ՄԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ՀԱՐԿԻ ՏԱԿ 


 

Հայաստանի զբոսաշրջային մեծ ներուժի մասին հաճախ ենք գրում, հաճախ ենք մտահոգություն հայտնում, որ տակավին հապաղում ու չենք ձեռնարկում համապատասխան քայլեր մեր երկիրը հրապուրիչ դարձնելու և զբոսաշրջային ինդուստրիան զարգացնելու համար: Պարզվում է, որ ինչքան հապաղում են պետական ծրագրերն ու համակարգված քաղաքակա նությունը, այնքան շատ են ի հայտ գալիս գործարար ու նախաձեռնող մարդիկ, ովքեր սեփական ջանքերով փորձում են լուծել կարևոր համարվող խնդիրը:

Այսպիսի հյուրընկալ մի օջախ կա Ալավերդիում: Միանգամից տանտիրուհին իր հարկի տակ կարող է տեղավորել 20 հոգու` ապահովելով անհրաժեշտ պայմաններով: Օրավարձն ընդամենը 6 հազար դրամ է, իսկ ծառայությունների մեջ մտնում են գիշերումը, բաղնիքը, նախաճաշը, երբեմն նաև ընթրիքը` եթե հյուրերը կամենում են հավաքվել մի հարկի տակ: Նման սակագինը մատչելի է, շատերն են ձգտում այստեղ: Տանտիրուհին պատմում է, որ հյուրեր է ունենում աշխարհի տարբեր երկրներից, ովքեր գալիս են ծանոթանալու Հաղպատին ու Սանահինին, Լոռվա հատկապես փոքր գյուղերին, որոնք պահպանել են իրենց նախնական գեղեցկությունն ու առանձնահատկությունները: Մեր հյուրընկալվելու պահին հյուրեր կային Լատվիայից, Գերմանիայից, Իսրայելից, Ավստրալիայից և Ֆրանսիայից: Հյուրերի հետ տանտիրուհին շփվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով, իսկ ֆրանսախոսների հետ շփումները տեղի են ունենում հարևանուհու միջոցով, ով ֆրանսերենի ուսուցչուհի է: Տանտիրուհին տրամադրում է ուղեցույցներ, պատմում երկրամասի մասին, ծանոթացնում հայկական խոհանոցի գաղտնիքներին:

Ինչպես տեղեկացանք, Լոռու մարզում նման հյուրատների թիվն անցնում է տասից: Այսինքն, գործում են պաշտոնական գրանցում ստացած մասնավոր կառույցներ, որոնք ընտանեկան բիզնես լինելով` նպաստում են զբոսաշրջության զարգացմանը, լուծում ոչ մեծաթիվ աշխատատեղերի հարցը: Գլխավոր մտահոգությունն այն է, որ բանկերը շարունակում են դժվարություններ ստեղծել վարկերի տրամադրման հարցում` մարզերը համարելով ռիսկային գոտիներ: Մինչդեռ վարկավորման դեպքում այս հյուրատների թիվը կարող է բազմապատկվել, իսկ դա նշանակում է, որ հարմարավետ պայմանները կմեծացնեն զբոսաշրջիկների հոսքը դեպի մեր երկիր:

Մի խնդրի մասին ևս խոսում են հյուրատների սեփականատերերը: Նրանք ցավով են արձանագրում, որ զբոսաշրջության խնդիրներով զբաղվող գերատեսչություններն առավելապես հակված լինելով մեծամասշտաբ ծրագրերով չեն կամենում ուշադրություն սևեռել փոքր ու միջին զբոսաշրջային ինդուստրիային: Մինչդեռ դա շատ հաճախ կարող է ավելի շահավետ լինել, որովհետև Հայաստան եկող զբոսաշրջիկներից շատերը բողոքում են հյուրանոցների թանկ գներից, նրանք կամենում են լինել ընտանեկան միջավայրում, մոտիկից շփվել ազգային կենցաղին: 

Լ. ՄՈՒԹԱՖՅԱՆ