Թագավորին անարգել են


 

Ասում ենք` արվեստն ազատ մտքի թռիչք է, արվեստագետն` ազատ մտածողության կրող, ով այլ` գերազանցապես գեղագետի հայացքով է նայում աշխարհին: Բայց պարզվում է, այդ ազատությունը երբեմն դեմ է ուրիշների նախասիրություններին: «Բնորդի» և գեղանկարի մի այդպիսի անհամատեղելիությունն օրերս մեծ աղմուկ է հարուցել Շվեդիայում:

Նշանավոր նկարչուհի և լուսանկարչուհի Էլիզաբեթ Օլսոն Վալինը Բելգրադում բացված ցուցահանդեսում ներկայացրել է մի կտավ, որը պատկերում է շվեդ Կառլ XVI Գուստավ թագավորին` փոփ երգչուհի Կամիլա Հենեմարկի մերկ մարմնի վրայից պիցցա ուտելիս (գրել է The LocΖl պարբերականը): (Ասում են, թե իբր նախկինում թագավորը սիրավեպ է ունեցել երգչուհու հետ): Սաստիկ վիրավորական է ներկայացված նաև երկրի թագուհին. նա ծնկաչոք` հատակից սրբում է կեռխաչի (սվաստիկա) պատկերը: Ահա քեզ ազատ արվեստի կամ արվեստի ազատության նմուշ:

- Համբերությունն էլ սահմաններ ունի: Այդ աշխատանքը վիրավորական է և վնասաբեր. դա տխմար դիտավորություն է պարունակում,- հայտարարել է թագավորական պալատի ներկայացուցիչը` պաշտոնական հաղորդագրության մեջ:

Բայց նկարչուհին չի պատրաստվում ներողություն խնդրել իր այդ ստեղծագործության համար: Նա ասել է, որ թագավորը բավական ժամանակ է անցկացրել կասկածելի հաստատություններում, իսկ իր կտավը «ցույց է տալիս, թե կանանց հետ ինչպես են վարվում նմանատիպ ակումբներում» (պարզաբանել է «Ինտերֆաքս»-ը): Նա ընդգծել է նաև, որ ինքը բնավ «մոլի հակա-միապետական չէ»: Խնդիրն այլ է. արվեստագիտուհու կարծիքով Շվեդիայում պակասում է սատիրայի կուլտուրան.

- Մեզ մոտ` Շվեդիայում սատիրան շատ քիչ է. այն բավարար չափով չի զարգացած: Մենք չենք համարձակվում արտահայտել մեր կարծիքները և առավել ևս` բանավեճի մեջ մտնել: