Էս էլ ու պը՞րծ

Գոնե երեխեքի´ն  մի մոլորեցրեք 


 

Միայն է´ս էր մեզ պակասում` կիսատ-պռատությունը, կեղծարարությունը հիմնավորապես մեր տանը տեր կարգելու: Մնում էր միայն, որ միջազգային ասպարեզում մանկական երգարվեստ ներկայացնող երեխաներին էլ ներքաշեինք անառողջ ընտրախաղերի մեջ: Դա´ էլ արեցինք: Հետո արդեն մեղադրանքներ ու մեղանչանքներ հնչեցին, «սվաղելու» փորձեր եղան… Արժե՞ր արդյոք: Ո՞ւմ էր դա ձեռնտու…

Միանգամայն տեղին է «Տաղանդավոր սերունդ» մանկապատանեկան երիտասարդական ՀԿ նախագահի պահանջը` անհապաղ չեղյալ հայտարարել «Մանկական եվրատեսիլ 2012» հայաստանյան մրցույթի արդյունքները և բաց քվեարկությամբ նոր ընտրություն անցկացնել:

Ընդվզումի պատճառը հայտնի է. քմահաճ, չգիտես ի՞նչ պատվերով մասնակից ընտրելու արատավոր երևույթն էլ նորություն չէ եվրատեսիլյան մեր «որոնումներում»: Մանկականը դեռ չէր աղարտվել. դրա ականատեսն էլ դարձանք: Ինչպես «Տաղանդավոր սերունդ» հ/կ նախագահն է ձևակերպում` բարոյահոգեբանական վնաս է հասցվել և մանուկների հանդեպ բարոյական նորմերի խեղաթյուրում է կատարվել:

Հանրությունը շահագրգիռ է, որ իսկապես արժանի երեխաները Հայաստանը ներկայացնեն աշխարհին: Ու չեն զլացել քվեարկել. ընդ որում` վճարելով դրա համար: Եվ ինչպես պնդում են բազմաթիվ քվեարկողներ` հաղթող ճանաչված CoΗΘΖss BΖnd խմբին իրենք ձայն են տվել հատկապես շեյքերահար Միքայել Վարոսյանի համար: Դժբախտաբար` հենց նրա տվյալներն էլ կեղծ են եղել: Ասել է թե` այս աչքակապուկի հեղինակներն ի սկզբանե գիտեցել են, որ միայն 8 կամ 9 տարեկան Միքայելը կարող էր միավորներ բերել խմբին: Իսկ ինչո՞վ էին զբաղված փաստաթղթեր ձևակերպողները. չկա՞ր որևէ մեկը, որ «նկատեր», հուշեր, փորձեր կանխել:

Չէ, պարզապես «նորին մեծություն» կամայականությունը խաթարում է ամեն ինչ: Կեղծիքներով սեփական ցանկություններին հագուրդ տալը սովորական երևույթ է դարձել: Եվ չգիտես ինչու` որոշում կայացնողները միշտ վստահ են իրենց ամենակարողությանը: Իսկ կողքինները պարտավոր են կիսակույր, կիսախուլ, կիսակատար լինել:

Այսուհետ ի՞նչ ապրումներով են երեխաները եվրատեսիլյան ընտրամրցույթի մասնակցելու: Թե՞ նրանք էլ մանկուց պիտի սովորեն կեղծիքների այբուբենը: