Մտրակահարել են արքայազնին


Թագավորական ընտանիքի անդամ լինելը, փաստորեն, արտոնություն չէ Սաուդյան Արաբիայում: Արքայազն արտոնյալ չէ այնքան, որ կարողանա անպատիժ մնալ` հանցանք գործելուց հետո: Եվ ոչ մեկին չի զարմացրել փաստը, որ արքայական ընտանիքի զավակ Ալ Սաուդը մտրակահարության և բանտային կալանքի է ենթարկվել` հանցանք կատարելուց հետո: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով սաուդյան «Ալ-Օկազ» թերթի հրապարակումը:

Պարբերականի ունեցած տվյալներով` արքայազնին մտրակով ծեծել են երկրի արևմուտքում գտնվող Ջիդդա քաղաքի բանտում: Ծեծելուց առաջ բժիշկը հավաստել է, որ պատժի այդ տեսակի համար մեղադրյալի օրգանիզմը բժշկական հակացուցումներ չունի:

Արքայական ծագումը, թերևս, կողմնապահության է մղել` իրավապահներին կամ լրատվամիջոցներին. հրապարակելով հանդերձ, որ Ալ Սաուդը հանցանք է գործել` չի նշվում, թե ի՞նչ հանցանք:

Մեկ ամիս առաջ` հոկտեմբերին, Սաուդյան Արաբիայի իշխանություններն ի կատար ածեցին սաուդյան մեկ այլ արքայազնի` Թուրքի բեն Սաուդա Ալ Քեբիրայի մահապատժի վճիռը: Նա ծայրահեղ այդ պատժին դատապարտվել էր ընկերոջը` Ադիլ ալ-Մհեյմիդին սպանելու համար: Թագավորական ընտանիքի ներկայացուցչին մահապատժի ենթարկելու առաջին դեպքը Սաուդյան Արաբիայում տեղի է ունեցել 1970-ական թթ. (գրել է Tengrinews.kz-ն):

Իսկապե՞ս ծայրահեղորեն արդարամիտ են սաուդցիները` դժվար է ասել, բայց փաստ է, որ նման հետևողականությունը նախ կզսպի էլիտայի ներկայացուցիչներին` ամբարտավան, վայրագ չլինել և դաս կլինի մյուս բոլորի համար: