Իմ ծննդավայրում մարդիկ սիրում էին իրար


- Մի առիթով ասացիք, որ Փարսադանյանները ղարաբաղյան ծագում ունեն և մեծ տոհմածառ, մինչդեռ հայտնի է, որ Դուք ծնվել-մեծացել եք Նոյեմբերյանում: - Պապերս Նոյեմբերյան են եկել Շուշիից, մեր տոհմը շատ հին է և ճանաչված: Մերոնք երկարակյաց են, մեկ դարի սահմանագիծը հատելը սովորական բան է մեր տոհմում, իսկ մեծ տատս ապրեց 140 տարի: Պապերս անուսում մարդիկ էին, հովիվներ, բայց զարմանալի բնատուր իմաստություն, տրամաբանություն և սթափ միտք ունեին: Հայի ավանդական կերպար ասելիս ես պատկերացնում եմ Սարգիս և Դավիթ պապերիս: Նրանք առատաձեռն էին, բարեսիրտ, ազնիվ, արդարամիտ ու աշխատասեր: Բոլոր առաքինությունների հիմքը մարդասիրությունն է, իմ պապերը պարզապես մարդասեր էին, ու պատվով ապրելը սովորական կենսակերպ էր նրանց համար: Երբեք որևէ մեկի մտքով չէր անցնի կեղծել, հանուն սեփական շահի զրկել ուրիշին, ընդհակառակը, այնքան հեշտ ու աննկատ էին իրենց զրկում կողքինի համար, իրենց ունեցածը բաժանում կարիքավորին: Իմ տոհմի մասին խոսելիս չեմ կարող չհիշել Սոփի նանիս (նրա անունով` եղբորս աղջիկը անվանակոչվել է Սոֆյա): Սոփի նանս փառահեղ կին էր, ղարաբաղցու տարազ էր կրում, կոպեկներով զարդարած գլխաշոր: Ոտից գլուխ բարություն էր: Բաբոս առանձնահատուկ սիրով էր խնամում Սոփի նանիս, ու երբ հարցնում էինք, թե ինչո՞ւ է այդքան սիրում սկեսուրին, ասում էր` նրա նման լավ կին աշխարհում չեք գտնի: Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ մարդիկ սիրում են իրար: Եվ դա իմ մանկության ամենակարևոր իրողությունն է: Մորական պապս ու իր եղբայրները ապահովված, նույնիսկ հարուստ մարդիկ էին, ու այդ ամենին հասել էին սեփական աշխատանքի շնորհիվ: Իրենք էին իրենց մեծաքանակ անասունը պահում, խնամում: Սարգիս պապս աղա մարդ էր, հացով, ձեռը` բաց: Երբ ցանկացել են պապիս կուլակաթափ անել, ամբողջ Նոյեմբերյանը ոտքի է կանգնել, որ պապիս պաշտպանի: Դավիթ պապիս բոլոր տղաները բարձրագույն կրթություն են ստացել: Հայրս` Միկիչը, գյուղատնտես էր, գիտությունների թեկնածու, միշտ բարձր, պատասխանատու պաշտոններ է ունեցել: Հայրս պապերից առաջին հերթին ժառանգել էր ազնվությունն ու արդարամտությունը: Որտեղ մի խեղճ կար, հայրս կողքին էր: Ընդհանրապես, իմ ծննդավայրի մարդիկ միամիտ են, անշահախնդիր, ազնիվ ու առատաձեռն: Նոյեմբերյանը կտրված է մեծ մայրուղիների թոհուբոհից և ավելի հեշտ է պահպանում ավանդական նկարագիրը: Նոյեմբերյանցիները բնատուր ընդունակ են, մեծ սեր ունեն դեպի ուսումը, կրթությունը: - Մի փոքր էլ Ձեր մասին պատմեք: - Այսքանը հենց իմ մասին էր: Ես սովորական երեխա էի, նկարում էի, փայտից իրեր էի պատրաստում, սիրում էի մաթեմատիկա, քիմիա, գրականություն, վոլեյբոլ էի խաղում: Մեր ֆիզկուլտուրայի ուսուցիչը` Աշոտ Ամիրաղյանը, Հայաստանի վոլեյբոլի հավաքականի անդամ էր եղել, նա իր գործի մեծ նվիրյալն էր, տարբեր սպորտաձևերից թիմեր էր ձևավորել ու մարզում էր տղաներին: Ես վոլեյբոլի թիմում էի ընդգրկվել: Հրաշալի թիմ էր հավաքվել ոչ միայն սպորտային առումով, այլև բարոյական: Կապվել էինք իրար, դարձել մտերիմ ընկերներ, մի ամբողջություն: Մինչ օրս մեր ընկերությունը շարունակվում է: - Դուք ուսանող տղաներ ունեք, 70-ականներին ինքներդ էիք ուսանող` երիտասարդ: Ի՞նչ է փոխվել հոգեբանության մեջ, արժեհամակարգում և ինչո՞ւ է փոխվել: - Հասարակության հոգեբանությունն ու արժեհամակարգը իմ երիտասարդության տարիներին էապես տարբեր էր այսօրվա իրողություններից: Յուրաքանչյուր երիտասարդ և° անցյալում, և° այսօր ցանկանում է բարձր դիրք ունենալ հասարակության մեջ, հարգվել, պատվարժան լինել և բարեկեցիկ կյանքով ապրել: Փաստորեն, ձգտումը նույնն է, խնդիրն այն է, թե ինչ ճանապարհ ես ընտրում բարձր դիրքի հասնելու և լավ ապրելու համար և ինչ պիտի անես, որպեսզի հարգվես հասարակության կողմից: Իմ երիտասարդության տարիներին բարձր դիրքի հասնելու, լավ ապրելու և հարգվելու ամենամեծ ու թերևս միակ երաշխիքը կրթությունն էր, լավ մասնագետ դառնալը: Կրթությունը բարձր, անմրցակից արժեք էր: Երիտասարդը որքան էլ աղքատ ու կարիքավոր լիներ, գիտեր, որ իր առաջ վերև բարձրանալու մի անարգել ճանապարհ կա` լավ սովորելու, կրթություն ստանալու ու առաջնակարգ մասնագետ դառնալու ճանապարհը: Ես բժշկական ինստիտուտի ուսանող դարձա հորեղբորս հնամաշ պիջակով ու վագոն էի դատարկում, որպեսզի կարողանամ գոյատևել, սովորել: Բայց դա չխանգարեց, որ ես և° բուհը, և° ինտերնատուրան ավարտեմ գերազանցությամբ: Այսօրվա երիտասարդը համոզված չէ, որ կրթությունը կարող է հարգվելու, բարձր դիրքի հասնելու և լավ ապրելու երաշխիք դառնալ, որովհետև այսօր փողի տեր դառնալու այլ ճանապարհներ կան: Որովհետև այսօր փոքրիկ կրպակ ունեցողն ավելի լավ է ապրում, քան գիտնականը: Այս պայմաններում դժվար է երիտասարդին համոզել, որ արժեքը ինտելեկտն է, կրթությունը, ազնվությունը, շիտակությունը: Տղաներիցս մեկը բժշկականում է սովորում, մյուսը` իրավաբանականում: Ցավում եմ, որ տղաներս այնպես կապված չեն իրենց արմատներին, իրենց հողին, ինչպես` ես: Մենք ուսանող ժամանակ նոյեմբերյանցիներով միշտ իրար հետ էինք, պատասխանատու էինք մեկս մյուսի համար, դժվարության պահին իրար թիկունքի կանգնած էինք: Ինձ համար կապվածությունը կարևոր արժեք է: - Ո՞րն է բանակի բուժծառայության ամենամեծ ձեռքբերումը վերջին տասը տարիների ընթացքում և ամենամեծ պրոբլեմն այսօր: - Ձեռքբերումների շարքում ցանկանում եմ նշել տեխնիկական հագեցվածությունը, կադրային բարելավումը` և° քանակի, և° որակի առումով, շենքային պայմանների բարելավումը, կառուցվածքային փոփոխությունների, ֆունկցիոնալ գործունեության արդյունավետությունը, ռազմաբժշկության զարգացումը` որպես գիտության, ռազմաբժշկական հայեցակարգի մշակումը, և որ ամենակարևորն է` ռազմաբժշկական մտածելակերպի ձևավորումը: Բանակի բժշկական ծառայության ամենամեծ պրոբլեմը կապված է կադրերի մասնագիտական պատրաստության և բարոյական որակների հետ: Ես գտնում եմ, որ ռազմական բժիշկը պետք է էլ ավելի հմուտ ու մարդասեր լինի: - Ի՞նչ որակ է ապահովում բանակի բուժծառայությունը` համեմատած քաղաքացիական բուժհիմնարկների հետ: - Զուտ մասնագիտական բուժօգնության առումով` բանակի բուժծառայությունը կարող է ապահովել բարձր մակարդակ, մասնավորապես` վիրաբուժության, վնասվածքաբանության, կրծքային վիրաբուժության, նյարդավիրաբուժության, ախտորոշման և մի շարք այլ ասպարեզներում: Սակայն դեռ շատ անելիքներ ունենք, ռազմաբժշկության զարգացումը պահանջում է համակողմանի և շարունակական աշխատանք:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ, Թորգոմ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ