Անվճար դեղորայք` ՄԻԱՎ-ի դեմ


Իր վերջին փուլում ՁԻԱՀ դարձող քրոնիկ վարակային այս հիվանդության կանխարգելումն առանց պետական միջամտության, երևի, իսկապես անկարելի է: Իսկ պետության համար գլխավորն իր քաղաքացիների առողջությունը պետք է լինի: Նորվեգիան, ահա, աշխարհի առաջին պետությունը դարձավ, որն առողջապահության պետական ծրագրում ընդգրկել է ՄԻԱՎ-ի կանխարգելումը:

Նորվեգիայում ապրում է 5,65 հազար ՄԻԱՎ - վարակակիր. նրանցից 3,8 հազարը տղամարդիկ են, 1,8 հազարը` կանայք: Նրանք և ռիսկային խմբերում ընդգրկված բոլոր նորվեգացիները կարող են իրենց օրգանիզմի պաշտպանական (իմունային) համակարգը վերականգնող թանկարժեք դեղորայքը ստանալ անվճար:

Երկրի սոցապահովության նախարար Բենտա Հեյեն հավաստիացրել է, որ իշխանությունների կողմից անվճար սոցփաթեթներում ներառվելիք բուժամիջոցները 92-99 %-ով նվազեցնում են մահացու այդ հիվանդությամբ վարակվելու հավանականությունը:

Նմանատիպ նախաձեռնություններ արդեն առկա են նաև Կանադայում, Ֆրանսիայում, Հարավային Աֆրիկայում և ԱՄՆ-ում, սակայն այդ երկրներից և ոչ մեկում դեղորայքը չի հատկացվում անվճար ու առանց դեղատոմսի (տեղեկացրել է vesti-ru-ն):