ՔԱՐԱԿԵՐՏ ՊԱՏԱՐԱԳ


Զարմանալի հոգևոր ներուժ ունի Լոռվա բնաշխարհը, սերնդեսերունդ փոխանցվող անբացատրելի կախարդանք, որ, ներթափանցելով հոգուդ գաղտնարանի խորքերը, հարստացնում է երևակայությանդ բանաստեղծական սլացքը£ Երբ կենդանացնում ես Ալավերդին օղակած 3 սարահարթերի վրա տիրաբար բազմած Օձունի, Սանահինի և Հաղպատի վանական համալիրների քարակերտ գանձանակից երբևէ ստացածդ տպավորությունները, ակամա թումանյանախոս ես դառնում. - Էս տախտի վրա աղոթում մի վանք, Էն ժայռի գլխին հսկում է մի բերդ… Չկա մի անկյուն, որտեղ մասունքի նման սփռված չլինեն հայկական քանքարի վաղնջական քարակոփ խոսուն վկայագրեր£ Հեռավոր Արդվիի հպարտություն Սբ. Հովհան Իմաստասեր կաթողիկոս Օձնեցու դամբարանը (VIII դ.)` մոգական զորությամբ զանգակատնով, Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին (VI դ.), հարյուրավոր հին ու նոր խաչարձաններ£ Միայն Հաղպատում ու Սանահինում (1967¬ից` Ալավերդու շրջագծում ներառված) քարագործ վարպետները եռադար տքնանքով 20 եկեղեցի, 4 գավիթ, ժամատներ, զանգակատներ, դամբարաններ, սյունասրահներ, սեղանատներ, գրադարաններ ու ճեմարաններ են կերտել բարձր արվեստով£ Քարակերտ այս պատարագը մարդացնող առեղծվածային, աստվածային խորհուրդ ունի` ամոքող ու զգաստացնող£ Միաժամանակ£ Կարծես աներևույթ մաքրագործում է ներաշխարհդ, ակնածանք ներշնչում£ Ազգապահպան քրիստոնեական հավատի հիմնականում, ավաղ, ավերակված, այս քարե կոթողներում կարծրացել է անեղծ աղոթքի մրմունջը£ Պատահաբար չէ, որ, օտարների հոծ բազմության անընդմեջ հրապուրելով, Հայաստանը «թանգարան` բաց երկնքի տակ» է հռչակվել աշխարհով մեկ£ Պատահաբար չէ, որ անաստված տասնամյակներով խլացված այդ մրմունջը, կուտակվելով, լսելի է դառնում հոգևոր ապավեն որոնող ներկայիս հայեցողներին£ Ներքին մղում նաև հարուցելով վերադարձնելու դրանց երբեմնի համարումը£ Չէ՞ որ կոնկրետ սիրո առհավատչյա են մեծամասնությունը. Խոսրովանույշ (Սբ. Ամենափրկիչն ու Սբ. Նշանը), Վանենի (Սանահնի վանք տանող առյուծաքանդակ միջնադարյան կամուրջը), Հրանուշ (նշխարատուն-գրատունը) թագուհիների և հայտնի ու անհայտ ուրիշ մեծատոհմիկների (Կյուրիկյանների, Զաքարյանների…), շինարար-վարպետ ների (Սարգսի, Գրիգոր Տուտեորդու, Ժամհայրի)£ «Տե°ր, կեցցո դու զհայս» են ցայսօր ձայնում£ Դարերի փորձությանը դիմագրավելով` դրանցից շատերը մեր մշակութային ժառանգության գոհարներն են բազմապատկել£ Ազգային սնապարծության անթաքույց զգացողությամբ, լիիրավ տերը մեզ համարելով նախնյաց ստեղծած անչափելի կարողության` խնամքի կարոտ ենք թողնում բացօթյա տարերքի արհավիրքներից դեռևս իսպառ նախնական հմայքն ու փառքը չկորցրած, կանաչով ու խորարմատ ծառերով պատված քարե մասունքները£ Փլուզված տնտեսությամբ տեղաբնակների հանապազօր կեցությունն է անկարելի կանոնավոր հոգալ£ Պետական ծանրակշիռ ներդրումներ, անհատ ձեռներեցների վերականգնողական նախաձեռնությունները կյանքի կոչող հարկային արտոնություններ են անհրաժեշտ ճարտարապետական անզուգական կոթողների իրական արժանավորությամբ զբոսաշրջիկներին գայթակղելու համար£ Փառք Աստծո, իրենց տկար հնարավորություն ներով այստեղ մարդիկ մասնակի բարեկարգում ու պահպանում են իրենց հող ու ջրի հարստությունը, սերնդեսերունդ փոխանցում պատմական անուրանալի նշանակությունը£ Զարմացնում են իրազեկվածությամբ ամեն մի որմնասյան ու հարթաքանդակի, խաչքարի ու ժամատան տարեգրությանը£ Թե ներկայիս հոգևոր հովիվները, թե մարզի ու քաղաքի իշխանավորները և թե, որ ամենակարևորն է, սոցիալականի կրունկի տակ արժանապատվությունն ու սեփական հոգու պաշարները պահպանող հասարակ մարդիկ£ Թե Սանահինի մոմավաճառ Սոխակը, թե Օձունի հոգեզարթոնքին հաստատակամորեն նվիրված տեր Վրթանեսը£ Անմոռանալի են տեր Վրթանեսի խորագետ հոգատարությամբ առլեցուն Հայոց հոգևոր ու աշխարհիկ մշակույթի, պատմության դասերը, հոգևոր հավատի հաղթանակի կամքով շաղախված նորօրյա պատարագ£ Ինքնահատուկ երազկոտ իրատեսությամբ` նրանք ժամանակների հրոսակներից կարողացել են փրկել գեթ հոգևոր գանձերը` թույլ չտալով բռնի ճերմակեցնել ապրված կենսափուլերի բովանդակությունն ու գլխավոր արարիչներին£ Այսպես տաքգլուխ բնաջնջումից ազատագրվել է 240-ամյա պղձնագործարանի աշխատանքային փառքի թանգարանը£ Այսպես հակախորհրդային հիստերիայի նսեմացնող հեղեղի հորձանուտից փրկվել է Սանահինի հպարտություններից քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի անունն ու գործը` մեկտեղվելով ԽՍՀՄ ռեակտիվ ավիացիայի պիոներ կրտսեր եղբոր` Արտեմի հիշատակն ապրեցնող տուն-թանգարանում£ Հատկանշական է, որ առաջինի պահպանության անկոտրում ջատագով Ավետ Թամազյանի նախաձեռնությամբ է երկրորդում բացառիկ էքսկուրսիա անցկացնում հիմնադիր¬տնօրենի` Նուշիկ Միկոյանի դուստրը` Հայկանուշը, ով կարողանում է պատշաճ արժևորել թե մոր, թե նրա երջանկահիշատակ հորեղբորորդիների տասնամյակների նվիրումը իրենց նախընտրած տարբեր ոլորտներում£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ