ՊԱՐԱՊ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`  

ՎԱՍՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ 


 

Երկու օր առաջ Հանրային խորհուրդը հայկական հեռուստաեթերի բարեփոխման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ էր ներկայացրել ոլորտի ներկայացուցիչներին, մտավորականությանը: Այս առաջարկությունները, ինչպես պարզվեց, ստեղծվել են այն բանից հետո, երբ մոտ հարյուր մտավորական դիմել էր երկրի նախագահին` մեր եթերում տիրող իրավիճակը հարթելու մտահոգությամբ: Իբրև առաջարկությունների ընդհանուր գաղափարախոսություն` Հանրային խորհուրդը գրել էր.

1. Օժանդակել մեր երկրում ազգային և ժողովրդավարական արժեքների զարգացմանը:

2. Նպաստել հայրենասիրության, կրթության, գիտության, արվեստի և մշակույթի տարածմանն ու զարգացմանը:

3. Ներկայացնել ՀՀ, Արցախի, հայկական սփյուռքի, հասարակության տարբեր խմբերի, ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին և լուսաբանել նրանց հուզող խնդիրները:

Հենց այս գաղափարաբանությամբ էլ պայմանավորված էին այն առաջարկները, որոնք ներկայացրել էր Հանրային խորհուրդը: Ակնհայտ է, որ փաստաթղթի վրա աշխատել են գիտակ, սակայն հեռուստատեսությունից շատ հեռու գտնվող մարդիկ: Այդ տպավորությունն առավել խորացավ, երբ ելույթ ունեցավ դերասանուհի, Հանրային խորհրդի ենթահանձ նաժողովներից մեկի նախագահ Ժասմեն Ասրյանը: Մի քանի մասնագիտական դիտարկումներից հետո նա առաջարկեց ստեղծել ևս մի հանձնաժողով և օժտել լիազորություններով, որը պիտի զբաղվի հեռուստատեսության հարցերով: Այսինքն, արդեն եղած հանձնաժողովները քիչ համարելով, հիմա էլ, եթերի բարեփոխման համար, մի նոր հանձնաժողով են առաջարկում ստեղծել:

Առաջարկությունների առանցքում Հանրային հեռուստատեսությունն էր, բայց այդ փաստաթղթի հեղինակները համոզված էին, որ եթե Հանրայինում ամեն ինչ բարեփոխվի, ապա մյուս հեռուստաընկերությունները նրանից օրինակ կվերցնեն: Սա արդեն դիլետանտիզմի ամենացայտուն արտահայտությունն էր, քանի որ մասնավոր ընկերություններն առաջնորդ վում են առևտրային շահերով, նրանք պետական սուբսիդիա չեն ստանում, հետևաբար առաջնորդվում են գովազդներից և դրամաշնորհներից ստացվող եկամուտներով:

Հանրայինի եթերից առաջարկվում էր հանել գովազդը: Վատ գաղափար չէ, սակայն արդեն քննարկման է դրվում 2013-ի պետական բյուջեի նախագիծը, որտեղ, բնականաբար, Հանրայինին լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն հատկացվում: Ուրեմն, եթե անգամ այս առաջարկություններն իդեալական լինեին, դրանք լավագույն դեպքում կարող են կյանքի կոչվել միայն 2014 թվականին:

Առաջարկվում էր պետական պատվերներ տալ Հանրայինին` հաղորդումների պատրաստման և սերիալների նկարահանման համար: Բայց այստեղ էլ գլուխ էր բարձրացրել անիրազեկությունը, որովհետև Պաշտպանության, Մշակույթի և Սփյուռքի նախարարություններն արդեն իսկ պետական պատվերներ են տալիս Հանրայինին:

Առաջարկվում է ստեղծել խմբագրություններ, որոնք պիտի խմբագրեն եթեր արձակվող հաղորդումները: Սակայն ոչ ոք չի կարող հեռուստատեսությանը կառուցվածք պարտադրել, ամեն հեռուստաընկերություն ինքն է ընտրում իր կառուցվածքը: Ուրեմն, խմբագիրների ինստիտուտի վերականգնումը հրամայական է, բայց ոչ պարտադիր սխեմայով...

Ուշագրավ էր Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, բանաստեղծ Արևշատ Ավագյանի նկատառումը, որ հենց Հանրային խորհրդի ներկայիս նախագահ Վազգեն Մանուկյանն է իր վարչապետության շրջանում ավերել հայկական հեռուստատեսությունը, այնտեղից հեռացրել բոլոր մասնագետներին, փակել տվել խմբագրություններն ու մասնագիտական հաղորդաշարերը: Հավաքը նախագահող Մանուկյանն «առաջարկել» էր դադարեցնել ելույթն ու նստել:

Այսինքն, ՀԽ-ն հավաքել էր մարդկանց` իր մեռելածին փաստաթուղթը ստորագրել տալու համար, որպեսզի ՀՀ նախագահին տեղեկացվեր, թե նրա հանձնարարությունը կատարված է: Նշենք, որ առաջարկությունների փաթեթը նաև որոշակի գրաքննություն հաստատելու միտումներ էր պարունակում, ինչին, բնականաբար, կընդդիմանան շատ հեռուստաըն կերություններ: Ամենակարևորն այն էր, որ երբ դահլիճում գտնվողները ցանկացան խոսել մի շարք սերիալների գեղարվեստական ցածր որակների, նրանց ունեցած բացասական ազդեցությունների մասին` նախագահությունում նստածները լռեցրեցին: Իսկ դահլիճում դրված խոսափողերը, որոնց միջոցով պետք է հարցուպատասխան կազմակերպվեր, բանավեճ ծավալվեր` այդպես էլ չմիացվեցին: Պարզ էր, որ շահագրգիռ խոսակցություն որևէ մեկին պետք չէր: Եթե պետք լիներ, ապա Հանրային խորհրդի նախագահը, տնօրենը, տեղակալները ներկա կգտնվեին այդ հավաքին: Ներկա կլինեին նաև առաջատար համարվող հեռուստաընկերությունների ղեկավարները: Իսկ նրանք արհամարհել ու չէին եկել` գիտենալով, որ, «ջուրն էլի իր ճամփով է գնալու»: