ԱՆԱՆՑԱՆԵԼԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ և ՄՈԼՈՐՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ


 

Լոռու մարզը շատերն են համարում զբոսաշրջության լավագույն կենտրոններից մեկը: Ու սա սուբյեկտիվ կարծիք չէ: Այստեղ են գտնվում շատ վաղուց մշակութային համաշխար հային ժառանգության մաս կազմող Հաղպատ և Սանահին վանքերը, Օձունի նշանավոր եկեղեցին, այլ պատմամշակութային հուշարձաններ, որոնցից մի մասը բացառիկ ու եզակի է իր ճարտարապետական հղացումներով: Այս տարի, ինչպես տեղեկացանք Ալավերդու քաղաքապետարանից, կտրուկ ավելացել է զբոսաշրջիկների թիվը, մեծացել է օտարերկրացի ների հոսքը դեպի Լոռի: Սակայն հայտնվելով Լոռիում` շատերն են զարմանում ու հիասթափվում` տեսնելով միջպետական ճանապարհի մի շարք հատվածների ավերածությունները, գրեթե կիսաքանդ և մթնում կորած թունելները, որոնք շատ հաճախ ստեղծում են վթարավտանգ իրավիճակներ:

Հատկապես անբարեկարգ է Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը, որն ամենաբանուկներից մեկը լինելով` առիթ է տալիս խցանումների, վթարների: Անբարեկարգ են նաև դեպի պատմավայրեր տանող ճանապարհները: Ճիշտ է, իր բնական լանդշաֆտով առանձնացող Լոռիում անհնար է ունենալ հարթ և ուղիղ ճանապարհներ, սակայն կարելի է գոնե ոլորանները բարեկարգել, որոշ հատվածներում լուսավորություն անցկացնել:

Ճանապարհաշինությունը դուրս է մարզային ենթակայությունից, դրա համար գոյություն ունեն առանձին պետական ծրագրեր, սակայն այդ ծրագրերի մի մասն էլ տակավին իրականություն չի դառնում` ֆինանսական միջոցների սղության պատճառով: Նման խոշորամասշտաբ ծրագրերը կյանքի կոչելու համար հարկավոր է կիրառել միջազգային փորձն ու օգտագործել նաև գործարարների և ներդրողների ներուժը: Երկրի նախագահի` վերջերս արած դիտողությունները վկայությունն են այն իրողության, որ քաղաքաշինության և ճանապարհաշինության ոլորտներում երբեմն աննպատակահարմարությունն ու անծրագրայնությունը հասցնում են իրավիճակների բարդացումների: