Ճշմարտությունն է զորեղ 


 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Սասուն» ազգային երգի- պարի համույթի գեղարվեստական ղեկավար, Արարատյան հայրապետական թեմի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Անդրանիկ սարկավագ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ գիտակցական ողջ կյանքում նվիրվել է մեր ազգային արժեքները մոռացությունից փրկելու, ապրեցնելու, նաև օտարին ներկայացնելու վեհ գործին: Նրա համոզմամբ` ազգային դիմագիծը խարխլող ցանկացած չարիքի դեմ պայքարելու ճանապարհն այն արմատախիլ անելն է:

Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հետ մեր զրույցը օրավուր իրենց շարքերը ստվարացնող աղանդավորական շարժումների, դրանց գործունեությունից բխող վտանգների մասին է:

- Աղանդը սկսվում է ցանկացած մարդու անձից: Երբ նա սիրում է առանձին լինել, առանձին գործել, չի ուզում ընդունել ազգայինը, չի սիրում իր եկեղեցին, իր երկիրը, իր պապերին, իր ընտանիքը: Նեղ անձնական շահերից ելնելով` սիրում է առանձնանալ, անունը դնել հիսունական, Եհովայի վկա և այլն... Դիցուք` գնում է եկեղեցի, ինչ-որ բան չի հասկանում, չի ընդունում: Կամ միգուցե հոգևորականն է սխալ մեկնաբանում. չէ՞ որ նա ևս մարդկային կերպար է: Եվ պատճառաբանելով, որ սխալ մեկնաբանեցին, զուտ անձնական շահից ելնելով` առանձին եկեղեցի է կառուցում: Սակայն խնդիրն այն է, թե ո՞րն է իմ հոր տունը: Իմ Եկեղեցին Հայ Առաքելականն է` մեր սրբերի կառուցած Եկեղեցին: Դարեր շարունակ պայքարել ենք նրա համար և մնացել ենք հավատարիմ մեր ուխտին: Եվ այսօր ես չեմ կարող հասկանալ այն մարդկանց, ովքեր հեռանում են այս պարզ ճշմարտությունից: Եթե իմ պապը կարողացել է զանազանել, այս մասունքը բերել-հասցնել ինձ, ուրեմն շատ զորեղ է եղել, և դա է ճշմարտությունը: Ես դա ժխտելու համար պիտի առավել զորեղ լինեմ: Ցավոք, կան մարդիկ, ովքեր խոսքի ու ջերմության կարոտ են և ընկնում են մոլորեցնողների ծուղակը: Այսօր շատերը բացում են Ավետարանն ու առանց բացատրելու ասում` տես, գրված է` ձրի ստացար, ձրի տուր: Մենք ձրի ենք տալիս, իսկ եկեղեցում վաճառում են: Ու մարդիկ առանց վերլուծելու գոնե չեն հարցնում, քեզ ո՞վ է տվել, որ դու ձրի բաժանես: Իսկ ամենազարմանալին հետևյալն է. այն տասանորդը, որ պետք է վճարեն եկեղեցում, չարիք է դառնում, բայց շատ աղանդավորներ, ես տեսել եմ` մինչև իսկ վերջին շապիկներն են տալիս` առանց գիտակցելու: Ո՞րն է աղանդի խնդիրը. անձնական շահերից դրդված` մարդկանց մոլորեցնել, համախմբել, իրենց համար դաշտ ստեղծել, որ երկիրը քանդվի, հավատքը ջարդվի:

- Ըստ Ձեզ` ո՞րն է լուծումը:

- Ինձ համար անընդունելի են այդ միջազգային օրենքները, մարդկային խղճի ազատություն ասվածը: Այս ամենը պետք է վերևից կարգավորվի և արմատախիլ արվի: Ստեղծված իրավիճակից խուսափելու միակ ճանապարհը դա է: Եթե այս կամ այն օրենքը վնաս է տալիս մեզ ու մեր սերունդներին, այդ օրենքները մեզ պետք չեն: Պիտի պարզապես ավելի ազնիվ լինել. եթե որևէ մեկին ասես` միջազգային այս կամ այն օրենքն ընդունելու դեպքում, վաղը երեխադ փչանալու է, երբեք չի ասի` թող փչանա: Առաջնային հարցը պիտի դրվի պետական այրերի և հոգևոր դասի առջև: Որ մենք չենք ուզում այն, ինչը վիրավորում ու փչացնում է մեր սերունդներին: Ուրիշ տարբերակների ես չեմ հավատում: Ինչպե՞ս կարելի է հարաբերվել մի երկրի հետ, որն ինձ վնաս է տալիս: Տեսնո՞ւմ եք` ինչքան շատ են համասեռամոլները: Ասում են` բնությունը մեզ այսպիսին է ստեղծել: Այդպիսի բան չկա քրիստոնեության մեջ: Բնությունը չի´ կարող շեղել:

Վերադառնալով աղանդներին` պիտի այնուամենայնիվ ասեմ, որ մեղավոր են նաև խայծը կուլ տվողները: Ավետարանն ասում է, երբ որ ձեռքդ գողություն է անում, կտրի գցի, մենք դա բառացի ենք հասկանում. պիտի պարզապես հարվածես այդ ձեռքին, որը կաշառք է տալիս: Բայց կաշառք ընդունողը ևս մտնում է գործարքի մեջ: Մեղավորը նաև նրանց հետևից գնացողն է:

- Հոգեորսները տիրապետում են մոլորեցնելու մեթոդներին, և մարդիկ շատ հաճախ առանց գիտակցելու հետևում են նրանց: Այս դեպքում ինչպե՞ս տարբե-րակել, թե ո՞րն է քայքայիչ աղանդը:

- Եթե գիտես` որտեղ ես ծնվել, ինչ միջավայրում, ինչ օջախում, եթե լսել ես մորդ օրօրոցայինը, բացառված է չիմանաս ինչ բան է Հայ Առաքելական Եկեղեցին: Գիտես, որ սա է քո Եկեղեցին, և դու մեղք ես գործում` հեռանալով: Ինձ համար անհասկանալի է` դժվա՞ր է հիշել, թե տատն ինչ աղոթք է արել, ում անունն է տվել ու խաչակնքել:

- Սակայն բոլորն են խոսում Հիսուս Քրիստոսի անունից, և հենց դա էլ դառնում է գլխավոր զենքը:

- Եթե նույնիսկ խոսում են ու ասում, որ Հայ Առաքելական Եկեղեցին սխալ է, մի՞թե դժվար է հասկանալ, որ հազարամյակների պատմությունը չի կարող սխալ լինել:

- Դուք նշեցիք, որ քրիստոնյան պիտի ճանաչի և ձգտի դեպի իր Հոր տուն, սակայն աղոթելու, եկեղեցի գնալու պահանջը պետք է հոգուց բխի…

- Եթե նա հավատարիմ մնա իր արմատներին, այդ պահանջը կլինի: Մուսուլմանն իր երեխային դեռ մանուկ ժամանակ տանում է մզկիթ, հետո նա ծառ է դառնում, պտուղ է տալիս: Իսկ այդ ծառը կտրելն անհնար է: Մենք հեռացել ենք քրիստոնեական խորհուրդներից: Եթե ապրենք դրանցով` ամեն ինչ լավ է լինելու… Պարզապես պիտի կարողանանք չարիքն արմատախիլ անել, փակել բոլոր ճանապարհները, ո´չ ասել այն օրենքներին, որոնք սպառնում են մեր սերունդներին: Մենք պիտի ապրենք մեր երկրում, սերունդ դաստիարակենք: Ես չեմ հավատում, որ որևէ իրական հայ ցանկանա ապրել ուրիշ տեղ, ես չեմ հավատում, որ իսկական հայ քրիստոնյան ուզենա դառնալ աղանդավոր, չկա այդպիսի բան: 

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ