15 տարի եվ 7 օր


«Հայ կանանց միջազգային միավորում» կազմակերպությունը տոնում է իր հոբելյանը Եվ մեկ շաբաթվա տևողությամբ այդ 7 օրերը հագեցած էին: Ու ոչ միայն բովանդակալից միջոցառումներով, այլև` հոգեբուխ անկեղծությամբ, սիրով ու ջերմությամբ` աշխարհի բոլոր ծագերում ազգի հարատևությունը պահպանող հայ կանանց հանդեպ: Անցյալ շաբաթը յուրօրինակ հաշվետվություն էր` 15-ամյա բեղուն գործունեության ու նաև գալիքին միտված նոր հեռանկարների նախանշում: Այդ օրերին վերստին փաստվեց, որ ՀԿՄՄ-ն հայ կանանց ներուժի բացահայտմանը նպաստող, Հայրենիք-Սփյուռք կապն ամրապնդող կամուրջ է հուսալի: Ողջունելով և շնորհավորելով ՀԿՄՄ բոլոր անդամներին` միության նախագահ, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ճանաչված քաղաքական գործիչ Հրանուշ Հակոբյանը արժանապատվորեն նշեց. - ՀԿՄՄ կազմակերպությունը, որ գրեթե մեր հանրապետության տարիքին է, մեկ տասնյակ անդամներ ունեցող կազմակերպությունից մեծացավ, հզորացավ և այսօր ունի իր մասնաճյուղերը ոչ միայն հանրապետության մարզերում, այլ նաև` Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Լեռնային Ղարաբաղում, Լեհաստանում: ՀԿՄՄ-ն, որպես հասարակական կազմակերպություն, իր գործունեությամբ նպաստում է երկրում ժողովրդավարության խորացման և քաղաքացիական հասարակության կառուցման գործին: Մեր կազմակերպությունը սերտ համագործակցում է պետական, տեղական մարմինների, այլ հասարակական կառույցների հետ և իրականացնում օգտակար, ազգանպաստ և ազգաշահ ձեռնարկներ, ծրագրեր: ՀԿՄՄ-ն իր գործունեության նպատակն է համարում «Ամեն ինչ երեխաներին» ծրագրի իրականացումը, ամենատարբեր ձևերով անաղարտ մայրենիի պահպանումը, աջակցությունը որակյալ կրթությանը, օգնությունը երիտասարդ ընտանիքներին: Բազմաթիվ և հետաքրքիր են մշակութային միջոցառումները, իրական և կոնկրետ գործերը: Կազմակերպությունն իր ակտիվ մասնակցությունն է բերում հայոց պետության ամրապնդմանը, հայեցի դաստիարակությանը, Սփյուռքում հայապահպանության դժվարին գործին: Մեր կազմակերպությունը սերտորեն համագործակցում է աշխարհի տարբեր ծայրերում ստեղծված ՀԿՄՄ-ի հետ, յուրօրինակ կամուրջ է հայ երիտասարդներին, կանանց Հայրենիքի հետ կապելու, հայրենիքին ծանոթացնելու գործում: Այդ նպատակով իրականացվել են բազում-բազում ծրագրեր. գիտական համաժողովներ, կլոր սեղաններ, Սահմանադրության և օրենքների քննարկումներ, բնապահպանական և սոցիալական խնդիրներ: Հասարակական կյանքի ակտիվ մասնակից, կոնկրետ աշխատանք, պատասխանատվության բարձր զգացում ու քաղաքացիա կան ակտիվ դիրքորոշում` առանց շքերթի, առանց ցուցադրության, ահա սա է ՀԿՄՄ-ի որդեգրած քաղաքականությունը: Այս բոլոր ձեռնարկների, ՀԿՄՄ-ի աճող հեղինակության, անդամների ավելացման հարցում անսահման շնորհակալ եմ իմ «աղջիկներին», քույրերին, բոլոր այն տիկնանց, ովքեր իրենց ազատ ժամանակը, իրենց մտավոր կարողությունները, ներուժը կամավոր և սիրով նվիրաբերում են մեր կազմակերպության գործերին ու նախաձեռնություններին: *** Հոբելյանական շաբաթն ընթացավ` «Ամեն ինչ երեխաներին», «Մայրենիի անաղարտությունը հայի հավերժությունն է, որակյալ կրթությունը` Հայաստան պետության առաջընթացը», «Առնվազն երեք որդով սեղան նստեք», «Հայ կինը` առանց ծխախոտի», «15-ամյա ՀԿՄՄ, Հայրենիք-Սփյուռք միասնությունը ազգի հզորությունն է», «Հայ մշակույթն ազգի անձնագիրն է» կարգախոսներով: ՀԿՄՄ-ականներն այդ ընթացքում հարգանքի տուրք մատուցեցին աշխարհահռչակ հայուհիներ Ս. Կապուտիկյանի և Գ. Գասպարյանի հիշատակին: Այցելեցին անվանի արվեստագիտու հիների, եղան Աբովյանում, Գավառում, Գյումրիում… Մասնավոր զրույցներում, թե շնորհավորական խոսքերում ընդհանրական էր դարձել «Հայ կին ծնվելն առաքելություն է» արտահայտութ յունը: Հավաքը հերթական ապացույցը դարձավ այն իրողության, որ դժվարությունների դեմ չերկնչող հայ կինն իր բազմազբաղ առօրյայում անգամ ազգապահպան ծրագրերից ձեռնպահ մնալ չի կարող: Սուսաննա ՄԿՐՏՉՅԱՆ Գյումրիի Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Հայ կանանց միջազգային միության Գյումրիի մասնաճյուղի ղեկավար, ՀՀ նկարիչների միության անդամ, դոցենտ - Մի քանի տարի առաջ ինձ վստահվեց Հայ Կանանց Միջազգային Միության Գյումրիի մասնաճյուղի ղեկավարությունը: Ինձ համար մեծ պատիվ է աշխատել կանանց այն խմբի հետ, ովքեր ընդգրկված են ՀԿՄՄ շարքերում: Գյումրիի մասնաճյուղի ոչ մեծ խմբում ինձ հետ աշխատում են արվեստագետներ, տնտեսագետներ, բժիշկներ, ուսուցիչներ և այլն: Վերջերս մեզ անդամակցեց նաև Հայաստանում միակ` Շիրակի կին մարզպետը: Այս տարիների ընթացքում միության ջանքերով մի քանի անգամ Գյումրիի կանանց համար կազմակերպվել են անվճար բժշկական հետազոտություններ, կին արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդեսներ: Գյումրիի մասնաճյուղի անդամները մասնակցել են Երևանում կազմակերպված հայ-ամերիկյան առողջության կենտրոնի քայլարշավին: ՀԿՄՄ-ի նախագահ Հրանուշ Հակոբյանը հաճախակի մասնակցում է Գյումրիում կազմակերպված միջոցառումներին, բազմազավակ մայրերին նվիրաբերել է «Ոսկե Նուռ» հուշանվերներ: Ես որպես ՀԿՄՄ անդամ 2004թ. մասնակցել եմ Ժնևում կայացած գիտաժողովի աշխատանքներին: Այսօր ՀԿՄՄ-ի 15-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայ կանանց, ովքեր անդամակցում են միությանը, շնորհավորում եմ կազմակերպության ղեկավար, անխոնջ ու հմուտ կազմակերպիչ Հրանուշ Հակոբյանին, ցանկանում կազմակերպությանը արգասաբեր աշխատանք ի բարօրություն հայ ազգի և մեր հայրենիքի: