Հեռացավ նահապետը


 

Մոտ մեկ ամիս առաջ պայմանավորվել էինք Էդվարդ Միրզոյանի հետ, որպեսզի հարցազրույց տար մեր թերթին: Հանդիպումն անընդհատ հետաձգվում էր, սակայն խոստանում էր, որ անպայման կհանդիպենք: Հիմա այլևս չենք հանդիպի, սակայն ամեն անգամ նրա երաժշտությունը լսելիս կփառավորվենք, կհրճվենք, կհպարտանանք, որ ժամանակակիցն ենք եղել, որ տեսել ենք մեր երաժշտության մեծագույն դեմքերից մեկին, իսկական նահապետին...…

Հայաստանը դեպի անսահմանություն ճանապարհեց Էդվարդ Միրզոյանին` 20-րդ դարի հայ երաժշտության վերջին մեծանուն ներկայացուցչին, շքեղ փաղանգի վերջին մոհիկանին: Արամ Խաչատրյան համերգասրահի մուտքի մոտ նրա մեծադիր լուսանկարն էր` իրեն այնքա˜ն զարդարող և իր էության մաս կազմող ժպիտը դեմքին: Էդվարդ Միրզոյանին անհնար էր պատկերացնել առանց ժպիտի, առանց իր սրախոսությունների, զարմացնող-հիացնող հումորի: Սիրում էր կատակներ անել, փայլել իր արտասովոր սրամտությամբ, սակայն զարմանալիորեն լուրջ ու երբեմն էլ ողբերգական էր նրա երաժշտությունը` այնքա˜ն մոտ համաշխարհային դասական երաժշտության լավագույն դրսևորումներին: Նա իր ստեղծագոր ծությամբ խորհրդանշում էր մի հզոր ժամանակաշրջան, գեղարվեստական առինքնող հաստատումների և փոթորկումների այն ժամանակաշրջանը, որը ձևավորեց ազգային սիմֆոնիզմի ավանդույթները, ստեղծեց բազմաթիվ ստեղծագործություններ, որոնց մի մասը հարստացրեց համաշխարհային երաժշտությունը: Էդվարդ Միրզոյանը ծնվել էր Վրաստանի Գորի քաղաքում` անվանի երաժիշտ, երգահան ու մանկավարժ Միքայել Միրզայանի ընտանիքում: Նշանավոր դարձած «Տոնածառ ջան, տոնածառ» երգի, «Ճպուռն ու մրջյունը» մանկական օպերայի հեղինակ Միրզայանի որդին վաղ ճաշակեց երաժշտության հմայքը, 1941-ին ավարտեց Երևանի պետական կոնսերվատորիայի Վարդգես Տալյանի ստեղծագործական դասարանը: Հետագայում նշանավոր կոմպոզիտոր դարձած Էդվարդ Միրզոյանը միշտ մեծագույն հարգանքով էր խոսում իր ուսուցչի մասին, պատմում նրա ընտանիքի, նրա անսահման համեստության մասին: Բայց ավելի հաճախ հիշում էր կոմպոզիտոր-ուսուցչի հմայքառատ կնոջը` Շահանդուխտին, ում ռուս մեծ բանաստեղծ Սերգեյ Եսենինը նվիրել է իր «Պարսկական մոտիվներ» բանաստեղծական շարքը` «Շահանե, իմ Շահանե» հռչակավոր դարձած բանաստեղծությամբ: 1946-1948 թվականներին Էդվարդ Միրզոյանը մեկնել է Մոսկվա, սովորել Հայկական մշակույթի տան երաժշտական ստուդիայում, որտեղ էլ մտերմացել է Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի և Ադամ Խուդոյանի հետ: Այս հնգյակը հետագայում ահռելի դեր կատարեց հայ նորագույն երաժշտության մեջ, այս հնգյակով պայմանավորվեցին 20-րդ դարի երկրորդ կեսի հայկական սիմֆոնիզմի կարևորագույն ձեռքբերումները:

Էդվարդ Միրզոյանի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավում նրա ռոմանսները: