Ով ում է ում քարոզում


  այն էլ` միասեռականություն

Հասարակությունը հազիվ էր ուշքի եկել բազմազանության շքերթներից ու մարդու իրավունքների պաշտպանների «սրտակեղեք» ճառերից, դարձյալ բախվեցինք եղկելի այս երևույթին. կրկին միասեռականության բացահայտ քարոզ:

Այս անգամ էլ եվրոպական այս մերժելի ու անընդունելի «արժեքների» ջատագովը Գերմանիայի դեսպանությունն ու ԵՄ պատվիրակությունն են, որոնց համատեղ ջանքերով մայրաքաղաքում կազմակերպվում է միասեռականների իրավունքների պաշտպանություն քարոզող սերբական «PΖrΖdΖ» ֆիլմի ցուցադրությունների շարք: Այն էլ` Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, որի ամենահավանական հանդիսատեսը մանուկներն ու դեռահասներն են: Ի դեպ` բավական մեծ «համբավ» վայելող ֆիլմը ցուցադրվում է բավական փոքր դահլիճում: Դե, այս դեպքում կարևորը թիրախային լսարանն է: Ֆիլմի առանցքային թեման Բելգրադում միասեռականների հպարտության շքերթ կազմակերպելու երկրորդ փորձն է: Հիշեցնենք, որ 2001-ին առաջինը ճնշվել ու ավարտվել էր բռնությամբ:

Հենց նույն Գերմանիան, այս տարի օրենքով արգելել է միասեռականների այսպես կոչված ամուսնության օրինականացումը` հավանաբար պատկերացնելով դրա կործանարար հետևանքները: Ուրեմն ինչո՞ւ է անբարոյականություն քարոզում մեր երկրում, ինչո՞ւ է ձգտում ապականել ամենախոցելի խավին` դեռահասներին: Ինչո՞ւ մի անգամ չփորձեցին դիցուք` բարձր արժեքներ քարոզող ֆիլմ ցուցադրել:

Բնականաբար ակցիան մեր հայրենակիցների արդարացի զայրույթն է շարժել: Նախօրեին Գերմանիայի դեսպանատան դիմաց «Հայազն» միությունը բողոքի ցույց էր կազմակեր պել: Մի խումբ երիտասարդներ արդարացի պահանջով իրենց ցասումն ու ընդվզումն էին արտահայտում:

Դեսպանատան աշխատակիցները սակայն, աշխատանքային օրվա ավարտից առաջ փակել էին դեսպանատունը:

- Նման ակցիաներ շատ են կազմակերպվել: Սակայն սա աննախադեպ է, քանի որ մանկապղծություն է պարունակում: Ի դեպ, մեր ուսումնասիրությունների համաձայն` շատ հետաքրքիր զուգադիպությամբ բոլոր այն երկրներում, որտեղ այս ֆիլմը ցուցադվել է, ցուցադրության վայրերը ինչ-որ ձևով կապվում են մանուկների կամ դեռահասների հետ,- իր մտահոգությունն է արտահայտում «Հայազն» միության կենտրոնական մարմնի անդամ Արմեն Մկրտչյանը:

Ֆիլմն արդեն դիտած մեր հայրենակիցները վստահեցնում են, որ այն հեշտությամբ կարող է մեծ ազդեցություն ունենալ հատկապես դեռահասների հոգեբանության վրա: Ֆիլմը խղճահարություն է առաջացնում միասեռականների նկատմամբ:

Քաղաքագետ Արմեն Աղայանի կարծիքով.

- Առավել վտանգավորը ոչ թե այս ակցիան, այլ այն քաղաքականությունն է, որ հիմնականում Եվրոպական միության անդամ երկրների կողմից իրականացվում է ոչ միայն Հայաստանում: Մի արժեհամակարգ, որը հետպատերազմյան տարիներին ներդրվեց հենց իրենց մոտ, ըստ էության ոչնչացման եզրին է հասցրել այդ երկրները` ժողովրդագրական, բարոյական, ընտանիքի ինստիտուտի առումով: Այդ ազգերը դադարել են ուղղակի վերարտադրվել: Հիմա իրենք այս երևույթը փորձում են արտահանել Հայաստան և այլ երկրներ: Մեր խնդիրներն ավելի բարդ են, քան որևէ եվրոպական երկիր կարող է երևակայել, մեզ համար այդ քաղաքականությունը շատ ավելի կործանարար կարող է լինել` եթե թույլ տանք: Մի յուրօրինակ սպառնալիք եմ տեսնում այս ակցիայի մեջ: Տեսեք սերբերը, որ ձեզնից շատ ավելի լավ բողոքում էին 2001-ին, տեսեք 10 տարի հետո մենք նրանց ինչպես կոտրեցինք, նրանք արդեն շատ հանդուրժող են, ցանկացած անբարոյական բան այսպես պատվերով ընդունում են: Սա նաև լուրջ մարտահրավեր է: Եթե մտածում են իրենց երկրների անվանակիր ազգերի ապագայի մասին, թող մտածեն այդ ազգերի ընտանիքի ինստիտուտը քաջալերելու մասին:

Տխրահռչակ «PΖrΖdΖ»-ն նախատեսված էր ցուցադրել նաև Թումանյան փողոցի վրա գտնվող «The club» ակումբում: Սրա մենեջեր ներկայացած Ռոբերտը տեղեկացրեց, որ ինքն է ընդունել ֆիլմի ցուցադրման պատվերը, սակայն բովանդակության մասին չի իմացել: Եվ բովանդակությանը ծանոթանալուց հետո պարտավորվեց չցուցադրել այն: Ուզում ենք հավատալ: Սակայն առանց բովանդակությանը ծանոթանալու որևէ ֆիլմի ցուցադրման պատվեր ընդունելը, մեղմ ասած, անտրամաբանական է: 

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ