երրորդին, որին գաղտնի սիրահարված էի, խնդրում եմ, որ Մորս լավ նայի, Մայրս մեղք է: Ճիշտ էր մեր հանրապետության նախագահը, երբ ասում էր, թե Հայաստանում տղամարդ չկա: Որ լինեին, կգային իմ թաղմանը: Եղբայրս կգար, Հորս ստվերի տակ մեծացած ու դաստիարակված ընկերները կգային: Փողային նվագախումբ պետք չէր, բայց երկու դուդուկահար կբերեին... Գոնե ճանապարհի մոտի փոսում թաղեին: Ասին` դա վաճառված է: Գյուղի մեռելներին պրիստիժի համար պաշտոն ունեցող երեխաները բերում են քաղաքի գերեզմանոցներում թաղում, որպեսզի իրենց ընկերները` «նոր հայերը» չտեսնեն նրանց ծնողների գյուղական տները, իսկ ինձ տարան Երրորդ և Չորրորդ գյուղերի արանքում, ամայի տարածքում թաղեցին: Սրիկաները ուզում են, երևի, որ այստեղ էլ բոմժի կարգավիճակով լինեմ: Ախր այստեղ էլ է ցուրտ չէ՞, կողքիս գոնե ուրիշ մեռելներ լինեին: է¯, լավ: Ամբողջ կյանքումս այսքան չէի խոսել: Պետք չէ հիշաչար լինել: Ոչ մեկից չեմ նեղանում: Մարդիկ զբաղված են: Առջևում ընտրություններ են: Մի բան եմ խնդրում: Գիտեմ, որ մահացածների ձայներ էլ եք գրանցում: Խնդրում եմ, աղաչում, անուն-ազգանունս չօգտագործեք որևէ կուսակցության կամ անհատի ընտրություններում: Մնաք բարո¯վ, հայեր... Մինչ հանդիպում, Հայեր… Մնաս բարով, Լիտվուհի Մայրիկ… Հ.Գ. Մոռացա: Շնորհակալ եմ նաև Գրողների միության նախագահության և «Գրական թերթ»-ի խմբագրական խորհրդի անդամներից, որ ցավակցել էին իմ մահվան կապակցությամբ, իսկ ցավակցության կողքին մեծ, գեղեցիկ տառերով հայտարարություն էր. «2007 թվականի փետրվարի 4-ին, ժամը 18:00-19:45-ը Հանրային հեռուստատեսության առաջին ալիքով եթեր կհեռարձակվի Համահայկական գրական հիմնադրամի աջակցման հեռուստամարաթոնը: Դիմում ենք Հայաստանի, Սփյուռքի, արտերկրի հայ գրականության բոլոր բարեկամներին, ընթերցողներին, բարեգործներին` իրենց գործուն նպաստը բերելու Համահայկական գրական հիմնադրամին: Հայաստանի Գրողների միություն, Համահայկական գրական հիմնադրամի տնօրինություն»: Տեսնես այդ գումարից մի քիչ չե՞ն հատկացնի շիրմաքարիս համար: Չէ, եղբայր, ավելի լավ է մորս օգնեն մի տաքացուցիչ գնի, որ ինքն էլ, Աստված ոչ արասցե, հաջորդ ձմռանը չմրսի, ու ինձ հյուր բերեն: