Ավանգարդիզմներ


Խորհրդարանին անհրաժեշտ էին հմուտ դերձակներ - Մենք սկսում ենք օրենքները մեկ առ մեկ կարկատել,- ճեպազրույցի ժամանակ հպարտությամբ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Մնում է կարծել, որ Խորհրդարանում օրինակարկատ դերձակի կարգավիճակով պատգամավորներ են հայտնվել, որոնց կարծիքով` բոլոր օրինագծերը կիսատ-պռատ էին մնալու: «Քաղաքական լուր» ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանի (և ոչ միայն նրա) համոզմամբ` ավելի հեշտ է Ձնե մարդուն, կամ Լոխնեսի գետի հրեշին գտնել, քան` ընդդիմության միասնական թեկնածուին: - Այդ հարցը փակված է ընդմիշտ և անվերադարձ,- հիմնավորում է պատգամավորուհին: Խորհրդարանական շիֆրովկա Ազգային ժողովի սրահներում, անգամ ճաշարանում, ազգընտիրներն սկսել են խոսել ծածկագրով: Ամենուր կարելի է լսել. «Դու լևի՞ ես, թե՞ պռավի»: Իսկ եթե վերծանելու լինենք ծածկագիրը, կարելի է հասկանալ այսպես. - Լևոն Տեր-Պետրոսյանի՞ կողմնակիցն ես, թե՞ Սերժ Սարգսյանի: Փաստորեն, չորրորդ գումարման խորհրդարանի առանձնահատկություններից մեկն էլ «քաղաքական» նոր ուղղությունների հիմնադրումն է: Թե դրանցից որին են հարելու մինչ այժմ չկողմնորոշվածները, ակնհայտ կլինի Նախագահի ընտրություններից հետո: Գրոհային բյուջե Յուրաքանչյուր տարի պետական բյուջեն նոր անուն է ստանում` կամ սոցիալական, կամ զարգացման: Պատգամավոր Վարդան Բոստանջյանը 2008-ի բյուջեն համարում է գրոհային: Նրա կարծիքով` մեծ համարձակություն է բյուջեի ավելացումը 800 մլն դոլարով: Միանգամից այդպիսի կտրուկ աճը վերջին տարիների բյուջեների կորը դարձնում է գրեթե ուղղահայաց: Հավակնոտները Այն հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն հավակնություն ունի՞ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնին, ԱԺ խմբակցության նախագահ Հրայր Կարապետյանն առանց ավելորդ համեստության պատասխանեց. - Մենք, ընդհանրապես, հավակնություն ունենք Նախագահի պաշտոնի, ուր մնաց թե վերահսկիչի՞նը չունենայինք:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ