Ծառերի սպանդ` հյուրանոց կառուցելու համար


 

կամ` ովքե՞ր են շրջանցում վերջին խորհրդակցություններում Հանրապետության նախագահի կողմից հնչեցված սաստող խոսքերը` մեր կյանքի տարբեր բնագավառներում առկա այլանդակ երևույթներին վերջը տալու վերաբերյալ

Դարերով մարդն ու բնությունը ապրել են հաշտ ու խաղաղ` առանց մեկը մյուսին նեղացնելու: Բայց` մինչև այն պահը, երբ ընչաքաղց մարդը, առանց գիտակցելու, թե ի՞նչ կարևոր նշանակություն ունի անտառն ու կանաչ գոտին  իր և սերունդների համար` ձեռքը վերցրեց կացինն ու սղոցը և շահի փայլից կուրացած` սկսեց անխնա ոչնչացնել բնությունը:

Հատկապես վերջին տասնամյակում Հայաստանում, և, մասնավորապես, սակավանտառ Երևանում, բազմիցս ենք ականատես եղել այնպիսի խայտառակ իրողությունների, երբ մերօրյա այս կամ այն անխիղճ ու փոքրոգի պարոնիկի հրահանգով հսկայական կանաչ տարածքներ հողին հավասարվեցին: Եվ թվում էր, թե ՀՀ նախագահի կողմից` մեր կյանքի տարբեր բնագավառներում առկա այլանդակ երևույթների և ապօրինությունների վերջը տալու վերաբերյալ վերջին երկու խորհրդակցություններում հնչեցված քննադատական խոսքերը կզսպեն նաև վերը նշված ընչաքաղցների ախորժակը, սակայն...

Ընդամենը օրեր առաջ` հոկտեմբերի 5-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ոստիկանության Հրազդան բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի աշխատակիցը «Տանձաղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերել է անխղճորեն հատված 17 ծառ` 14 եղևնի և 3 կաղնի:

Քիչ անց պարզվել է, որ ծառերը հողին է հավասարեցրել «Թադեոս-դեվելոփմենթ» ՍՊԸ աշխատակից Սարգիս Եղիազարյանը: Պարզվել է նաև, որ սպանդը կատարվել է Տանձաղբյուրի փողոցի թիվ 40/2 հասցեում կառուցվող հյուրանոցային համալիրի աշխատանքների համար:

17 եղևնի և կաղնի... Բնության նկատմամբ այս հրեշավոր արարքը կատարողների ուղեղին հասո՞ւ է, արդյոք, որ ոչ թե սոսկ ծառեր, այլև խորհրդանիշեր են ոչնչացրել. ըստ հանրագիտարանային բնորոշման` եղևնին համարվում է խիզախության, բարձր տրամադրության, հավատարմության, երկարակեցության և անմահության խորհրդանիշ, իսկ կաղնին հայոց մեջ ընկալվել է որպես սրբազան ծառ, երկարակեցության, ուժի և հզորության խորհրդանիշ:

Ոստիկանները ներկայումս պարզում են բնությանը հասցված վնասի չափը:

Ս. Եղիազարյանը ստորագրությամբ բաց է թողնվել:

Իսկ թե ու՞մ հրահանգով են «մորթվել» ծառերը` կպարզի ընթացող հետաքննությունը: