Միասնական թեկնածուի գաղափարն աբսուրդ է


Ներքաղաքական ներկա իրավիճակը դժվար է համարել կանխորոշված զարգացումների շրջան, քանի որ իրենց դիրքերի վերադասավորումներով մտահոգված քաղաքական ուժերը դեռ շարունակում են ուսումնասիրել նախընտրական մթնոլորտը: Սակայն, եթե ընդդիմադիր լիդերներից ոմանք արդեն հայտարարել են իրենց թեկնածության առաջադրման մասին, արդեն իսկ անիմաստ են դառնում միասնական թեկնածուի որոնման ջանքերը: - Եթե քաղաքական ուժն արդեն հայտարարել է, դրանից հետո խոսել, որ նորից կարելի է միասնական թեկնածու ունենալ որևէ պայման նախապես չլինելու դեպքում, ես աբսուրդ եմ համարում: Ուրեմն փորձ է արվում նորից զոնդաժային եղանակով ստեղծել հասարակության մտածողության փորձադաշտ,- համոզված է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը: ՀՀԿ-ն ընտրական այս շրջանում որդեգրել է այս կամ այն քաղաքական ուժին չվատաբանելու մարտավարություն, որը շարունակ քննադատության թիրախ է դարձնում կուռ և համախմբված կուսակցությանը, քանի որ, ըստ Գալուստ Սահակյանի, Հանրապետականը ժողովրդին ասելիք ունի: Քաղաքական տեսակետից ՀՀԿ-ի օրակարգային հարցը Նախագահի ընտրությունների արդարացի անցկացումն ու արդյունքն է, քանի որ «վատ ընտրությունների դեպքում հետընթացն անխուսափելի է»: Այս առումով. - Թե ով կլինի երկրի Նախագահը, մենք խնդիր ենք ունենալու: Քաղաքական ուժերը պետք է հանդիպեն միմյանց, որպեսզի ձևավորվի փոխադարձ հանդուրժողականություն, որպեսզի լարվածությունը պետության համար խոչընդոտ չդառնա: Նոյեմբերի կեսերից քաղաքական ուժերն, անշուշտ, կհստակեցնեն իրենց դիրքորոշումները, իսկ այդ ընթացքում և հետո էլ «իրական քաղաքական կապիտալ» ունեցող Հանրապետական կուսակցությունը հասարակությանը «դասակարգված ձևով» կներկայացնի երկրի կարևորագույն խնդիրների լուծման ուղիներն ու արդյունքները: ՀՀԿ-ի համար օրակարգային է նաև ԼՂ-ի հիմնահարցը: - ԼՂ-ի հարցում տարիներ շարունակ ունեցել ենք անփոփոխ տեսակետ: Քաղաքական իրավիճակից ելնելով, ժամանակին Հանրապետականը պաշտպանեց Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն ԼՂ-ի հարցադրման շուրջ ՀՀՇ-ն փոխեց իր տեսակետը, ինչն էլ, բնականաբար, քանդեց մեր պայմանավորվածությունը,- ասում է Գալուստ Սահակյանը` միաժամանակ հերքելով այն կարծիքները, թե 1-ին Նախագահի վերադարձը վախեցրել է ՀՀԿ-ին: - ՀՀԿ-ն որևէ մեկից չի վախենում, այնպես որ, այս հարցը քննարկման նյութ չէ: Ես չեմ սիրում վիրավորել պետական գործիչներին, մասնավորապես երկրի 1-ին Նախագահին: Վերջին հաշվով, յուրաքանչյուր մարդ իր կյանքում մի քանի մեծ գործեր չի կարող անել: Այդ մեծ գործն արդեն կատարվել է` Հայաստանի անկախությունը, և դրանում վճռական դերակատարում ունի Լևոն Տեր-Պետրոսյանը: Գնահատականների հարցում օբյեկտիվ ՀՀԿ փոխնախագահը լավատեսորեն նկատում է, որ ապագայում արձանագրվելու է տնտեսական զարգացումների այնպիսի աճ, որ «2008 թ. ունենալու ենք բավականին առատ փող, բայց քանի որ չունենք փորձ, շատ դժվարությամբ պիտի կարողանանք ձեռք բերել փորձ` այդ փողը ծախսելու համար: Այսօր արդեն Հայաստանը որակյալ աշխատուժի կարիք ունի: Ես համոզված եմ, որ 2008-ին տարբեր երկրներից մարդիկ ենք հրավիրելու, որպեսզի կարողանանք մեր բյուջեի և դոնոր աղբյուրների գումարները ծախսել: Կարողանալու ենք աշխատավարձ բարձրացնել: