Քաղաքական տգիտության դեմ պայքարող տրիբունը


Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանի կողմից քաղաքական դաշտի խորը վերլուծությունը բացահայտել է այնտեղ առկա գաղափարական վակուումը: Եվ այդ բացը լրացնելու անհրաժեշտությունից դրդված, պերճախոս մարքսիստը քաղաքական ասպարեզում շարունակում է մնալ` «Վիճակը նետված է» հայտնի կարգախոսով: Իր մուտքը «գահերեցության խստագույն պահանջով` դա առաջին հերթին գաղափարական վարդապետությունների տորիչելյան դատարկությունն» իրենով լցնելու առաքելություն է, ինչն էլ նրան պարտավորեցնում է` Նախագահի ընտրություններում առաջադրել սեփական թեկնածությունը: - Իմ ժողովրդին պաշտոնապես հայտարարում եմ, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ ազգի տրիբունը կմտնի քաղաքական թատերաբեմ: Ես մասնակցում եմ Նախագահի ընտրական մարաթոնին: Մինչդեռ, Դավիթ Հակոբյանն, իր իսկ պնդմամբ, առաջինն էր, որ ընդդիմադիր ուժերին հուշեց միավորման գաղափարը: Իսկ այսօր ցանկություն չունի «յալանչիությամբ» զբաղվող ընդդիմադիրների հետ քայլել, թեև ընդդիմադիրների սիրտն առանձնապես տաք չի նրա վրա. վկա` միջկուսակցական բանակցություններին մարքսիստին անտեսելու փաստը: Իսկ չեն հրավիրում, որովհետև «այդ մարդիկ չափից ավելի ճնշված են զգում իմ ներկայությունից»: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում «ազգի տրիբունը» շրջում էր Արտաշես Մամիկոնիչի հետ: - Նրա ընտրացուցակում ես չկայի, մասնակցում էի, իսկ նա ինձ օժանդակում էր բարոյապես, հոգեբանորեն և իր անձնական ներկայությամբ: Բայց ես նրա գնահատականը տվել եմ` որակելով որպես աջության մանկական հիվանդություն, քանի որ դավաճանելով իր սկզբունքներին, նա գնում է աջացման: Իսկ ես չեմ գնում ոչ աջացման, ոչ էլ ձախացման, որովհետև… "Я свободный волк свободного марксистского стая. Моя добыча, добыча моего народа, а добыча моего народа - это моя добыча". Մարքսիստը քաղաքական դաշտի առաջատար դեմքերի համար ունի պատմափիլիսոփայական հիմնավորումներով շաղախված գնահատական: Նրա մտքերի հրետանին նշանառության տակ է առնում բոլորին անխտիր, չխնայելով անգամ ինչ-որ ժամանակ դրականորեն ներկայացրած Լևոն Տեր-Պետրոսյանին, ով «9 տարվա բացակայությունից հետո հասարակությանը ներկայանում է դատարկ գրպանով»: - Լևոն Ակոպիչն, իմ կարծիքով, գալիս է իր սեփական նախաձեռնությամբ, թեև կա արտաքին ուժերի համակրանքը: Այդ մարդու մուտքը ես ողջունում եմ, քանզի այն պատմական անհրաժեշտություն է: Նախագահի ընտրությունների 2-րդ փուլի մասին խոսում են իրենց թեկնածությունն առաջադրելու պատրաստ բոլոր լիդերները: Ու թեև պարտվելու հավանականությունն ամուր նստած է նրանց ենթագիտակցության մեջ, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան հնարավոր «տետա տետ» իրավիճակում արագ կողմնորոշվելու հոտառությունը նույնպես առկա է: «Կոմպրոմիսի» հավանականությունը չժխտող մարքսիստն, ինչ խոսք, Սերժ Սարգսյանի ճամբար չի գնա, իսկ, այ, Լևոն Ակոպիչի հետ կհամագործակցի, բայց մի պայմանով, եթե ինքը ձևավորի 1-ին Նախագահի շքախումբը, ուր կլինեն միայն «ազգային դոկտրինայի» շուրջ համախմբված ընտրյալներ, ովքեր անշուշտ կընդունեն Արցախյան հիմնահարցի լուծման մարքսիստական տարբերակը: Այն է. - Միջազգային բանակցային գործընթացի առարկա այսուհետ Արցախը լինել չի կարող: 15.000 քառ. կիլոմետրի վրա կամ հայտարարվում է Հայկական երկրորդ պետության, կամ` ոչինչ: Ամենագլխավոր գործոնը ներկայիս իշխանությունները բաց են թողել: Տարածքը նվաճում է սուրը, իսկ ամրագրում է մոր արգանդը` ծնել, ծնել և ծնել, դա իմ արտահայտությունն է: Ծնել և վերաբնակեցնել, ահա սա պետք է լինի մեր պետականության գերխնդիրը: ԼՂ-ի հարցը շահարկվում է կեղծ և պիղծ ձևով: Եթե նրանք գրպաններում չունեն միջազգային հանրությանը ներկայացնելու դիվանագիտական տարբերակ, ապա նրանց մարտահրավերները Բադեն-Բադենից և Մոնակոյից այն կողմ չեն գնում: Իսկ քաղաքական տգիտության դեմ պայքարող տրիբունին վիճակված է լինել մայրաքաղաքի սահմանները չհատող սեփական մարտահրավերների արձագանքի միակ ունկնդիրը:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ